Թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը լրագրողներին երեկ հրավիրել ասուլիսի, եթե ընդամենը մի քանի օր առաջ Հանրայինի եթերում ծավալուն հարցազրույց էր տվել, Ֆեյսբուքում էլ, քիչ է ասել` ակտիվ է, դրան գումարած` խոսում է Ազգային ժողովում, կառավարությունում, արդեն արդուկը միացնում ես` նրա ձայնն է լսվում, այդպես էլ պարզ չդարձավ։
Ավելի քան 4 ժամ տեւած ասուլիսում Փաշինյանը սենսացիոն մտքեր չհայտնեց, ճիշտ հակառակը՝ ավելի խճճվեց իր ստերի մեջ, արդեն անգամ «կռուտիտը» լավ չի ստացվում: Ասենք` ավելի լավ պատասխան չգտավ, քան ասելու, որ չի հիշում, թե 2021-ին ինքը «շինել» բառն է գործածել ընդդիմադիրներին պատժելու համատեքստում: Նաեւ հետ կանգնեց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու օրեր առաջ արած հայտարարությունից։
Բայց վերլուծաբաններն ասուլիսից մի տպավորություն էին ստացել, որ նա Սյունիքը հանձնելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» տալու հող է նախապատրաստում։ Ասուլիսի նախորդ օրը «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել էր Մեղրին Արցախի հետ փոխանակելու վերաբերյալ ռեպորտաժ. «Երբ, ով եւ ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի»։ Հղում անելով Պետդեպի պաշտոնյաներին՝ ներկայացրել էին, որ տարածքների փոխանակման գաղափարը քննարկվել է Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիեւ տետ ա տետ հանդիպումների ժամանակ։ Եվ իշխանական գրեթե բոլոր լրատվամիջոցներն ընդգրկել էին այդ հարցն իրենց հարցաշարում, իսկ Փաշինյանի պատասխանների տողատակերից հասկանալի դարձավ, որ հերթական անգամ «մաքրվում է» Արցախի կորստից՝ մինչեւ իրեն են հանձնել:
Փաշինյանը, որ Արցախը դեռեւս 90-ականներին Ադրբեջանի մաս ճանաչելու շուրջ բանավեճի էր հրավիրել ՀՀ նախկին նախագահներին, մի քանի մեջբերում անելով հրապարակված նյութից՝ հայտարարեց․ «Այդ դիվանագիտական փաստաթղթերի հրապարակումը փակեց թեման։ Հիմա ես նույնիսկ կարող եմ ասել` բանավեճի չեմ էլ հրավիրում երեք նախագահներին, որովհետեւ արդեն էլ բանավիճելու բան այլեւս չկա։ Այդ հրապարակված փաստաթղթերը բանավեճերը դարձրին կատարելապես անիմաստ»,- հայտարարեց նա։ Ասուլիսին հայտնած միակ նորությունը թերեւս այն էր, որ Ադրբեջանին արված՝ հեռահաղորդակցությունների ապաշրջափակման առաջարկին դրական պատասխան կստանան։
Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերին Կազանում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը նախ բանավոր, ապա գրավոր առաջարկ էր արվել հայկական կողմից՝ կապուղիների ապաշրջափակման մասին, շուրջ 3 ամիս անց գրավոր պատասխան Ալիեւը դեռ չի տվել, սակայն Փաշինյանը հույս ունի, որ առաջարկը չի մերժվի։ «Դա նույնիսկ առաջարկ էլ չէ, այլ հարցի լուծում է, որը, մեր գնահատմամբ, հաշվի է առնում ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի դիրքորոշումները։ Եվ դրանց հաշվառմամբ առաջարկել ենք, որ Ադրբեջանի արեւմտյան շրջաններից լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախիջեւանի հետ եւ հակառակ ուղղությամբ՝ ՀՀ տարածքով, կոնկրետ Մեղրիով։ Քանի որ մյուս երկաթուղիները, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ կան Տավուշի մարզում, Հաղարծինի հատվածում այնպիսի սողանքային ավերածություններ են, որ երկաթուղու վերականգնումը մեծ ներդրումներ է պահանջում։ Էժան ու իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղով է։ Նույն տրամաբանությամբ, Երասխից դեպի Մեղրի՝ Նախիջեւանի տարածքով։ Ինչպես նաեւ Հայաստանը Ադրբեջանի տարածքով ճանապարհ ունենա միջազգային առեւտրի համար, եւ Ադրբեջանն էլ՝ Հայաստանի տարածքով միջազգային առեւտրի համար»,- տեղեկացրեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս փուլում կսկսեն բեռնափոխադրումները, իսկ հետո, երբ մթնոլորտն ավելի հանդարտ լինի, կմտածեն արդեն ուղեւորափոխադրումների մասին։ «Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ` չի նշանակում ՀՀ իրավազորության շրջանցումով»,- մանիպուլացրեց Փաշինյանը: Ինչ ասել է անխոչընդոտ, այդպես էլ չհստակեցրեց՝ փիլիսոփայեց, թե մեզնից յուրաքանչյուրն ամեն օր աշխատանքի գնալիս անխոչընդոտ հասնում է նպատակակետին, սակայն դա չի նշանակում, որ կարող է արհամարհել ՀՀ սահմանած օրենքները։
Ի դեպ, մեկ օր առաջ էլ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարարի հետ ասուլիսում հայտարարեց, որ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում հայկական կողմից հնարավոր են որոշակի «պարզեցումներ»։ Կրկնեց «ինքնիշխանության» մասին շուտասելուկը, սակայն մի քանի անգամ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է «պարզեցնել ընթացակարգերը» ճանապարհներին։ «Պարզեցում», «անխոչընդոտ» արտահայտությունները յուրաքանչյուրը կարող է յուրովի հասկանալ, բայց ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը հերթական միակողմանի քայլն է անելու՝ թուրք-ադրբեջանական տանդեմին տրամադրելով բաղձալի միջանցքը։
Ինչ ասել է «անխոչընդոտ, բայց առանց իրավազորության շրջանցման» երթեւեկություն, արդյո՞ք դա չի ենթադրում միջանցքային տրամաբանություն՝ հարցրինք ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին։ «Իմ մասնագիտության մեջ «անխոչընդոտ» հասկացությունը չկա։ Անխոչընդոտ բեռնափոխադրում նշանակում է՝ որեւէ երկիր մյուս երկրի տրանսպորտային միջոցներն իր երկրի տարածք մուտք գործելիս առնվազն իրականացնում է երկու տեսակի հսկողություն՝ սահմանային եւ մաքսային, այս գործառույթներն ավարտելուց հետո ապահովում է այդ բեռնափոխադրումների անխոչընդոտ երթեւեկելը․ միջպետականի դեպքում՝ տրանզիտով, եթե վերջնակետը ՀՀ-ն է, ապա՝ մինչեւ վերջնակետ, բնականաբար, իրականացնելով ներքին անվտանգության միջոցառումներ, այսինքն՝ անխոչընդոտը չի նշանակում, որ քո սահմանները պետք է բացես ու թույլ տաս անարգել անցնեն, հակառակ դեպքում դա կարող է անգամ միջանցք չլինել»։
Անանյանը հորդորում է չհավատալ ՀՀ իրավազորությունը չշրջանցելու նրա հավաստիացումներին․ «Գիտեք, առաջին անգամը չէ` վարչապետի խոսքի եւ գործի մեջ տրամագծորեն հակասություն է նկատվում: Այն, ինչ ասում է այսօր, հաջորդ պահին հակառակ իրագործումն է տեղի ունենում, ուստի ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ինչ է ասում ինքը հիմա, ինձ հետաքրքրում է, թե այս պահին իր ասուլիսն ինչպիսի պայմաններում տեղի ունեցավ, պատմական, աշխարհաքաղաքական ինչպիսի իրադարձությունների պահին, եւ դրան ինչ իրադարձություններ նախորդեցին։ Ծագումով ադրբեջանցիների պարի տեսանյութը Հանրապետության հրապարակում, «Ազատություն» ՌԿ-ն հրապարակում է մի նյութ, որը հղում է անում ԱՄՆ Պետդեպի պաշտոնական գրագրություններին, դա նշանակում է, որ այդ տեղեկատվությունը, որ դեռեւս 1990-ականներին հայտնի էր դիվանագիտական շրջանակներին եւ աշխարհաքաղաքական բոլոր խաղացողներին, սրանք կարծես տրիգերներ լինեն, որ փորձում են նախապատրաստել ժողովրդին, որ մենք վաղուց ենք հանձնել, դուք պետք է հաշտվեք ․․․ եթե այս ամենն այս փուլում է ջրի երես դուրս գալիս, դա ինչ-որ բան նշանակում է․․․ Նշանակում է Սյունիքի հետ կապված գործընթացներ: Ըստ էության, մեկնարկել է Սյունիքը հանձնելու գործընթացը, հիմա գնում է դրա փաթեթավորման գործընթացը»,- ասաց Անանյանը եւ եզրափակեց․ «Ինձ հետաքրքրում է ոչ այնքան, թե ինչ է պատրաստում Նիկոլ Փաշինյանը, որքան՝ ի վերջո, մեր ժողովրդի մոտ արթնանալո՞ւ է ինքնապաշտպանական բնազդը»։ Նա վստահ է, որ այդ բնազդն արթնացնողներ, անկասկած, լինելու են․ «Հայաստանում կան շատ պարկեշտ, հայրենասեր մարդիկ, որոնք կարող են միավորվել, համախմբվել, հույս ունեմ, որ տեսանելի ապագայում դա տեղի կունենա»։
Բաց մի թողեք
Ոստիկանների հետ առերեսում է եղել, նրանք հրաժարվել են իրենց արածից
ՔՊ-ն քննարկումների մեջ է
Մի ասեք՝ Փաշինյանի մեղքերը, ասեք՝ սխալները, նոր ընդդիմություն է ձևավորվում