ԱՄՆ-ում վերջերս հրապարակած «Կրեմլյան զեկույցում» հայտնված ռուսաստանցի գործարարները սկսել են խոչընդոտների ու անհարմարությունների բախվել:
Ինչպես գրում է Bloomberg-ը, գործարարները սկսել են նկատել, որ իրենց գործունեությանն ավելի ակնդետ ուշադրություն է հատկացվում: Ցուցակում ընդգրկված գործարարներից մեկը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, հայտարարել է, որ այս պահին իր գործարքը կարող է խափանվել:
«Գործարքը, որը պետք է ավարտվեր մի քանի ամսվա ընթացքում, կարող է խափանվել»,- ասել է նա Bloomberg-ին: Մեկ այլ գործարար, գրում է գործակալությունը, դժգոհել է, որ զեկույցը հարված է հասցրել իր հեղինակությանը:
Նշվում է, որ զեկույցի հրապարակումից հետո բանկերը սկսել են ուշադիր հետեւել ցուցակում ընդգրկված գործարարների գործարքներին:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հունվարի 30-ին հրապարակել էր ռուսաստանցիների ցուցակը, որոնք սերտ կապեր ունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ ամերիկյան պատժամիջոցների թիրախում են: Ցուցակում էին հայտնվել 210 անձանց՝ 114 բարձրաստիճան քաղաքական գործիչի եւ 96 օլիգարխի անուններ:
«Կրեմլյան զեկույցն», ըստ էության, անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ կոնգրեսի հաստատած ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի տրամաբանական շարունակությունն է: Զեկույցում նշվում է, որ ցանկում ներառվել են 1 միլիարդ դոլարից ավելի կարողություն ունեցող գործարարները:
«Կրեմլյան զեկույց»-ում են ընդգրկվել նաեւ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Բացի պաշտոնյաներից, այնտեղ ներառված են խոշոր տնտեսվարողներ, որոնց թվում՝ ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան):
Չնայած ցանկում հայտնված անձինք չեն հայտնվում պատժիչ միջոցների տակ, ինչպիսին է հաշիվների սառեցումը կամ վիզաների արգելքը, սակայն նրանց ներառումը կարող է հետ կանգնեցնել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գտնվող բանկերին եւ այլ կառույցների նրանց հետ բիզնես վարելուց:
Գուցե այդ է պատճառը, որ «Կրեմլյան զեկույցի» հրապարակումից հետո ցուցակում ներառված 96 ռուսաստանցի օլիգարխի համակցված կարողությունը նվազել է 1,06 մլրդ դոլարով: Այս մասին հաղորդել էր Deutsche Welle-ն: Առավել շատ էժանացել են «Լուկօյլ» ընկերության ղեկավարի ակտիվները: Օլիգարխները նման ֆինանսական կորուստներ են կրել ընդամենը 13 ժամվա ընթացքում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավականին կոշտ ու հեգնական տոնով էր մեկնաբանել տվյալ փաստաթուղթը, պատասխանելով հարցին, որ միայն ինքը չկա այդ ցուցակում: Նա կարճ կատակել է՝ արտաբերելով հետեւյալ բառակապակցությունը. «վիրավորական է»:
«Ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր կառույցի կամ մարդկանց հետեւում կանգնած են հասարակ քաղաքացիներ, աշխատանքային կոլեկտիվներ: Ըստ էության, մեզ բոլորիս ընդգրկել են մի ինչ-որ ցուցակում»,- ասել է ՌԴ նախագահը ու հավելել, որ հարկավոր է առաջնորդվել հայտնի կանոնով. «Շունը հաչում է, քարավանը գնում»:
Ռուսաստանին նետած ԱՄՆ-ի մարտահրավերը պատահական չէ եւ այն բխում է Մոսկվայի աշխարհաքաղաքական ամբիցիաները զսպելու Վաշինգտոնի ռազմավարական նպատակադրումից:
Բոլորովին վերջերս Դոնալդ Թրամփի ներկայացրած ազգային անվտանգության հայեցակարգում Ռուսաստանը Չինաստանի հետ մեկտեղ ներկայացված էին որպես ռեւիզիոնիստական երկրներ, որոնք փորձում են հաստատել ամերիկյան շահերին եւ արժեքներին հակասող աշխարհակարգ:
Բաց մի թողեք
ԱԴԾ կողմից հերթական իբր ծրագրված ահաբեկչություն է կանխվել
Ամերիկյան իշխանությունները Գրենլանդիայում ռազմական ուժ կիրառելու կարիք չունեն
Չինաստանը TikTok-ը կարող է վաճառել Իլոն Մասկին