ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփը մամուլի առաջին ասուլիսում շատ ենթատեքստային միտք է արտահայտել, թե կարծում է, որ Վլադիմիր Պուտինը «տպավորված չէ» ուկրաինական պատերազմի արդյունքներով:
Արևմտյան փորձագետների հաշվարկով՝ 2022թ. փետրվարի 22-ին սկսած «հատուկ ռազմական գործողության» շուրջ երեք տարիների ընթացքում Ռուսաստանը գրավել է ուկրաինական 4 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Ռուսաստանի պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ միայն անցյալ տարի պաշտպանության նախարարության հետ պայմանագիր է ստորագրել 450 հազար «կամավորական»:
Եթե այդ տեղեկատվությունը հաշվարկային հիմք ընդունենք, ապա կստացվի, որ անցած տարիներին ավելի քան մեկ միլիոն ռուսաստանցի անցել է պատերազմի «մսաղացով»: Զոհերի և վիրավորների թվաքանակի մասին հրապարակային տվյալներ, բնականաբար, չկան:
Բայց պատերազմով անցածների մոտավոր թվաքանակը նկատի ունենալով՝ կարելի է վստահաբար ասել, որ անվերադարձ և այսպես կոչված՝ «սանիտարական կորուստները» հաշվում են հարյուր հազարներով:
Իհարկե, տարածքային, մարդկային և նյութական ահռելի կորուստների մասին լռում է նաև պաշտոնական Կիևը: Պատերազմում ստում են բոլոր, նույնիսկ ոչ ուղղակիորեն ներգրավված կողմերը: Ոչ ոք դեռևս հակառակորդի նկատմամբ տեղեկատվաքարոզչական ագրեսիայի կարևորությունը չի բեկանել: Ավելին, այսօրվա պատերազմում «սովինֆորմբյուրոյի» դերն ավելի քան երբեք մեծ է:
Բայց այն, ինչ տեսնում ենք Ռուսաստանում, հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին խորհրդային քարոզչությունը: ՌԴ պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով հաղորդում է գիշերվա ընթացքում «հաջողությամբ խոցված» ուկրաինական տասնյակ ԱԹՍ-ների մասին, որ, եթե հավատալու լինենք, կարևոր նշանակության ոչ մի օբյեկտի վնաս չեն պատճառում:
Կարճ ժամանակ անց, սակայն, մամուլում տեղեկություններ են հայտնվում «քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և վիրավորների» մասին: Եթե ուկրաինական ԱԹՍ-ները ոչնչացվում են, ապա ո՞րն է, ասենք, Բելգորոդի մարզի X «խուտորի» խաղաղ բնակչի զոհվելու կամ վիրավորվելու, կամ նրա ավտոմեքենայի խոցման պատճառը:
Միջին-վիճակագրական քաղաքացին, ընթերցողը նման «մանրուքների» վրա չի կենտրոնանում: Նա տպավորվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունից և հավատում, որ ռուսական ՀՕՊ և հակահրթիռային, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներն աշխարհում լավագույնն են: Բայց այդ պաթետիկան ավելի բարձր «նոտայի» հասցնելու քարոզչական փորձերը փչացնում են ընդհանուր ֆոնը:
Regnum-ը, օրինակ, գրում է, որ օրերս ՌԴ ԶՈՒ հարվածային բրիգադներից մեկի գրոհային զինվորներից մեկն ուկրաինական ԱԹՍ-ն ոչնչացրել է …ավտոմատի խզակոթի հարվածով: Ըստ վարկածի՝ զինվորը ենթարկվել է դրոնի գրոհի, բայց կարողացել է ավտոմատի խզակոթով հարվածել և պայթեցնել մահացու սարքը: Նա բեկորային վնասվածքներ է ստացել, բժիշկներին հաջողվել է նրա կյանքը փրկել:
Այս պատմությունը, գուցե, իրականության հետ աղերս ունի, բայց հիշեցնում է ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմի մասին նկարահանված ֆիլմերի այն տեսարանը, երբ գերմանական ռմբակոծիչը կամ կործանիչը գրոհում է խորհրդային դիրքերը, իսկ խրամատներից նրա դեմ հրացանային կրակ է բացվում:
Հազար կրակոցից մեկն, ինչ խոսք, կարող էր խոցել գերմանական ինքնաթիռի բենզաբաքը կամ սպանել օդաչուին: Ռուսաստանցի հազար զինվորից մեկը, գուցե, ավտոմատի խզակոթով կարողացել է պայթեցնել ուկրաինական դրոնը, բայց դա որպես քարոզչական նյութ ոչ միայն անպիտանի, այլև վնասակար է:
Ստացվում է, որ Ռուսաստանը «կամավորագրվածներին» քարոզում է, որ ուկրաինական ԱԹՍ-երի դեմ կարելի է և պետք է պայքարել նաև կամ հենց առաջին հերթին՝ մերկ ձեռքերով:
Ֆաշիզմի դեմ հաղթանակի մասին ԱՄՆ նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգներին մեծ օգնություն է ցուցաբերել Ռուսաստանը (Խորհրդային Միությունը)՝ տալով 60 միլիոն մարդկային զոհ: Այս թիվը, իհարկե, իրական չէ:
Բայց Դոնալդ Թրամփը, կարծես, ակնարկել է, որ նման գնով ցանկացած հաղթանակ ի վերջո վերածվում է պարտության: Նա ֆաշիզմի և կոմունիզմի դեմ ԱՄՆ հաղթանակը գնահատել է նույն հարթությունում: Ավտոմատի խզակոթով դրոն ոչնչացնելու քարոզչությամբ, իրոք, ռազմավարական հաղթանակ չես ունենա:
Բաց մի թողեք
Արցախի կորստից հետո չի լինելու ՀՀ, ժամանակի խնդիր է լինելու
Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների օրը նշանակված է. ԿԸՀ-ն պարզաբանել է
Մարտուն Գրիգորյանը որոշել՝ առաջադրվելու է Գյումրու քաղաքապետի ընտրություններում