22/03/2025

Ալիևը կմիանա՞ Թրամփին «չեղարկելու» Էրդողանի թրենդին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քառօրյա ուղևորության է մեկնել Մալայզիա, Ինդոնեզիա և Պակիստան։ Այդ առթիվ նա Աթաթուրքի անվան օդանավակայանում մամուլի ասուլիս է հրավիրել և չափազանց կարևոր հայտարարություն արել․ «Ոչ ոք չի կարող Գազայի բնակիչներին արտաքսել իրենց հավերժական, հազարամյա հայրենիքից»։

Գազայի բնակիչներին հարևան արաբական երկրներ տարհանելու գաղափար Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ բանակցություններից հետո հնչեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այդ հայտարարությունը սուր քննադատության են ենթարկել Սաուդյան Արաբիան և Կատարը։ Ավելի վաղ նման ծրագիրն անընդունելի են համարել Եգիպտոսը և Հորդանանը։

Իր միանշանակ հայտարարությամբ Էրդողանը փաստացի «չեղարկել է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեղինակությունը, ինչից կարելի է ենթադրել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների վերբեռնման նրա սպասումները չեն արդարացել։ Մերձավոր Արևելքում ստեղծված նոր իրավիճակի նկատառմամբ Էրդողանի այդ հայտարարությունը կարող է լուրջ բարդությունների տեղիք տալ։

Էրդողանը հայտարարել է, որ չնայած Իսրայելի խարդավանքներին, Գազայի վերաբերյալ պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ։ Նա դրվատել է ՀԱՄԱՍ-ին, որ հավատարիմ է մնում և կատարում է իր պարտավորությունները։

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում լրագրողների հետ վերջին հանդիպմանն Էնթոնի Բլինքենը բացահայտել է, որ ՀԱՄԱՍ-ի բանակցային դիրքորոշմանը նպաստել է Թուրքիայի նախագահի անձնական միջամտությունը։

Էրդողանը, կարծես, հիշեցնում է դա, երբ խոսում է ՀԱՄԱՍ-ի պարտաճանաչության մասին։ Վաշինգտոնում, երևի, դա պետք է հասկանան այնպես, որ պաղեստինյան արմատական կազմակերպությունը կարող է խաթարել Իսրայելի հետ գործարքը, եթե մերձավորարևելյան կարգավորման ծրագիրը հակասի Թուրքիայի շահերին։

Էրդողանը Միացյալ Նահանգներից մի քանի սպասելիք ունի, բայց առաջնահերթը Սիրիայի անդրեփրատյան տարածքներից ամերիկյան երկու հազարանոց զորախմբի հեռացումն է։ Այս հարցում Վաշինգտոնը հստակ որոշում չունի։

Ամերիկյան մամուլում տեղեկություն է տարածվել, որ այդ զորախումբը և քրդական ինքնավարության ավելի քան տասը հազար մարտիկներ իրենց ամբողջ սպառազինությամբ կարող են տեղափոխվել Իրաքի հյուսիս։

Թուրքիայի համար սկզբունքային է քրդական ուժերի զինաթափումը, ոչ թե Սիրիայից Իրաք տեղափոխումը։ Իսկ Իսրայելը, երևում է, լրջորեն մտադրված է Սիրիայում թուրքական ներկայությանը հակակշիռ ստեղծել։

Գազայում ամերիկյան հսկողության հաստատումը կարող էր դիտվել «փոխզիջում», բայց Էրդողանը նախապատրաստվում է երրորդ ժամկետով նախագահական մրցապայքարի և չի կարող Պաղեստինի հովանավորի ռենոմեն փորձության ենթարկել։

Թուրքիան, իհարկե, շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ, բայց Միացյալ Նահանգների նախագահը որքանո՞վ է կարևորում Հյուսիս-ատլանտյան դաշինքը, որպեսզի Մերձավոր Արևելքում հավասարակշռի Իսրայելի և Թուրքիայի հավակնությունները։ Միջազգային մամուլի տպավորությամբ՝ Թրամփն այսօր ավելի հրեամետ է, քան նախագահության առաջին շրջանում։ Վաշինգտոնը պատրաստվում է Իսրայելին ավելի քան յոթ միլիարդ դոլարի սպառազինություններ հատկացնել։

Ի՞նչ ռեսուրսներ ունի Թուրքիայի նախագահը, որպեսզի բացահայտ հակադրվի Գազան «վերակառուցելու» Թրամփ-Նաթանյահու ծրագրին։ Քաղաքական առումով նրա հայտարարությունը պետք է ընկալել որպես արաբական երկրներին, իսլամական աշխարհին հղած կոչ, համախմբվելու հորդոր։

Նրա շրջայցի երեք երկրներն իսլամադավան են։ Էրդողանը հատկապես կարևորել է Պակիստանի հետ ռազմավարական համագործակցության հեռանկարը։ Պակիստանը նաև Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է։ Բաքուն կներգրավվի՞ Գազայի բնակչության «հավերժական, հազարամյա հայրենիքի» պաշտպանության նախագծին։ Ալիևը կմիանա՞ Թրամփին «չեղարկելու» Էրդողանի թրենդին։

Translate »