Երբեմն ես կարդում եմ, թե տեսեք՝ Գագիկ Բեգլարյանին ազատեցին աշխատանքից՝ մարդուն վիրավորելու կամ գուցե ապտակելու համար, իսկ Տիգրան Ավինյանին՝ հոր անկեղծ, բայց ամբարտավան բառերի համար չեն ազատում:
Դեպքերը անհամեմատելի են: Բեգլարյանի հարձակման զոհը շարքային քաղաքացի չէր, այդ մարդը նախագահական նստավայրի, այսպես ասած, «կամերդիներներից» մեկն էր: (Ի հակադրություն դրա’ ենթադրյալ «Օպել քշողը» միանգամայն շարքային է): Այդ համեմատությունն ինձ դրդեց հիշել, թե ինչ է «պրոտոկոլը»: Ցանկացած պետությունում «բարձր գերատեսչություններում» գոյություն ունի, այսպես կոչված, արարողակարգի ծառայություն:
Այնտեղ աշխատող «կամերդիներները» խստորեն հետեւում են, թե ով ում կողքին պետք է կանգնի կամ նստի, ով ում պետք է փոխաբերական իմաստով «չեստ տա» եւ որ անկյան տակ մեջքը ծռի: Հասկանում եմ, որ նման «պրոտոկոլներ» ունենալը պետական անհրաժեշտություն է:
Պարզապես կան մարդիկ, որոնց արյան մեջ առկա է այդ «պրոտոկոլիզմը», եւ կան այնպիսի մարդիկ, որոնց մոտ այդ «բյուզանդական ծիսակարգերը» ալերգիա են առաջացնում, եւ այդ մարդիկ, բնականաբար, չեն կարող աշխատել պետական-բյուրոկրատական համակարգում: Կա նաեւ միջանկյալ տարբերակ. մարդիկ, որոնք «աշխարհիկ կյանքում» առաջին հայացքից ամենեւին «պրոտոկոլիստ» չէին, ընկնելով արարողակարգային միջավայր, իրենց զգում են ինչպես ձուկը ջրում եւ մեծ խանդավառությամբ հետեւում են բոլոր ծեսերին:
Բայց կան գործողություններ, որոնք տարեցտարի, տասնամյակներով կրկնվում են եւ աստիճանաբար ձեռք են բերում արդեն իսկ ծիսակարգային կարգավիճակ: Օրինակ, հենց որ իշխանություն է փոխվում, բարձրագույն իշխանավորների կաբինետների մոտ խոշոր գործարարները (կան օլիգարխները կամ «հաջողակ տղամարդիկ»` ինչպես ուզում եք, անվանեք) հերթ են կանգնում՝ օճառը ձեռքին: Ժամանակն է դրա մասին նույնպես «պրոտոկոլ» գրել: Որովհետեւ հաջորդ իշխանափոխությունից հետո նույնն է լինելու:
Արամ Աբրահամյան; Առավոտ օրաթերթ
Բաց մի թողեք
Իրավապահ համակարգը, վստահաբար, գիտակցում է, որ դարձել է փաշինյանին ու ռեժիմին ծառայող կլասիկ բռատիրական գործիք. Գալստյան
#Նիսյա Հայաստան․ Ինչքան էլ կառավարությունն իրեն շլանգի տեղ դնի` ակնհայտ է չէ՞, որ վրացիները ինչ-որ բանից ահավոր դժգոհ են․ Նահապետյան
Հայաստանը իրականացնում է հերթական զիջումը՝ դիմացը ստանալով ոչինչ, բացարձակ ոչինչ. Առաքելյան