Թեպետ Հայաստանի իշխանությունները եւ նրանց սրտի մի քանի իրավապաշտպաններ անդադար պնդում են, որ Հայաստանում ժողովրդավարությունը ծաղկում է, իսկ մարդու իրավունքները չեն ոտնահարվում, ամեն ինչ փաստում է միանգամայն այլ բանի մասին:
Բանակում 2 զինծառայող ունեցող մի կին դիմել է «Հրապարակի» խմբագրություն` կոնկրետ բողոքով: Բանն այն է, որ վերջին շրջանում մի որոշում է ընդունվել, համաձայն որի՝ կարգապահական վաշտում անցկացված ժամանակահատվածը չի համարվում զինվորական ծառայության ընթացք: Այսինքն` եթե զինվորը զինծառայության 2 տարվա ընթացքում, ասենք, 30 օր կարգապահական պատիժ է կրել, նրա զինծառայությունը երկարացնում են եւս 30 օրով: Մեզ դիմած քաղաքացին վրդովված էր, իր տղաներն արդեն պետք է տուն վերադարձած լինեին, սակայն նրանց ասվել է, որ մի քանի շաբաթով իրենց ծառայությունը երկարացվել է, քանի որ խախտում են թույլ տվել:
Ահազանգի հետքերով դիմեցինք պաշտպանության նախարարություն՝ հասկանալու, թե ինչի մասին է խոսքը: «Կարգապահական վաշտում անցկացրած օրերը ծառայություն չեն հաշվարկվում՝ 2023 թվականի ապրիլին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների եւ լրացումների հիման վրա: Տվյալ կարգավորումը եւ հաշվարկման կարգը սահմանված են նշված օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ու 3-րդ մասերում: Զինծառայողներին այդ մասին պատշաճ իրազեկվում է ծառայության առաջին իսկ օրվանից»,- ասաց ՊՆ խոսնակը:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը մեզ հետ զրույցում ասում է, որ խորությամբ ծանոթ չէ այս փոփոխությանը, սակայն հիշում է, որ նման կարգեր գործում էին ԽՍՀՄ տարիներին. «Նման բան կար սովետի ժամանակ: Այն ժամանակ էլ, երբ ինչ-որ քրեական գործով դատում էին` խոսքը ժամկետային զինծառայողների մասին է, պատիժը կրելուց հետո պարտադիր ծառայությունը պետք է շարունակեին: Բայց դա սովետի ժամանակ էր, հիմա այլ ժամանակներ են, իսկ թե ինչու են հիմա նման բան անում, բարդ է ասելը»:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն այս նորամուծությունը` ժամանակակից բանակում, «պարզապես խայտառակություն» որակեց: Ինչ վերաբերում է նրան, որ զինվորը բանակում կարող է վեճի մեջ մտնել, կռվել եւ պատժվել, դա արդեն իսկ բանակի թերացումն ու խնդիրն է։ «Ինչպես միշտ, անտրամաբանական որոշումներ, սա էլ այդ շարքից է, պատկերացրեք՝ նույնկերպ տանեն քրեակատարողական պատժախուց եւ նորից հաշվեն։ Հիմարություն է սա: Տրամաբանություն չկա: Ի դեպ, եթե զինվորը պարբերաբար` մեկ-երկու անգամից հետո նորից հատուկ կարգապահական վաշտ գնալու խնդիր է ունենում, նշանակում է՝ պատժողական քաղաքականության մեջ է խնդիրը, այնտեղ մի բան այն չէ: Այս որոշումը դեմ է զինվորի իրավունքներին, այսպես վարվել չի կարելի: Տրամաբանության մեջ չտեղավորվող որոշում է սա»,- նշեց Հովհաննիսյանը:
Բաց մի թողեք
Կալանավորներին ուղեկցողների դեֆիցիտ կա, դատերը հետաձգվում են
Վանաձոր քաղաքում դիտահորերի կափարիչների վրա գրված է Ստամբուլ․ Լուսանկար
Փաշինյանի ֆանատները փոշմանել են