17/02/2025

ԿԿԲ-ի միջոցով սկսել են վախեցնել մարդկանց ու ստեր տարածել․ Մարության

«Արդեն երկու ամիս է՝ ամեն օր դուրսն ենք, փողոցում տասնյակ հազարավոր մարդկանց հետ ենք հանդիպել, չեմ նկատել իմ նկատմամբ անվստահություն, չգիտեմ, թե դա որտեղից եք վերցրել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ի պատասխան այն դիտարկմանը, որ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ աշխատած մարդ է, եւ հանրության շրջանում կա անվստահություն իր նկատմամբ։ 

«Այդ տասնյակ հազարավոր մարդկանցից վստահաբար մեկը կարտահայտվեր»,-նշեց նա։ Հարցին՝ 2026թ․-ին ո՞ր քաղաքական ուժի հետ է մտադիր կոալիցիա կազմել, ասաց՝ դեռ վաղ է խոսել. «Ես բազմիցս ասել եմ, որ տրանսպորտի թանկացման դեմ ընթացող այս պայքարը բացարձակ քաղաքականության հետ կապ չունի։ Մենք հիմա պայքարում ենք սոցիալական արդարության համար, իսկ թե 2026թ․-ին ինչ կլինի, կտենսնեք 2026թ․-ին»։

«Պետությունը առավոտից անցել է գրոհի։ Թերթերից մեկը, որը «ԿԳԲ»-ի պատվերն է կատարում, ապատեղեկատվություն է տարածում, թե իբր 50 հազար դրամ տուգանք է հասնում առանց տոմս երթեւեկելու, կամ 100 դրամ տալու համար, չկա այդպիսի բան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա պատրաստակամություն հայտնեց՝ հոգալ տուգանված քաղաքացիների ծախսերը, եթե այդպիսի բան լինի։

«Գոյություն չունի այդպիսի տուգանք։ Սա սուտ է, որն այս պահին «ԿԳԲ»-ն տարածում է թերթերի միջոցով, որպեսզի վախեցնեն մարդկանց, որ մարդիկ հետ քաշվեն իրենց բոյկոտից։ Սա 100 տոկոսանոց սուտ է, հանգիստ բոլորը կարող են կատարել իրենց ակցիան։ Իսկ եթե ինչ-որ մեկին 50 հազար դրամ տուգանեն, մենք պատրաստ ենք բոլոր իրավաբանական ծախսերը մեզ վրա վերցնել, եւ բեկանել այդ ամենը։ Մենք կհոգանք ծախսերը, եթե նման ապօրինություն անեն»,-ասաց Մարությանը։

Հայկ Մարությանը մի քանի անգամ դիմել էր Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե ինքը ինչպես է վերաբերում տրանսպորտի թանկացմանը։ Փաշինյանն այսօր տեսանյութ հրապարակեց, որտեղ մետրո էր նստում եւ միաժամանակ բացատրում էր, թե ինչ հրաշալի բան են արել՝ տրանսպորտի թանկացումով։ Ըստ Հայկ Մարությանի՝ Փաշինանն իր այս տեսանյութով փաստացի ասաց, որ դրական է վերաբերում եւ հաշտ է քաղաքապետարանի այս որոշման հետ։

Նշենք, որ փետրվարի մեկից շատ քաղաքացիներ պատրաստվում են բունտ անել եւ տրանսպորտի համար չվճարել քաղաքապետարանի սահմանած նոր վճարով։