23/03/2025

Շահրամանյանը թող պատմի՝ ոնց է կարողացել «ախրանիկներով» դուրս գալ, մենք չենք ուզել Ղարաբաղը դատարկվի. Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց երեկվա ճեպազրույցում իր խոսքերը՝ ԼՂ-ում մնալու և կռվելու մասին: Սիմոնյանը նշեց, որ ինքն արցախցիների մասին ընդհանրական որևիցե բան չի ասել։

«Շատ ու շատ մարդիկ իրենց կյանքն են զոհել, դրա մասին չէ խոսքը, իսկ թե ում մասին է խոսքը, բոլորը հասկացել են»,- ասաց նա:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը ստորագրած Սամվել Շահրամանյանի հայտարարությանը՝ Սիմոնյանը նշեց, որ լավ կլինի՝ Սամվել Շահրամանյանը պատմի՝ ինչպես է կարողացել «ախրանիկներով» ԼՂ-ից դուրս գալ։

«Եթե ինքն ինձ հարց ունի, ԱԺ-ում նամակների բաժին կա, կարող է դիմել, ես կքննարկեմ այդ նամակը, միգուցե պատասխանեմ, բայց որևիցե այլ ձևով մեկնաբանելու կարիք չկա»,- շեշտեց նա:

Վերադառնալով արցախցիների՝ մնալու և կռվելու թեմային՝ Սիմոնյանը նշեց, որ խոսել է կոնկրետ մարդկանց մասին:

«Ես ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, ովքեր ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտայի իրենց տներ, որոնք ուզում էին վերադառնալ իրենց ասաբնյակները, որ կառուցել էին Հայաստանում, որոնք իրենց բիզնեսները կառուցում էին ոչ թե Ղարաբաղում, որովհետև ապագա չէին տեսնում, այլ՝ երկրից դուրս։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ այն մարդիկ, որոնց մասին ես խոսել եմ, իրենք դա հասկացել են: Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր զոհվել են, ես ասել եմ՝ փառք ու պատիվ»,- պարզաբանեց ԱԺ նախագահը և հավելեց, որ չէր կարելի դատարկել Լեռնային Ղարաբաղը:

Ըստ Սիմոնյանի՝ տեղի ունեցածը ցավալի է. «Երբ ժամանակը գա, անուններ կտամ, բայց անունների կարիք էլ չկա, ասում եմ՝ այդ մարդիկ առաջին օրվանից ուզում էին Ղարաբաղը դատարկել, դատարկել Ղարաբաղն ու զինվորին կանգնեցնել պոստին ու ասել՝ «դու պաշտպանի, մենք գնացինք»… Ես ժողովրդի հետ ի՞նչ գործ ունեմ, քաղաքական գործիչներին նկատի ունեմ»:

Ըստ ԱԺ խոսնակի՝ ասածի համար չի զղջում, ամեն բան ճիշտ է ասել:

Վերջինիս դիտարկմամբ՝ իր անունը տալիս են, որ քաղաքականության մեջ մտնեն ու «լայքեր» հավաքեն, իրենք չեն ուզել, որ Ղարաբաղը դատարկվի։

Նշենք՝ իր հայտարարության մեջ Շահրամանյանը պահանջել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հրապարակային ներողություն խնդրել»:

Translate »