ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների աջակցության գործակալությունից ԱՄՆ հեռանալը միջազգային քաղաքականության ասպարեզում շատ լուրջ ցնցումների նախանշան է և վկայում է, որ Թրամփի նախագահության շրջանում Վաշինգտոնի քաղաքականությունը ոչ մի սենտիմենտ չի ունենալու:
Այդ մասին թելեգրամյան գրառում է կատարել ՌԴ Դաշնային ժողովի Վերին պալատի փոխնախագահ Կոսաչևը: Նրա գնահատմամբ՝ Թրամփն առաջնորդվելու է «օգտակար է այն, ինչ օգտակար է Միացյալ Նահանգներին» սկզբունքով:
Ավելի վաղ Կոսաչևը պաշտոնամուտից հետո Թրամփի առաջին մամուլի ասուլիսի առթիվ ասել է, որ Ուկրաինայի հարցում նա հստակ դիրքորոշում չունի, ինչը շատ ավելի հարցերի տեղիք է տալիս, քան մինչ այդ: Փետրվարի 4-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեղինակային հոդված է հրապարակել, որտեղ նմանություն է տեսել Թրամփի «ամեն ինչ Ամերիկայի համար» դիրքորոշման և «Գերմանիան ամեն ինչից վեր է» հիտլերյան կարգախոսի միջև:
Նույն օրն, ի դեպ, Միացյալ Նահանգների նախագահը հրամանագիր է ստորագրել և ամբողջ ծավալով վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները: Այդ առթիվ նա ասել է, որ կարծում է՝ Թեհրանում իրեն «ուշադիր լսում են»: Իսրայելական մամուլը, մինչդեռ, տպավորություն ունի, որ վարչապետ Նաթանյահուն վաշինգթոնյան բանակցություններում ցանկալի արդյունքի չի հասել: Իրանին վերաբերող հարցին ի պատասխան Դոնալդ Թրամփը նույնիսկ չի ասել, թե «բոլոր տարբերակները սեղանին են»:
Փորձագետները կարծիք են հայտնել, որ Թրամփը մերժել է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին Իսրայելի վարչապետի առաջարկությունը: Փոխարենը նա կենտրոնացել է Գազայի խնդրի վրա և թույլ տվել դիվանագիտական վրիպում: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը կտրուկ հերքել է Թրամփի հավաստիացումը, որ սաուդցիները Պաղեստինի անկախ պետություն չեն պահանջում:
Քաղաքական տրամաբանությունից ելնելով՝ Թրամփի ոչ սենտիմենտալ արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի համար պետք է ընդունելի լինի, քանի որ Մոսկվան միջազգային հարաբերությունների համար չափանիշ է սահմանել գետնի վրա իրողությունների գերակայությունը:
Կոսաչևի գրառումից, մինչդեռ, հասկացվում է, որ Թրամփի գերպրագմատիզմը Ռուսաստանի համար լրջագույն խնդիր է: Դա պայմանավորված է նրանով, որ ոչ սենտիմենտալության քաղաքական դրսևորումը ուժի չափանիշի ցուցադրումն է: Ռուսաստանցի որոշ մեկնաբաններ ենթադրում են, որ Գրենլանդիային տիրելու ձգտումը պայմանավորված է ամերիկյան «աստեղային պատերազմի» նոր ծրագրով:
Այդ մասին առաջին անգամ հայտարարվել է Ռոնալդ Ռեյգանի նախագահության շրջանում: Ամերիկյան «աստեղային պատերազմին» դիմակայելու անհրաժեշտությունը ԽՍՀՄ-ին մղել է կտրուկ ավելացնել ռազմական ծախսերը: Ֆինանսների սղության պատճառով սոցիալ-տնտեսական իրավիճակը սրվել է: ԽՍՀՄ փլուզման հիմնական պատճառ համարվում է սպառազինությունների մրցավազքը:
Եթե Թրամփի վարչակազմն իրոք մտադիր է Գրենլանդիան վերածել «աստեղային պատերազմի ռազմահենակայանի», ապա Ռուսաստանը պետք է հակակշիռ ստեղծի: Իսկ դա պահանջում է ահռելի ֆինանսական հատկացումներ անել: Կոսաչևը, հավանաբար, նկատի ունի այդ հավանականությունը, երբ միջազգային քաղաքականության ասպարեզում լրջագույն ցնցումներ է կանխատեսում:
Ուկրաինայի հարցում Թրամփի զիջողականությունն, այսպիսով, կարող է բերել «ձրի պանիրը միայն թակարդում է լինում» իրավիճակի, երբ Ռուսաստանը կստանա հիմնովին ավերված որոշ տարածքներ, բայց հարկադրված կլինի ունեցած միջոցները ծախսել «աստեղային պատերազմի» ամերիկյան ծրագիրը հակակշռելու ուղղությամբ:
Ընդ որում՝ արդեն նույնիսկ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարն է ստիպված հայտարարել, որ ԲՐԻԿՍ-ում դոլարին հակակշռող արժույթ ստեղծելու հարց չի քննարկվում: Մինչդեռ այդ մասին մի քանի անգամ անձամբ Ռուսաստանի նախագահն է հայտարարել: «Ամեն ինչ Ամերիկայի համար» մոտեցումն, այսպիսով, կարող է իրոք բերել ցնցումների եւ նոր հակամարտությունների: Նման բեռ կրելու բավարար ռեսուրսներ Ռուսաստանն ակնհայտորեն չունի:
Իսրայելցի փորձագետներից մեկը դիտարկել է, որ Գազայի հարցում «գրկախառնվելով Նաթանյահուի հետ՝ Դոնալդ Թրամփը լուծում է Մերձավոր Արևելքն ամբողջությամբ ԱՄՆ ռազմավարական շահերի ոլորտին ներգրավելու հարցը»: Մոսկվայում, երևում է, զգուշացած են, որ «Դոնբասը նվեր ստանալով»՝ կարող են հայտնվել գլոբալ դիմակայության ծուղակում: ԻՆչպես Ռեյգանի նախագահության շրջանում՝ ԽՍՀՄ-ը:
Բաց մի թողեք
«Զանգեզուրի միջանցք» ասվածի հարցում մենք որևէ մեկի հետ գործարքի չենք գնա, մենք կատակ չենք անում. Իրանի դեսպան
ՀՀ-ն չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը Միջազգային քրեական դատարանում, թեև իրավունք ունի հետ վերցնել հայցերը. Օկամպո
Թրամփի երկակի խաղը Իսրայել – Իրան փոխհրաձգություններում