Ալավերդու համայնքապետարանն 2024 թվականի հունվարի 9-ին 8 մլն 800 հազար դրամի պայմանագիր է կնքել Արտակ Գևորգյան ԱՁ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր ձեռք բերել աղբահանության ծառայություններ Ալավերդի համայնքի Շնող և Քարկոփ բնակավայրերի համար։ Այս մասին գրում է Հետքը։
Արտակ Գևորգյանն Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ Պայմանագիրը կնքվել է հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։
Համաձայն պայմանագրում առկա տեխնիկական բնութագրի՝ Արտակ Գևորգյանը պետք է Շնող և Քարկոփ բնակավայրերում տեղադրեր 50 աղբարկղ՝ 43-ը Շնողում, 7-ը՝ Քարկոփում։ Մեկ տարի շարունակ շաբաթական չորս անգամ պետք է իրականացվեր աղբահանություն։
Մենք գրավոր դիմեցինք Ալավերդու համայնքապետարան հականալու համար՝ ինչու է աղբահանության ծառայությունների պայմանագիրը կնքվել հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։ Համայնքապետարանից պատասխանել են. «Քանի որ 2023 թվականի դեկտեմբերի 30-ին լրանալու էր Ալավերդի համայնքի երկու բնակավայրերում աղբահանության ծառայության մատուցման պայմանագրի ժամկետը, 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Ալավերդու համայնքապետարանի կողմից օրենքով սահմանված կարգով հայտարարվել է «Հրատապության հիմքով մեկ անձից գնման ձեւ» տեսակի մրցույթ, որը հրապարակվել է Armeps.am էլեկտրոնային համակարգով։ Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 1 մասնակից»։
Հարց է առաջանում՝ արդյոք համայնքապետարանում չեն իմացել, որ պայմանագիրը լրանալու է դեկտեմբերի 30-ին։ Եվ արդյոք հնարավոր չէր նախապես մրցույթ հայտարարել՝ ապահովելով մրցույթի մասնակիցների ներառականությունը։
Մեր այն հարցին՝ արդյոք Արտակ Գևորգյանի ավագանու անդամ լինելու հանգամանքն ազդել է նրա հետ պայմանագիր կնքելու որոշման վրա, Ալավերդու համայնքապետարանից բացասական պատասխան են տվել։ «Իսկ ինչ վերաբերում է համայնքի ավագանու անդամ Արտակ Գեւորգյանի՝ հրապարակված մրցույթում հաղթող ճանաչվելուն, վստահաբար նշում ենք, որ համայնքի ավագանու անդամ լինելը, բնականաբար, չի կարող որեւէ ազդեցություն ունենալ մրցույթի արդյունքների վրա»,- ասված է համայնքապետարանի պատասխանում։
Համայնքապետարանից նաև տեղեկացրին, որ 2022 թվականին ևս Ալավերդու համայնքապետարանի հայտարարած աղբահանության մրցույթում հաղթող է ճանաչվել «Արտակ Գեւորգյան Լեւոնի» ԱՁ-ն։
Նախկինում նույնպես անդրադարձել էինք Ալավերդի համայնքի գնումներին։ Մասնավորապես գրել էինք, որ 2024 թվականին Ալավերդու համայնքապետարանը 2 պայմանագիր էր կնքել ավագանու ՔՊ-ական անդամ Արեն Դալլաքյանի մոր՝ Մանուշ Դալլաքյանի ԱՁ-ի հետ։ Երկու պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 3.8 մլն դրամ։
Բաց մի թողեք
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արշալույսները խաղաղ չեն. կալանավորները քաշքշել են իրար. կա վիրավոր
Հրդեհներ՝ Լոս Անջելեսում, բազմաթիվ մարդիկ են տարհանվել. ինչ են պատմում տեղի հայերը
Զորակոչվել 7Գ հոդվածով. զինվորը հայտնվել է բանտում, հավասարակշռությունից հանելու հետևանքով է