06/02/2025

20-ամյա վարորդը «Nissan»-ով շներից խույս տալիս բախվել է գազախողովակի և շրջվել. Լուսանկար

Այսօր՝ փետրարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 08:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Աշոտ Պ.-ն իր վարած «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենայով Արագածոտնի մարզից դեպի Արմավիրի մարզ ընթանալիս՝ Շահումյան բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, և գլխիվայր հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդ Աշոտ Պ.-ին և ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Ս.-ին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, սակայն վերջիններս հայտնել են, որ իրենք չեն տուժել ու հրաժարվել են հիվանդանոց մեկնել:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ վթարի պատճառը եղել է այն, որ թափառող մի քանի շուն հայտնվել են վարորդի ավտոմեքենայի առջև, ու վարորդը, որպեսզի չհարվածի կենդանիներին, խույս է տվել, սակայն կորցրել է մեքենայի կառավարումն ու տեղի է ունեցել վթարը:

20-ամյա վարորդը «Nissan»-ով շներից խույս տալիս բախվել է գազախողովակի և շրջվել. Shamshyan