15/01/2025

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ում է խանգարում, ՌԴ կորցնելով Ուկրաինան կկորցնի նաև Կենտրոնական Ասիան

Tengrinews –ը թարգմանաբար ներկայացրել է «Ana tili» («Մայրենի լեզու») թերթին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ծավալուն հարցազրույցը, որից, երևի, արժե առանձնացնել երկու կարևոր հարցադրման մեկնաբանություն-պատասխանը:

Հարցին՝ ո՞րն էր Ղազախստանի ներքաղաքական ճգնաժամի և զանգվածային անկարգությունների պատճառը, Տոկաևը պատասխանել է, որ այդ իրադարձություններին նախորդել է իշխանության վերադառնալու մտադրության մասին նախկին նախագահ Նազարբաևի հայտարարությունը:

Նա խոստովանել է, որ օրենքով ունենալով «Ելբասիի» (ազգի առաջնորդի) կարգավիճակ և զբաղեցնելով Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, Նուրսուլթան Նազարբաևը փաստացի երկիշխանություն էր հաստատել: Տոկաևը հիշել է, որ այս փուլում պետական պաշտոնյաները և քաղաքական գործիչները կատակում էին, որ Նազարբաևը ոչ թե թողել է պաշտոնը, այլ ունեցել է առաջխաղացում, քանի որ նրան է ենթարկվում նաև նախագահը:

Ի՞նչ քայլերի է Տոկաևը դիմել, որ Նազարբաևը գործի է դրել իշխանությունը պահելու վերջին հնարավորությունը և նախկին ուժայինների և կլանային օլիգարխիայի միջոցով փորձել է պետական հեղաշրջում իրականացնել, այդ մասին Ղազախստանի նախագահը ոչինչ չի ասում:

Նա միայն հերքում է այն տպավորությունը, որ ինքը լինելով պրոֆեսիոնալ դիվանագետ՝ ավելի շատ արտաքին քաղաքական գործիչ է, ներքին կյանքի նրբություններին չի տիրապետում:

Տոկաևի այս դիտարկումը, կարծես, հասցեագրված է արտաքին շահագրգիռ ուժերին, առաջին հերթին՝ Ռուսաստանի իշխանություններին կամ առնվազն քաղաքական վերնախավի մի թեւին, որովհետև նա իրեն ներքին իրավիճակին լիովին տիրապետող է գնահատում այն հարցի պատասխանի համատեքստում, թե ի՞նչ կարծիքի է անցյալ տարեվերջին Մոսկվայում կայացած Պուտին-Նազարբաև հանդիպման մասին:

Ղազախստանի նախագահն ասում է, որ դա անցած տարվա Պուտին-Նազարբաև երկրորդ հանդիպումն է, առաջինի մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել: Նա այդպիսով , կարծես, հասկացնում է, որ տեղյակ է նախկին նախագահի բոլոր քայլերին:

Տոկաևն, իհարկե, պատշաճության սահմանը չի անցնում, ավելացնում է, որ Նազարբաևի կյանքի մեծ մասը կապված է Մոսկվայի հետ, որտեղ նա բազմաթիվ գործուղումների է եղել սկսած խորհրդային Ղազախստանի նախարարների խորհրդի նախագահ պաշտոնավարելու տարիներից , իսկ Պուտինի հետ «նրանք անձնական մտերիմներ են»:

Տոկաևի հարցազրույցն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, որովհետև Պուտին-Նազարբաև հանդիպումների մասին նրա մեկնաբանությանը հաջորդում է հարց, թե ճի՞շտ են, արդյոք, սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները, որ մտադիր է զբաղցենե ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնը, ուստի Ղազախստանին սպասում են նախագահական արտահերթ ընտրություններ,- ինչին հետևում է պատասխան, որ ինքը ժամանակին գլխավորել է ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակը՝ որպես կազմակերպության Գլխավոր քարտուղարի տեղակալ, իսկ Ղազախստանի ապագան երաշխավորելու ծրագրերը պետք է ավարտին հասցնի:

Նազարբաևի պաշտոնաթողությունից հետո Ռուսաստանի և Ղազախստանի հարաբերություններում «քիմիա» ակնհայտ դեֆիցիտ կա, ռուսաստանյան մամուլը Տոկաևին հաճախ է բավական թափանցիկ քննադատության ենթարկում: Բացառված չէ, որ նախկին նախագահ Նազարբաևը Վլադիմիր Պուտինի հետ քննարկում է Ղազապստանի ներքին կյանքին առնչվող հարցեր:

Տոկաևը, կարծես, խնդիրներ ունի նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի կամ «թուրքական աշխարհի» հետ: Կենտրոնական Ասիան «միասնական անվտանգության տարածաշրջանի» վերածելու նրա նախաձեռնությունն ակնհայտորեն չի ներգրվում «թուրանական բանակի» էրդողանական պատկերացումներին:

Բայց Տոկաևից Պուտինի և Էրդողանի դժգոհությունը բավարա՞ր է, որպեսզի եկող տարի նա ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար կարգվի, իսկ Ղազախստանում նոր նախագահ ընտրվի: Չպետք է ուշադրությունից դուրս թողնել, որ քաղաքական եվրասիականության առաջին գաղափարախոսը Նուրսուլթան Նազարբաևն է: Ա

շխարհաքաղաքական այդ նախագիծը ներկայումս ճգնաժամ է ապրում: Ռուսաստանցի գրեթե բոլոր վերլուծաբանները համարում են, որ Ուկրաինայում հաղթանակն աշխարհաքաղաքական կարևորություն չի ունենա, եթե Ռուսաստանը դրա փոխարեն կորցնի Կենտրոնական Ասիան: