10/01/2025

Ալիևին ու Մեդվեդևին առաջարկում ենք ծանոթանալ «ֆաշիստական պետություն» հասկացությանն ու որոշել՝ ո՞վ է իրենցից ամենաֆաշիստը

Ադրբեջանի նախագահը նախօրեին հրապարակված իր հարցազրույցւոմ, ինչպես արդեն հայտնել ենք, մի շարք ցինիկ, ընդհուպ զավեշտի հասնող հայտարարություններ էր արել ՀՀ-ի հասցեին՝ մասնավորապես «ֆաշիստական պետություն էր» անվանել մեր երկիրը, ապա հավելել, թե «նման պետությունը սպառնալիք է տարածաշրջանի համար, որին դիմակայելու առաքելությունը Բաքուն պատրաստ է ստանձնել»։

Բաքվի ոչ ադեկվատ ղեկավարը միաժամանակ նշել էր, թե «անկախ հայկական պետությունն, ըստ էության, ֆաշիստական պետություն է, որովհետև այդ երկիրը գրեթե 30 տարի ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, և նրանք այդ պետությունը ձևավորել են իրենց կերպարին համապատասխան։ Տեսեք ՀՀ առաջին նախագահի ֆաշիստական և ռասիստական հայտարարությունները, որոնք որքան տգեղ են, նույնքան էլ վտանգավոր են, նա էթնիկ զտումները ներկայացնում է որպես հպարտության աղբյուր»։ Ալիևը ենթադրաբար նկատի ուներ ՀՀ առաջին նախագահի՝ 1993 թ. հուլիսին «Երկրապահ կամավորականների միության» համագումարի ժամանակ հնչեցրած ելույթի տեսագրությունը։ «Ֆաշիզմը պետք է ոչնչացվի. կամ ՀՀ ղեկավարությունն այն կոչնչացնի, կամ էլ՝ մենք»։

Զավեշտն այն է, որ ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցած, Հիտլերի «պալաչ» ազգային հերոս (Ռասուլզադեն, որը կռվել է գերմանական Վերմախտի կազմում ընդդեմ Խորհրդային Միության ժողովուրդների) ունեցող Ադրբեջանը ֆաշիզմի մեջ է մեղադրում այդ չարիքի դեմ պայքարում բազում անուններ տված ժողովրդի (ավելի քան 100 հազար հայեր զորակոչվեցին հակահիտլերյան կոալիցիայի երկրների զինված ուժեր) պետությանը։ Ալիևը, հիմնավոր կասկած ունենք, որ չգիտի «ֆաշիստական պետություն» եզրի իմաստը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալիևին արձագանքել է ոչ թե «ակն ընդ ական» ոճում, այլ՝ հավատարիմ դիվանագիտական կոռեկտությանը, Սերժ Սարգսյանի խոսքով ասած՝ «տղայությանը» չհակադրելով նույնպիսի պահվածքը։ Իսկ ահա նախկին նախագահներն ու նրանց սատարող ընդդիմադիր ուժերն ու գործիչները Ալիևին արձագանքելու, վերջինիս մտքի թունավոր արգասիքները ջախջախելու փոխարեն, ինչպես ժողովուրդն է ասում՝ շուռ են եկել ու Փաշինյանին են մեղադրում անհամարժեք արձագանքելու մեջ։ Ազգային կուսակցության ներկայացուցիչներից մեկն էլ ընդհուպ «խայտառակություն» է որակել ՀՀ ղեկավարի հավասարակշռված արձագանքը, փոխարենը իր բառապաշարը գործի դներ Ալիևին խայտառակ անելու համար։

Մինչև այժմ Ալիևի հայտարարությանը չեն արձագանքել ոչ առաջին, ոչ էլ երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակները, փոխարենը նրանց թիմերի ներկայացուցիչները, տուրք տալով սպառնալիքներին, գուժել են սպասվելիք նոր պատերազմի մասին։ Էդուարդ Շարմազանովն, օրինակ, իրեն ֆաշիստ անվանած Ալիևի պորտը տեղը դնելու փոխարեն՝ ֆեյսբուքյան գրառում է արել և նշել. «Բաքվի «սուլթանը» Հայաստանն անվանեց «ֆաշիստական պետություն» ու հանձնարարեց Նիկոլին վերջ տալ փաստացի ազգային-պետական ուժերի գոյությանը։ Իսկ դա կլինի ՀՀ-ի վերջը։ Ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի վրա դրված է Ալիևի շահերի պաշտպանի կամ դեսպանի գործառույթ»։ Նժդեհյան գաղափարախոսության կրող Շարմազանովը, բնականաբար, չի մոռացել նաև կոչ անել «համախմբվել ընդդեմ Հայաստանի ադրբեջանացման՝ սառեցնելով ներքաղաքական տարաձայնությունները»։ Այն է (իմանալով Շարմազանովի «փորացավը»)՝ համախմբվել ոչ թե ընդդեմ Ալիևի և ադրբեջանական սպառնալիքի, այլ՝ սեփական երկրի ժողովրդի կողմից ընտրված իշխանության։

Հարկ է նկատել, որ Ալիևը նոր չէ և առաջին անգամ չէ, որ ՀՀ-ի հասցեին կիրառում է նման բառապաշար՝ անվանելով ֆաշիստական, մեղադրում ռասիզմի, նացիզմի մեջ։ ՀՀ պետական քարոզչամեքենան նախկինում էլ՝ մասնավորապես Սերժ Սարգսյանի և նրա նախորդի ժամանակ ցուցաբերում էր զսպվածություն՝ ձեռնպահ մնալով «ղամազությանը ղամազությամբ» արձագանքելու գայթակղությունից։ Մասնավորապես 2014 թվականին ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող Ադրբեջանի ղեկավարն իր դեսպանների հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես հայտարարել էր՝ «Ադրբեջանի նպատակը ՀՀ-ին պատանդ պահելն ու արնաքամ անելն է», իսկ նույն թվականի օգոստոսի 6-ի իր ելույթում, որն ի դեպ, զետեղվել էր նրա պաշտոնական կայքում («Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը այցելել է N զորամասը Աղդամում» վերնագրով), հարևան պետության ղեկավարը, գռեհկորեն խախտելով միջպետական հարաբերությունների ընդունված նորմերը, հայտարարել էր. «…Եթե հայկական ֆաշիստական պետությունը չհրաժարվի իր կեղտոտ ձեռնարկումներից, ապա հայկական պետության գոյությունն իսկ կարող է հայտնվել հարցականի տակ…»: Ի դեպ, այս ելույթից երկու օր անց Ադրբեջանում դաժանորեն սպանվեց սահմանին մոլորված և գերի ընկած հայ երիտասարդ Կարեն Պետրոսյանը։ Հարկ է նկատել, որ վերջինիս նվաստացնելու տեսարանը ցուցադրվում էր այդ երկրի առաջատար լրատվամիջոցներով։ Առանձին ցինիզմով ու ընդգծված հակահայկական շեշտադրումներով, ատելության խոսքով էր համեմված նաև Ալիևի ելույթը ԵԽԽՎ-ում (2014 թ. հունիս)։ Սակայն հայկական պատվիրակությունը որոշեց անպատասխան թողնել Ալիևի՝ քսենոֆոբիայով լի զրպարտանքները՝ չհակադարձելով դրանց։ Սեփական երկրի ԱԺ-ում «առյուծ կտրող», նժդեհական ելույթներ ունեցող պատգամավորները, ինչպես նկատել էր այդ օրերի մամուլը, ԵԽԽՎ-ում կատու էին դարձել։ Անգամ վարման կարգի վերաբերյալ առարկություններ չհայտնեցին և կամ ռեպլիկի կարգով մի կես բերան չարձագանքեցին։ Այս առիթով հնչող քննադատություններին ի պատասխան ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը պարզաբանել էր. «Հայ պատվիրակների կողմից ճիշտ չէր լինի հարցեր ուղղել Իլհամ Ալիևին, քանի որ եվրոպացի պատվիրակություններին տրված պատասխանները արդեն վկայում էին, որ խոսքը ոչ ադեկվատ մարդու մասին է: Այդ իրավիճակում հարցեր տալը կնշանակեր ևս մեկ հնարավորություն տալ աղավաղելու հասարակական կարծիքը և խաղալու հերթական քարոզչական ներկայացումը»:

Հայկական պատվիրակությանն ուղղված քննադատությամբ էր հանդես եկել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը և դատապարտել մեր պատվիրակների լռությունը՝ նշելով, թե «նրանք գոնե պետք է ինչ-որ բողոքի ձևով դուրս գային դահլիճից, կամ թեկուզ տեղից ռեպլիկ անեին»: Ի պատասխան ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանն արձագանքել էր. «Եթե աղմուկ հանելու նպատակ ունենայինք, կարող էինք դուրս գալ դահլիճից, ինչ-որ բան նետել Ալիևի ուղղությամբ, սուլել»:

Մեդվեդևը շանտա՞ժ է անում

Ուշագրավ է մեկ այլ հանգամանք ևս՝ ՀՀ-ն ֆաշիստական երկիր անվանելու և մեր երկրի «հարցերը լուծելու» Ալիևի հոխորտանքներին ՌԴ-ից հնչած արձագանքը։ Մասնավորապես, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի

Մեդվեդևը, ձայնակցելով Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին, մասնավորապես նշել է. «Չեմ զարմանա, որ մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Կամ այլ տարբերակ՝

Եվրամիության հետ հայ առաջնորդների նշանադրվելու մտադրության լույսի ներքո կարելի է ուղղակիորեն դիմել ԵՄ-ին, նրանք սիրում են դրախտի թեկնածուներին օգնել փողով և զենքով։ Եվրամիության ուսերին է ուկրաինական հրաշալի փորձը»։ Ի՞նչ է սա, շանտա՞ժ, թե՞ Ալիևի հետ փոխհամաձայնեցված, նախապես պլանավորված հարձակման անոնս, որը ՀՀ ռազմավարական դաշնակցի բարձրաստիճան պաշտոնյան հնչեցնում է այն օրը, երբ հայտնի դարձավ, որ կառավարությունը հավանության է արժանացրել ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված նախագիծը։ Մեդվեդևյան այս մեղմ ասած՝ ոչ կոռեկտ արձագանքը մեզ մտովի տեղափոխեց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջան, 2017 թվական, երբ ՀՀ-ն Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում պատրաստվում էր ԵՄ-ի հետ ստորագրել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»։ Այդ օրերին ևս ռուսական պրոպագանդան թեև ոչ Մեդվեդևի մակարդակով, բայցևայնպես գործի դրեց իր կացնային հակաքարոզչությունը Հայաստանի հասցեին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Զվեզդա» դաշնային հեռուստաընկերությունը «Կանխատեսումներ» («Прогнозы») հաղորդման նոյեմբերի 19-ի թողարկման շրջանակներում, անդրադառնալով ՀՀ-ի՝ ԵՄ «գնալու» որոշմանը, զրպարտչական բովանդակություն էր մատուցել լսարանին։ ՀՀ-ԵՄ համագործակցության ձևաչափի աղավաղումից բացի, «Զվեզդա»-ն, կիրառելով ռուսական քարոզչության որդեգրած հակաուկրաինական հռետորաբանությունը, նշել էր, թե ինչպես Ուկրաինան, այնպես էլ «Երևանը հերոսացնում է ֆաշիզմի մեղսակիցներին»։ Եվ որպես այս պնդման հաստատում՝ վկայակոչվել էր Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը։ Ավելին՝ հաղորդման մեկնաբանը Նժդեհին անվանել էր «հայկական Բանդերա», ապաև, անդրադառնալով իշխող ՀՀԿ-ին, կուսակցության տարբերանշանը նմանեցրել էր ֆաշիստական Երրորդ ռեյխի խորհրդանշաններին։ Հարկ է նկատել, որ հաղորդման հեղինակ Վերոնիկա Կրաշենիննիկովան, որն էլ զրպարտչական պնդումներով էր լցրել եթերը, ինչպես նկատել էր FIP-ը (https://fip.am/2068), ռուսական ագիտպրոպի կարկառուն ներկայացուցիչներից է, «Россия сегодня» գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովի խորհրդականն էր, ինչպես նաև ՌԴ իշխող կուսակցության՝ «Եդինայա Ռոսիայի» գերագույն խորհրդի անդամ, Նիկոլ Փաշինյանի և ՀՀ-ի հասցեին շանտաժախառն հայտարարությամբ հանդես եկած Մեդվեդևի կուսակիցը։ Եթե 2017-ին միջնորդավորված՝ «սեփական արտադրության» քարոզիչների միջոցով էր ՌԴ-ն սպառնում ՀՀ-ի՝ ԵՄ «գնալուն» ու ֆաշիզմի մեղադրանք հնչեցնում, այժմ դա անում է բացահայտ կերպով, Ալիևի շուրթերով՝ նրան օգտագործելով ու փոխլրացնելով։

Նման համընկնումները պատահականություն լինել չեն կարող։

Ի դեպ, թե Մեդվեդևին, թե Ալիևին առաջարկում ենք ընթերցել 2020 թվականին ՀԱՊԿ կայքում զետեղված սույն հոդվածը (ՀՀ ԱԳՆ-ի) և ծանոթանալ Հայրենական մեծ պատերազմում, ֆաշիզմի դեմ պայքարում Հայաստանի և հայ ժողովրդի ունեցած դերին՝ շարքայինից մինչև մարշալ։

Հ. Մանուկյան