«Թուրքիայի ձայն» թելեգրամ-ալիքը հաղորդում է, որ Միացյալ Նահանգները Սիրիայի հյուսիսում «նոր ռազմակայան է ստեղծում»:
Ըստ տեղեկությունների՝ դեկտեմբերի վերջին օրերին այդ տեղաշրջանում մի քանի տասնյակ ամերիկյան զրահամեքենաներ են տեղաբաշխվել, իսկ հունվարի 3-ին բեռնամեքենաների շարասյունը տեղ է հասցրել բետոնասալիկներ, որ, ամենայն հավանականությամբ, նախատեսված են արտաքին պարիսպներ կառուցելու համար:
Այդ տեղեկությունները տարածվում են մի փուլում, երբ Անկարայում գրեթե համոզված են, որ քրդական ահաբեկչության խնդիրը մոտ ապագայում կլուծվի: Թուրքական մամուլը հայտնում է, որ քրդամետ DEM կուսակցությունից երկու պատգամավոր Իմրալի կղզու բանտում հանդիպել է ցմահ ազատազրկման դատապարտված՝ Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Օջալանի հետ:
Վերջինս, ըստ տեղեկությունների, խոստացել է հանդես գալ հայտարարությամբ և ՔԲԿ զինված խմբավորումներ կոչ անել դադարեցնել Թուրքիայի դեմ պայքարն ու անցնել քաղաքական գործունեության:
Այս լուրերի հավաստիությունը, երևի, հիմնավոր է: Օջալանի հետ բանակցություններից հետո քրդամետ պատգամավորները հանդիպում են ունեցել Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Բահչելիին, ծրագրվում է, որ նրանք քննարկումներ կունենան նաև Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Քուրթուլմուշի հետ: Քրդական հարցի «քաղաքական կարգավորմանը» դեմ չէ նաև ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը:
Խնդիրը, ըստ երևույթին, այն է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը քննարկում է Թուրքիայի նոր սահմանադրության ընդունման հարցը: Էրդողանը փորձում է քաղաքական ազդեցիկ ուժերի աջակցությունն ստանալ, որպեսզի իրավական ձևակերպում տրվի «նոր Թուրքիայի» նրա տեսլականին:
Ինչպիսի՞ երկիր է նա տեսնում՝ կարելի է ենթադրել Սիրիայի ապագա պետական-քաղաքական կառուցվածքի մասին Էրդողանի դիտարկումներից, որտեղ գերիշխում է ունիտարիզմին նախապատվությունը:
Այդ գերխնդիրը լուծելու հիմնական խոչընդոտ նա համարում է քրդական խնդիրը և սպառնում «երկաթե բռունցք» կիրառել, եթե Սիրիայի հյուսիսի քրդական ինքնակառավարումը չլուծարվի, «ահաբեկիչները զենքը վայր չդնեն և չհանձնվեն արդարադատությանը»:
Այդ հարցում Թուրքիայի գլխավոր մտահագությունը քրդական ինքնակառավարմանն ամերիկյան աջակցությունն է: Արտաքին գործերի նախարար Ֆիդանը նույնիսկ հիշեցրել է, որ նախագահության առաջին շրջանում Թրամփը խոստացել է Սիրիայի հյուսիս-արեւելքից ամերիկյան զորախումբը հեռացնել և «պետք է խոստումը կատարի»:
Թրամփի երդմնակալությանը շատ կարճ ժամանակ է մնացել: Եվ եթե թուրքական մամուլում և քրդական թելեգրամ-ալիքներում տարածված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, և Միացյալ Նահանգներն իրոք Քոբանիի շրջակայքում «ռազմակայան է հիմնում», ապա դա հազիվ թե հեռացող դեմոկրատների «վերջին արկածախնդրությունն է»:
Ըստ երևույթին, Սիրիայի ապագան Միացյալ Նահանգներին մտահոգում է: Մանավանդ Դամասկոսից տեղեկություն է ստացվում, որ «անցումային կառավարությունը որոշել է իսլամականացնել կրթական համակարգը»:
Իրավիճակին, անշուշտ, ազդում է նաև Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում ամանորի գիշերը տեղի ունեցած ահաբեկչությունը, ինչի առթիվ ընտրված նախագահ Թրամփն ասել է, որ դեմոկրատներն ԱՄՆ-ը «դարձրել են ծաղրուծանակի առարկա»:
Անցած գիշեր, ինչպես մի քանի աղբյուրներ են հաղորդում, իսրայելական օդուժը գրոհել է Հալեպի մերձակայքի մի քանի ռազմական թիրախներ: Հալեպը Թուրքիայի համար առանձնակի նշանակություն ունի:
Ըստ երևույթին՝ Նաթանյահուն այդպես է պատասխանել Ստամբուլի հանրահավաքին, որի ընթացքում Էրդողանի որդին ասել է, որ թուրքերը կաղոթեն նաև Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում: Մերձավոր Արևելքը նոր տարին դիմավորում է ավելի մեծ լարվածությամբ և անորոշությամբ, քան հրաժեշտ է տվել 2024-ին:
Ի՞նչ որոշում կընդունի Թրամփը: Նա վստահ է, որ Մերձավոր Արևելքի կայունությունն ավելի հնարավոր է, քան ուկրաիանական կարգավորումը: Բայց նա խոստացել էր «մեկ օրում կանգնեցնել» ռուս-ուկրաինական պատերազմը:
Բաց մի թողեք
Նոր լարվածություն Իրան – Ադրբեջան հարաբերություններում
Կոշտան դրսևորում է քաղաքավարությո՞ւն, թե՞ քաղաքականություն
Ինչո՞ւ են ռուսաստանցի օլիգարխները շարունակում գործել՝ չնայած պատժամիջոցներին