21/01/2025

Ինչ է փնտրում Իրանը Հայաստանում և Ադրբեջանում

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի ռեգիոնալ այցը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, որ կարծես թե նկատվում է ռեգիոնալ լիցքերի կուտակման բավականին տեսանլի ընթացք, որը հատկապես արտահայտվում է Իլհամ Ալիևի հայտարարությունների տեսքով, նաև դրսևորվում այդ ֆոնին ինտենսիվացած թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի և ռազմական պատվիրակությունների շփումներով:

Միևնույն ժամանակ, այցը տեղի է ունենում սպասվող բավականին նշանակալից իրադարձության դե ֆակտո շեմին:

Հունվարի 17-ին ծրագրվում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Մոսկվա, որի ընթացքում սպասվում է ռուս-իրանական ռազմավարական համապարփակ պայմանագրի ստորագրում, որը անշուշտ նշանակելու է բոլորովին նոր իրողություն ոչ միայն կովկասյան, այլ ըստ էության աշխարհաքաղաքական լայն իմաստով, առնվազն Մերձավոր Արևելք-Ծոց, Կովկաս և Կենտրոնական Ասիա արեալում: Այդ հնարավոր ակտից առաջ Իրանի ԱԽ բարձրաստիճան պաշտոնյայի ռեգիոնալ այցը՝ Երևան և Բաքու, ըստ էության, կարող է պարունակել որոշակի արձանագրային իմաստ նաև վերոհիշյալ համատեքստում:

Ռեգիոնալ ասպեկտից դուրս, սակայն, բավականին ուշագրավ իրավիճակ ու ֆոն է նաև հայ-իրանական երկկողմ տիրույթում: Մասնավորապես, նկատելի հատկանշականություն է այն, որ իրանցի պաշտոնյայի Երևան այցի օրը Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացնում Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց մեկնարկելու մասին օրենսդրական նախաձեռնությունը:

Դրան զուգահեռ, նախօրեին Հայաստանի ԱԳ նախարարը փաստորեն չեն բացառել, որ մոտ ապագայում կարող է լինել հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրում:

Իհարկե, հաջորդիվ եղել է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը, որ այս պահին չունեն այդ առնչությամբ ասելու որևէ բան, այդուհանդերձ, Երևանն իր ակնկալիքն արտահայտել է բարձրաձայն: Իսկ դրանք հարցեր են, որոնց հանդեպ Իրանը մշտապես եղել է զգայուն:

Հետևաբար կասկածից վեր է, որ իրանցի պաշտոնյայի Հայաստան այցի օրակարգում այդ հարցերը կլինեին էական քննարկման առարկա թե՛ կոնկրետ, թե՛ վերը նկարագրածս ավելի լայն համատեքստում: