2024 թվականին Հայաստան է այցելել մոտ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ, որը 2000-3000-ով պակաս է անցած տարվա թվից:
Այս մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Այս տարի ունեցել ենք մոտ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ. սա մոտավորապես 7 տոկոսով նվազում է անցած տարվա ցուցանիշից: Բայց նվազել է փաստացի հիմնականում Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թիվը»,- ասել է Պապոյանը:
Միաժամանակ, Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից զբոսաշրջիկների թիվն ավելացել է:
Ըստ Պապոյանի՝ Կառավարությունը շարժվում է իր թիրախին համահունչ, իսկ 2025-ի թիրախն է ունենալ 2,5 մլն զբոսաշրջիկ:
Եթե Ամուլսարը չաշխատի, տնտեսական աճը կլինի ավելի ցածր, եթե Ամուլսարն աշխատի, ապա տնտեսական աճը ոչ միայն այս, այլև հաջորդ տարիներին կվերանայվի դեպի ավելի բարձր ուղղությամբ․ «Ամուլսարի՝ ամբողջական ցիկլով աշխատելու պարագայում մեր ՀՆԱ-ն տարեկան 1 տոկոսով կաճի, և մեր պետությունը լրացուցիչ 120 մլն դոլար տարեկան հարկ կստանա, և լրացուցիչ կստեղծվեն մեծ թվով աշխատատեղեր, համայնքները կստանան իրենց դոտացիաները և այսպես շարունակ: Եվ այս առումով Ամուլսարի աշխատելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն»:
Պապոյանը նաև տեղեկացրել է, որ 2025-ին որպես թիրախ է դրվել 5,5 տոկոսի շրջանում տնտեսական աճ ունենալ:
Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այս պահին Կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հրաց չկա․ «ԵՄ-ին անդամակցության գործընթացը զուգահեռ օրակարգ է, ու մեր խնդիրը ոչ թե այդ օրակարգերը քննարկելն է, այլ մեր տնտեսության դիմակայությունն ու մրցունակությունը բարձրացնելն է: Էական չէ՝ ՀՀ-ն կլինի՞ ԵՄ-ում, թե՞ ԵԱՏՄ-ում, մեր տնտեսությունը պետք է ավելացնի մրցունակությունը: Մեր ապրանքները որտեղ էլ լինեն, պետք է մրցունակ լինեն»:
Պապոյանն ասաց, որ Հայաստանի տնտեսությունը պետք է լինի անկախ․ «Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով: Մենք ուզում ենք լինենք անկախ, իսկ անկախությունն այն է, երբ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից, և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված: Երկրներ կան աշխարհում, որոնց եթե ինչ-որ բան պատահի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի տնտեսության հետ, լուրջ բաներ տեղի կունենան: Դրա համար այդ երկրների հետ ոչ մի բան չի պատահի: Մենք պետք է դառնանք մի պետություն, որ եթե մեզ հետ ինչ-որ բան պատահի, այլ երկրների տնտեսության հետ էլ բան պատահի և այդ դեպքում մեզ հետ ոչինչ չի պատահի»:
Կառավարությունը 2025 թվականի առաջին նիստի ժամանակ հաստատեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը։
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրել էր Եվրախորհրդարանում 2023թ․ աշնանը ունեցած ելույթը, երբ ասել էր, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Նա նաև նկատել էր՝ վերոնշյալ օրենքի ընդունմամբ պետք է գործողությունների որոշակի պատկերացում ունենալ:
Ու թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը, որովհետև այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն ու միայն հանրաքվեի ճանապարհով, այնուամենայնիվ, Ռուսաստանից արձագանքները չուշացան:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Հայաստանը միաժամանակ չի կարող լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում: Իսկ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ավելի ցինիկ կերպով արձագանքելով, հայտարարեց, թե «Հայաստանի իշխանությունները փորձում են նշանադրվել ԵՄ-ի հետ»՝ միաժամանակ հեգնելով, թե «Եվրամիությունն իր ետևում ունի ուկրաինական հիանալի փորձը»:
Բաց մի թողեք
Ի՞նչ դեր է վերապահվում Ադրբեջանին, Էրդողանը կփորձի «խառնե՞լ» Հարավային Կովկասը
Առաջիկայում մտադիր եմ աշխատաժողով կազմակերպել. Նիկոլ Փաշինյան
Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փետրվարի 17-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են