31/01/2025

Տարասովը Ռուսաստան-Ադրբեջան լարվածությունը, այդուհանդերձ, ստրատեգիական չի համարում

Ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի կործանումից հետո ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը շարունակվում է ու նոր դրսեւորումներ ստանում, այդ թվում՝ տեղեկատվական հարթությունում։

Հրապարակ թերթը գրել է․ Ադրբեջանը Մոսկվային մեղադրեց Ադրբեջանի դեմ ուղղված ապատեղեկատվության մեջ, ՌԴ դեսպանը կանչվեց Բաքու, Մոսկվայի տունը մեղադրվեց լրտեսական գործունեության մեջ։ Ավելի վաղ էլ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաեւն էր կանչվել Ռուսաստանի ԱԳՆ՝ ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումների համար։

Մեծ քաղաքականության մեջ, իհարկե, նման զարգացումները պատահական չեն եւ վկայում են այն մասին, որ երկրների միջեւ ամեն ինչ չէ, որ հարթ է։ Ինչո՞ւ է Ալիեւը փորձում «ատամ ցույց տալ» Մոսկվային։ Ռուսական վերլուծական շրջանակները ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների այս լարվածությունը թեեւ ֆունդամենտալ չեն համարում, բայց շեշտում են՝ դա մերձավորարեւելյան զարգացումներով ու Հարավային Կովկասում հնարավոր սցենարներով է պայմանավորված։

«Մերձավոր Արեւելքում լուրջ գործընթացներ են տեղի ունենում, Թրամփն է հայտնվում, նոր նրբերանգներ են ի հայտ գալիս թուրքական ուղղությամբ, Էրդողանը մշտապես խորհրդակցում է Ալիեւի հետ, Սիրիայում՝ քրդական գործոնով պայմանավորված, որոշակի զարգացումներ են սպասվում, եւ, հասկանալիորեն, այս հանգամանքները որոշակիորեն գրգռում են կողմերին»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում իրավիճակն այսպես է մեկնաբանում ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։

Նրա խոսքով, ռուսական ԶԼՄ-ներում, իսկապես, Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների ու ինքնաթիռի միջադեպի հետ կապված որոշ քննադատական հրապարակումներ եղան, բայց Ադրբեջանը, չգիտես ինչու, ոչ ստանդարտ արձագանքեց խոսքի ազատության այդ դրսեւորումներին՝ Բաքվում ՌԴ դեսպանին կանչելով ԱԳՆ։

Տարասովի խոսքով, Ռուսաստանում ազատ մամուլ կա, որը չի ղեկավարվում Կրեմլի կողմից, ի տարբերություն ադրբեջանական ԶԼՄ-ների, որոնց նկատմամբ տոտալ վերահսկողություն է։ Ռուս վերլուծաբանն արձանագրում է հակառուսական հրապարակումներն ադրբեջանական մեդիայում, մասնավորապես՝ ուկրաինական կոնֆլիկտի թեմայով, ու նկատում, որ Մոսկվան դրանց ավելի զուսպ է վերաբերվում։

Ադրբեջանի քաղաքականությունը մեր զրուցակիցը նաեւ ռուս-իրանական ռազմավարական համագործակցության ստորագրմամբ է բացատրում, ասում է՝ Բաքվի լրատվամիջոցները, օրինակ, անդրադարձան Ադրբեջանի տարածքով ռուսական գազն Իրան հասցնելու հայտարարությանը, հարցնելով՝ արդյո՞ք Բաքվի հետ կոնսուլտացիաներ եղել են։ Ալիեւը, ինչպես Տարասովն է նկատում, այս հարցում լռեց, խոսեցին ԶԼՄ-ները։

«Տպավորություն է, թե բոլորը սպասում են Հարավային Կովկասում Թրամփի քաղաքականությանը։ Ադրբեջանը, իհարկե, կնախընտրեր թե՛ ՌԴ-ից, թե՛ ԱՄՆ-ից հավասար դիստանցիոն քաղաքականությունը, բայց մենք հասկանում ենք, որ գոյություն ունեն Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները, եւ այդ հարաբերություններում կողմերից որեւէ մեկը մյուսի ոտքին կշռաքար է, եւ նրանք բացարձակապես ինքնուրույն քաղաքականություն վարել չեն կարող։ Հատկապես՝ այն իրավիճակում, որ Իրանը մի կողմից Ռուսաստանի հետ փաստաթուղթը ստորագրեց, մյուս կողմից չհրաժարվեց բանակցություններից ԱՄՆ-ի հետ, եւ եթե Իրանին հաջողվի դուրս գալ մեկուսացումից, Ադրբեջանի համար լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որովհետեւ ադրբեջանական նավթի արտահանումը հարված կկրի։ Իրանն իր նավթն ու գազն ունի, որի վրա էմբարգո կա, այն հանելուց հետո համաշխարհային շուկայում կնվազի ադրբեջանական գազի պահանջարկը։ Նման հարցեր կան, որոնց շուրջ քննարկումները կուլիսներում են ընթանում»,- բացատրում է վերլուծաբանը։

Տարասովը Ռուսաստան-Ադրբեջան լարվածությունը, այդուհանդերձ, ստրատեգիական չի համարում ու բնութագրում է որպես տակտիկական՝ նկատելով, որ հետխորհրդային տարածաշրջանում սա առաջին նման դրսեւորումը չէ․ «Նայեք միջինասիական երկրներին՝ Ղազախստանին, Ուզբեկստանին։ Հետխորհրդային տարածաշրջանի երկրները վախենում են Մոսկվայի հզորացումից, նրանք վախենում են Խորհրդային Միություն-2-ի ստեղծումից, բայց դա չի լինի»։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում Թրամփի քաղաքականությանը, Տարասովն ասում է՝ այստեղ դեռ հստակություն չկա, բայց, ամենայն հավանականությամբ, նա Կովկասը կթողնի Ռուսաստանին, մինչդեռ Հայաստանի իշխանություններն արդեն իսկ կողմնորոշվեցին՝ Բայդենի ադմինիստրացիայի հետ ստորագրելով ռազմավարական գործընկերության կանոնակարգը։ Ու այստեղ, Տարասովի խոսքով, հարց է՝ Թրամփը հավատարիմ կմնա՞ փաստաթղթին, թե՞ ոչ։

«Վրաստանը նա հանձնեց, դադարեցրեց ֆինանսավորումը, մեզ մոտ տպավորություն է, որ նա ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Կովկասը կհանձնի Մոսկվային, հետեւաբար, Բաքուն այս իրավիճակում լարվում է, որովհետեւ հարցն այն է, թե ինչ նշանակություն կտրվի թուրք-ադրբեջանական ալյանսին։ Ասադի հեռացումից հետո Թուրքիան՝ ինքը, Սիրիայում լուրջ խնդիրների մեջ ընկավ՝ Իսրայելի հետ կապված, այստեղ իրավիճակը հեշտ չէ։ Հիմա Անկարան եւ Բաքուն փակ կոնսուլտացիաներ են վարում, թե այս համատեքստում ինչ ընդհանուր դիրքորոշում որդեգրել Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ»,- շարունակում է ռուս վերլուծաբանը։

Հարցին՝ արդյո՞ք ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին Հայաստանի համար Ռուսաստանի հետ խաթարված հարաբերությունները վերականգնելու հնարավորություն է բացվում։ Տարասովն արձագանքում է՝ ռուս-հայկական հարաբերությունների խնդիրն Ադրբեջանը չէ, այլ՝ Հայաստանի իշխանության քաղաքականությունը։
«Եթե Հայաստանը շարունակի Արեւմուտքի հետ նույն քաղաքական կուրսը, Մոսկվան երկար չի հանդուրժի, իսկ եթե Հայաստանը դուրս գա Մոսկվայի հետ դաշինքից, կաշխատի, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի նախագիծը, որն Ադրբեջանի պահուստային տարբերակն է։ Հայաստանը պարզապես կդառնա Երեւանի խանություն»,-գուժում է մեր զրուցակիցը՝ կրկին շեշտելով, թե Ռուսաստանը Խորհրդային Միությունը չէ, եւ մտածել, որ նա անպայման ուզում է տիրել Հայաստանին, Վրաստանին ու Ադրբեջանին, ճիշտ մոտեցում չէ։

«Հասկանո՞ւմ եք, մենք ընտրություն ունենք, հետխորհրդային տարածաշրջանում ոչ բոլոր նախկին խորհրդային հանրապետություններն են մեզ հարկավոր անգամ միութենական պետության կազմում, եւ հարցն ամենեւին էլ սա չէ։ Դուք տեսեք, թե Մոսկվան որքան զուսպ է Հայաստանի հետ հարաբերություններում՝ մենք չենք խզում հարաբերությունները, այն դեպքում, երբ Հայաստանը սառեցրել է մասնակցութունը ՀԱՊԿ-ում, ԵՄ անդամակցություն է որդեգրել, ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրել։ Մենք չենք խզում հարաբերությունները, բայց ինչ-ինչ իրավիճակում կարող ենք «օդերը փակել», եւ վերջ»,- նկատում է Ստանիսլավ Տարասովը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունների ամբիցիաները կարող են կործանել հայ ժողովրդին, որը դավաճանված է իր իսկ իշխանության կողմից։