Բաքու-Գրոզնի չվերթի կործանված օդանավի «սև արկղերի» ձայնագրությունները վերծանված են, բովանդակությունը փոխանցվել է ղազախստանյան կողմին: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նախօրեին Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «սև արկղերը» Բրազիլիա են ուղարկվել իր հետևողականության շնորհիվ: Այդ քայլը նա հիմնավորել է կողմերի շահերի բախումից խուսափելու անհրաժեշտությամբ՝ բացահայտելով, որ աղետի հետաքննության հարցում Մոսկվան և Բաքուն տարբեր շահեր ունեն:
Ալիևի համառ հետևողականությունից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հարաբերություններում առկա են ավելի խորքային տարաձայնություններ, որ կապված են միջազգային քաղաքական առաջնահերթությունների «տարընթերցման» հետ: «Թուրանի» գլխավոր խմբագիրը կարծում է, որ Վլադիմիր Պուտինինը լրջորեն անհանգստացած է Ղազախստան-Ուզբեկստան-Ադրբեջան ռազմավարական համագործակցության հեռանկարից:
Նա դրանով է բացատրում Ղազախստանի նախագահ Տոկաևի հարցազրույցում Նազարբաև-Պուտին շփումների բացահայտումը: Ադրբեջանցի մեկնաբանն ուշադրություն է հրավիրում Ուզբեկստանի գլխավոր դատախազության կողմից Չեչնիայի ղեկավար Կադիրովի մերձավոր շրջապատից երկու անձի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու փաստի վրա:
Նրա տեղեկացվածությամբ, այդ մարդիկ մեղադրվում են Ուբեկստանի նախագահի նախկին մամուլի խոսնակի դեմ Տաշքենդում մահափորձ կազմակերպելու և այդպիսով «ներքաղաքական ճգնաժամ առաջացնելու» մեջ:
«Թուրանի» գլխավոր խմբագիրը նույն շղթայում է դիտարկում Տոկաևի հարցազրույցը, AZAL ավիաընկերության օդանավի աղետի վերաբերյալ Ալիևի կոշտ դիրքորոշումը և Ռամզան Կադիրովի «վարձու մարդասպանների բացահայտման ուղղությամբ» Ուզբեկստանի նախագահ Միրզիեևի հետևողականությունը և կանխատեսում, որ այդ ունիսոնը վկայում է «Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նոր բալանսի ձևավորման միտումների մասին»:
Եթե խորքային ծրագրավորումներն իրոք այդպիսին են, իսկ «Թուրանի» տեղեկացվածության աղբյուրներն ակնհայտորեն թուրքական վերլուծական հաստատություններն են, ապա Ռուսաստանի ուկրաինական «հաղթարշավը» մեծ հաշվով վերածվում է անիմաստ արյունահեղության և ահռելի նյութական կորուստների, քանի որ Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ազդեցության հետագա թուլացումն Ռուսաստանի համար նշանակում է Հյուսիսային Կովկաս-Աստրախան-Կազան «ներքին Թուրքիայի» ձևավորում:
Ի՞նչ հակակշիռներ ունի Մոսկվան Կենտրոնական Ասիայում՝ բարդ է կանխատեսել: Ադրբեջանի պարագայում իրավիճակը համեմատաբար տեսանելի է. իշխանության «կոդը» հիմնականում մոսկովյան է: Ռուսաստանի «ուղեղային կենտրոնները» և մաս-մեդիան մի հրահանգով կարող են բացահայտումներ անել, որ Իլհամ Ալիևի համար շատ ցավոտ կլինեն:
Չէ՞ որ անգամ Քլիվլենդում մահացած Հեյդար Ալիևն է Ռուսաստանի «սեփականություն ճանաչվել». նրա դիակն ԱՄՆ-ից Բաքու է տեղափոխել ՌԴ ԱԻՆ հատուկ ինքնաթիռը:
Խնդիրն, ըստ երևույթին, այն է, որ Մոսկվան Ալիևների դինաստիական իշխանությունը «չարյաց փոքրագույնն» է համարում: Չկա երաշխիք, որ Իլհամ Ալիևի դիրքերի թուլացումը չի ավարտվի իշխանափոխությամբ, և Ադրբեջանը չի վերածվի «թուրքական նահանգի» կամ տեղի չի ունենաա իսլամական «հեղափոխություն»: Ադրբեջանում ներքաղաքական ցանկացած ֆորս մաժոր հղի է Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի շատ իրական հեռանկարով:
Բայց եթե Ալիևնը, այնուամենայնիվ, «ռուսաստանյան քեյսն» այլևս «դատարկ» կամ դրա պարունակությունն Ադրբեջանի համար ոչ նպատակահարմար է ճանաչում, ապա Մոսկվան չի կարող դիտորդ մնալ: Ի վերջո, դա Վլադիմիր Պուտինի համար նաև վարկանիշային խնդիր է, որ կարող է խաթարել նաև Լուկաշենկոյի և հետխորհրդային այլ առաջնորդների հետ «քիմիան»:
Խորհրդային Միության աշխարհաքաղաքական հեղինակազրկումը և դե-ֆակտո փլուզումն սկսվել է ոչ թե 1988թ. փետրվարի 20-ի ԼՂԻՄ մարզխորհրդի նստաշրջանով, ինչպես մենք ժամանակին հպարտանում էինք, այլ՝ 1990թ. հունվարի 20-ի գիշերը, երբ զորք է մտցվել Բաքու, բայց արդյունքում հաղթել է Հեյդար Ալիևը, մի քանի տասնյակ քաղաքացիական անձի արյան գնով հաղթահարելով եռամյա մեկուսացումը, ներկայանալով որպես ադրբեջանական ժողովրդի փրկիչ: Պուտինը կգաղտնազերծի՞ Ալիևին:
Ի վերջո, ով կպատռի Ալիևի դիմակը ․․․
Բաց մի թողեք
Կարևոր է, թե Հայաստանն ինչպես է օգտագործելու նոր հնարավորությունները
Գուցե օլիգարխ – տնտեսական ու քաղաքական վերնախավերի, բայց հաստատ ոչ միայն կրթության շնորհիվ
ՀՀ որոշումից հետո ԵՄ գործադիր իշխանության արձագանքը բավականին զուսպ է