Շարքային քաղաքացուն անծանոթ բառակույտերի եւ տերմինոլոգիայի շնորհիվ կոնկրետ հարցերի շուրջ մի քանի պտույտ է տալիս, ապա կա՛մ չի պատասխանում, կա՛մ պատասխանում է՝ շեղվելով հարցերից։
Հրապարակ թերթը գրել է․ Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մենք Գալյանին երեք հարց տվեցինք՝ ՔՊ-ի հետ տարբեր թելերով կապված դատավորների անաչառության եւ շահերի բախման վերաբերյալ, սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքների եւ Փաշինյանի հայտնի ելույթի, երբ ուղիղ սպառնաց դատական, իրավական համակարգի ներկայացուցիչներին, թե իր համբերության բաժակը լցվել է։
Դատական համակարգում կան դատավորներ, ովքեր ուղիղ կապ ունեն կամ ունեցել են գործող իշխանության հետ։ Այդ դատավորներից են, օրինակ, իշխանափոխության ժամանակ Փաշինյանի ցույցերի ժամանակ թմբուկ խփող Դավիթ Արղամանյանը, ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» կուսակցության անդամ Մասիս Մելքոնյանը, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը, որը 2018 թվականին եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եւ ընդգրկվել է կուսակցության նախընտրական ցուցակում։ Այս դատավորները դատում են ընդդիմադիրներին։ Գալյանն իր իսկ կազմակերպած ասուլիսի ժամանակ նախ վրդովվեց, թե իր ժամանակը սուղ է, ու լրագրողների պատճառով հանդիպումներ է հետաձգել։ Նախարարի վրդովմունքի պատճառը թերեւս անհարմար հարցերն էին, որոնց պատասխանել չէր ցանկանում։
«Ես չեմ անդրադառնա որեւէ դատավորի։ Դատավորների՝ կոնկրետ գործով դրսեւորած վարքագիծն է, որը կարող է արժանանալ գնահատականի։ Եթե լինի համապատասխան հիմք, որ տվյալ անձը եղել է ոչ անաչառ կամ վարքագծի խախտում է թույլ տվել։ Ես համաձայն չեմ Ձեր այն կարծիքի հետ, որ տվյալ դատավորները դատում են ընդդիմադիրներին, որովհետեւ ինձ համար էական չէ՝ ընդդիմադիր, դիմադիր։ Գործով մակագրման համակարգն ուղղակի հնարավորություն չի տալիս ընտրողաբար գործ մակագրել այս կամ այն դատավորին»,- ասաց Գալյանը՝ փաստացի խեղաթյուրելով իրականությունը։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո ընդդիմադիրներին առնչվող բազմաթիվ գործեր դատավորներին մակագրվել են ձեռքով։ Դեռեւս չպարզված հանգամանքներում էլեկտրոնային մակագրման համակարգը չի գործել։ Դատական օրենսգրքի համաձայն՝ միայն անհաղթահարելի ուժի առկայության դեպքում է թույլատրվում գործերի բաշխման համակարգչային եղանակից շեղումը, երբ անհաղթահարելի ուժի առաջացման հետևանքով հնարավոր չէ համակարգչային մակագրում իրականացնել, դատավորների միջև գործերը հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը՝ դատավորների ազգանունների այբբենական հաջորդականությամբ։ Փաստաբանական եւ իրավաբանական համայնքը կարծում է, որ գործերը ձեռքով են մակագրվում հիմնականում ՔՊ-ի «սրտի» դատավորներին, այսինքն՝ այն դատավորին, որն անձնվիրաբար կծառայի Փաշինյանին։
Սրբուհի Գալյանը, որ 2019-ին եղել է արդարադատության փոխնախարար, պարզվեց՝ չի լսել Փաշինյանի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը։ Ասաց, որ ծանոթ չէ այս արտահայտությանը, եւ փոխեց թեման։ Մեկ այլ լրագրող միացրեց Փաշինյանի այդ ելույթը, որ Գալյանն ի վերջո լսի այն եւ մեկնաբանի։ Նախարարը լսեց, սակայն նախատեց, թե այդ ուր եք հասել, Փաշինյանն այդ արտահայտությունն արել է դեռեւս 2019 թվականին, եւ հորդորեց լսել դատական համակարգի վերաբերյալ վերջին հայտարարությունները։
«Վարչապետի այս հայտարարությունը պայմանավորված է եղել այդ ժամանակահատվածում եղած իրականության եւ իրողության հետ։ Ես ձեզ խնդրում եմ՝ մի առաջնորդվեք 6 տարի առաջ արված այն արտահայտություններով, որոնք գլխագրերի տեսքով կարող են հետաքրքիր լինել հանրության համար։ Առաջնորդվեք նրանով, թե ինչպիսին է խոսույթն այսօր»,- ասաց նա։
Մենք միացրինք Փաշինյանի՝ մեկ ամիս առաջ արած հայտարարությունը, որտեղ ուղիղ սպառնում է դատական, իրավական համակարգի ներկայացուցիչներին, թե իր համբերության բաժակը լցվել է։ Գալյանը կրկին փորձեց խեղաթյուրել իրականությունը՝ ասելով, որ Փաշինյանի խոսքը վերաբերում էր իրավական եւ ուժային համակարգին, սակայն լրագրողը կրկին միացրեց տեսանյութը, ինչից հետո նախարարն ասաց․ «Սա սուր խնդիրների բարձրաձայնման միջոց է։ Վարչապետը մշտապես ասում է՝ ո՞նց պատասխանեմ քաղաքացիների հարցերին, մեր թիմը քաղաքական պատասխանատվություն պիտի կրի, ինչպե՞ս անենք»։
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու առաջ չի գնում սահմանազատման գործընթացը, եւ արդյո՞ք կա իրավական մի փաստաթուղթ, որում ամրագրված է, որ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված է։ Գալյանն ասաց, որ չկա նման փաստաթուղթ, եւ կողմերը հենվում են բանավոր խոսքի վրա։ «Մյուս պետությունն ասել է, որ այդ հատվածում սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներն ավարտված են»,- ասաց նա։
Բաց մի թողեք
Հակակոռուպցիոն կոմիտեն ՊՆ կապիտալ շինարարության գործ է քննում, վարչության պետն ազատվել է աշխատանքից
Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան
Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա