«Թրամփի վարչակազմը հերթով փակում է ամերիկյան՝ միջազգային օգնություն հատկացնող առաջատար կառույցները:
Երեկ հայտնի դարձավ, որ փակվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակը, որը հիմնականում պատասխանատու է այլ երկրներին օգնության համակարգման համար:
Կազմակերպության աշխատակիցներին կեսգիշերն անց էլ. փոստով ծանուցում են ուղարկել՝ աշխատանքի չներկայանալու վերաբերյալ:
Ի դեպ, գրասենյակը փակելը Թրամփի եւ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի համատեղ որոշումն է, որն արվել է պետական ծախսերի կրճատման համատեքստում:
«Այդ կազմակերպությունը ղեկավարվում է արմատական խելագարների խմբի կողմից», – ավելի վաղ հայտարարել էր Դոնալդ Թրամփը:
«Ժողովուրդ» օրաթերթը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվել է, թե ինչ ճակատագիր է սպասվում ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակին եւ ծրագրերին, որոնք այս կազմակերպության աջակցությամբ են իրականացվում:
«Տեղեկությունները շատ հակասական են. երբեմն որոշ հուսադրող տեղեկություններ են ստացվում, երբեմն էլ Թրամփի եւ Իլոն Մասկի հայտարարությունները, որ վճռական են տրամադրված կազմակերպությունը փակելու հարցում:
Ինչ վերաբերում է USAID-ի հայաստանյան գրասենյակին, ապա ես չեմ կարող իրենց փոխարեն որեւէ բան ասել, իրենք էլ մեկնաբանություն չեն տալիս: USAID-ի ծրագրերից օգտվող կազմակերպություններից մեկը նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն էր, դրամաշնորհ ունեինք, բայց հունվարի 25-ին մեզ internews Հայաստանից տեղեկացրին, որ սառեցվել է ծրագիրը 90 օրով, ոչ մի ծախս չի իրականացվելու՝ մինչեւ նոր հրահանգներ լինեն:
Ապագայի համար որեւէ հստակ տեղեկություն չկա, անորոշ է՝ կշարունակվի՞ ծրագիրը, թե՞ ոչ:
ԱՄՆ դատախազությունն իր եզրակացությունն է ուղարկել դատարան, որ այս որոշումը հակասում է օրենսդրությանը, դատարանում պետք է քննարկում լիներ:
Այն կազմակերպությունները, որոնք պայմանագրեր են կնքել իրենց ծրագրերն իրականացնելու համար, գործ են ունեցել ամերիկյան պետության հետ, եւ սա մարտահրավեր է պետությանը, թե որքանով է այն իր կնքած պայմանագրերին եւ պարտավորություններին տեր կանգնելու»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
Հիշեցնենք, USAID-ն ստեղծվել է 1961 թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու կողմից: Այն գործում է շատ երկրներում՝ Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Հայաստանում…
Հ.Գ. Թրամփը մտադիր է USAID-ն միավորել ԱՄՆ Պետդեպարտամենտին և կրճատել աշխատակազմը։
Սպասվում է, որ Թրամփի վարչակազմն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները