Պաշտոնական Երևանը դեռևս չի պարզաբանել, թե ինչ է իրենից ներկայացնում Իսլամական Պետության դեմ Գլոբալ կոալիցիային միանալու որոշումը, որի մասին հպանցիկ ազդարարվեց հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրման արարողության մեկնարկին:
Նախ, հարկ է հասկանալ կապը՝ այդ որոշման և կանոնադրության ստորագրման միջև, քանի որ ըստ ամենայնի բոլորովին այսպես ասած պատահական համադրություն կամ առիթ չէր դա բարձրաձայնելու մասին, այլ հարցը եղել է հայ-ամերիկյան քննարկման շրջանակի մաս:
ԻԼԻՊ դեմ գլոբալ կոալիցիայի մաս է կազմում աշխարհի մոտ 90 տասնյակ պետություն: Կոալիցիան գործում է գերազանցապես Սիրիայի և Իրաքի տարածքում: Անդամ պետությունները ունեն տարբեր ներգրավվածություն, և ներգրավվածության ձևաչափն ամենևին պարտադիր չէ, որ լինի ռազմական, կամ անմիջականորեն մարտական:
Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի ներգրավվածության ձևաչափը: Հայաստանը մինչ 2024 թվականի նոյեմբերի վերջ ներգրավված էր Սիրիայում, բայց ոչ թե Գլոբալ կոալիցիայի կազմում, այլ ռազմական մարդասիրական առաքելություն էր իրականացնում Ռուսաստանի Դաշնության հետ 2018-ին ձեռք բերած համաձայնությամբ:
Հայ ռազմական բժիշկների և սակրավորների մոտ 50 մարդուց կազմված խումբը մարդասիրական առաքելություն էր իրականացնում Հալեպի նահանգում՝ առավել հայաբնակ շրջանում: Սակայն, նոյեմբերի վերջին, երբ սկսեց զինված խմբավորումների՝ Թուրքիայի աջակցությամբ գրոհը Հալեպի, հետո նաև Դամասկոսի ուղղությամբ, Հայաստանը հայտարարեց սիրիական իր առաքելությունը ժամանակավորապես դադարեցնելու և Հայաստան վերադարձնելու մասին:
Կասկածից վեր է, որ Սիրիայի հարցում այլևս հնարավոր չէ պայմանավորվել Ռուսաստանի հետ, քանի որ Ռուսաստանի ներկայությունն ու դերն այդ երկրում ենթարկվել է հիմնարար փոփոխության:
Դեռ հստակ չէ, թե ինչպիսին է լինելու այն, բայց կասկածից վեր է, որ չի ունենալու նախկին կարգավիճակը, եթե անգամ Մոսկվան պահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում:
Պետք չէ բացառել, որ Հայաստանի ներգրավումը Գլոբալ կոալիցիայի կազմ, կարող է ենթադրել հենց Սիրիայում ժամանակավորապես դադարեցված մարդասիրական առաքելության վերականգնում արդեն գլոբալ Կոալիցիայի կազմում:
Դա, իհարկե, որպես մի տարբերակ, քանի որ գործնականում թերեւս բացառված է, որ Հայաստանի ներգրավումը լինի մարտական: Նախ՝ Հայաստանը չունի այդպիսի որևէ ռեսուրս: Երկրորդը, մարտական ներգրավումը Հայաստանի համար հղի է լինելու թե տեղում, թե նաև անմիջականորեն Հայաստանին առնչվող լրջագույն մարտահրավերներով:
Ինչ խոսք, բոլորովին այնպես չէ, որ մարդասիրական ձևաչափի ներգրավումը նշանակելու է բացարձակ անվտանգ և առանց որևէ ռիսկի ու մարտահրավերի քաղաքական որոշում, սակայն, այդուհանդերձ, մարդասիրական ձևաչափը առավելագույնս կմատնանշի, որ Հայաստանը իր ներգրավումով չի հետապնդում որևէ ռազմական խնդիր, այլ անկախ Սիրիայում քաղաքական իրավիճակի փոփոխությունից, շարունակում է մնալ պարզապես Սիրիայի բնակչությանը մարդասիրական, այսպես ասած, վերքաղաքական և վերաշխարհաքաղաքական օգնություն ցուցաբերելու առաքելության ծիրում:
Անշուշտ, այդօրինակ բացատրությունները երբեք չեն եղել և չեն լինելու «հալած յուղ», սակայն, եթե Հայաստանի համար արժեցող անհրաժեշտություն է եղել որոշումը՝ անվտանգության համալիր խնդիրների համատեքստում, այլ ոչ թե լոկ Վաշինգտոնում փաստաթղթի ստորագրման համաձայնություն ստանալու, ապա պետք է այդուհանդերձ այդ որոշումն ուղեկցվի պարբերական տեղեկատվական համարժեք սպասարկումով:
Միևնույն ժամանակ, պետք չէ բացառել, անշուշտ, որ որոշումը կարող է դիտվել նաև Սիրիայում բավականին բարդ գործընթացների հեռանկարում մնացող հայ համայնքի պաշտպանության հետ կապված հարցեր լուծելու, խնդիրներ սպասարկելու միջոց:
Բաց մի թողեք
Կառավարությունը պարզապես բարձրացնում է ՓՄՁ հարկը, իսկ բացատրություններն ընդամենը փոքրերի համար են
Երևանն ինչո՞ւ չի հայտարարում, որ նոյեմբերի 9-ի իր ստորագրությունն այլևս վավեր չէ
Ձևավորվել է ոչ թե տնտեսական քաղաքականություն, այլ արտաքին կոնյուկտուրային տնտեսական էֆեկտը յուրացնելու ռեժիմ