23/03/2025

«Կյամ գանգդ կոտրիմ հատե տըղ» կամ՝ Սամվել Շահրամանյանի ցինիզմի, երախտամոռության «մաստեր կլասսը»

«Կյամ գանգդ կոտրիմ հատե տըղ»,-այսպիսի «բարի-դրացիական» տոնայնությամբ էր հաղորդակցվում ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության առջև հավաքված հարյուրավոր արցախցիներից ոմանց հետ՝ այդ նույն արցախցիների հռչակած հանրապետությունը իր «հրամանագրով» լուծարած, Սամվել Շահրամանյանը։

Իսկ արցախցիները մի շարք հարցեր ունեին (ունեն) «Ղարաբաղի լուծարիչ»-ին, որը, հիշեցնենք, ոչ թե ԼՂՀ ժողովրդի, այլ ԼՂՀ ԱԺ-ի կողմից ընտրված ընդամենը 9 օրական նախագահ էր, երբ տեղի ունեցավ ռուս-ադրբեջանական «հակաահաբեկչական» օպերացիան, ապաև՝ արցախցիների տեղահանումը։

Մի գործընթաց, որը, ինչպես հայտնի է, ուղեկցվեց ողբերգությամբ, ինչը ԼՂՀ իշխանությունների խայտառակ անկազմակերպ աշխատանքի հետևանք էր։ 2023-ի սեպտեմբերի 25-ին, երբ Արցախում սկսվել էր զանգվածային գաղթը, Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող՝ Պաշտպանության բանակին պատկանող բենզինի պահեստի տարածքում տեղի ունեցավ պայթյուն, որի հետևանքով 218 մարդ զոհվեց, 120-ը վիրավորվեցին, 21-ն էլ համարվում է անհետ կորած։

Արցախցիներն այդ պահեստ էին գնացել, քանի որ ԼՂՀ-ի շրջափակման հետևանքով վառելիքի ճգնաժամ էր առաջացել և շատերը բենզին չունեին, որտեսզի իրենց փոխադրամիջոցներով դուրս գային ԼՂՀ-ից։ Արցախցի մեր հայրենակիցներն, ահա, գնացել էին հիշյալ պահեստ՝ բենզինի իրենց հերթին սպասելու, սակայն զոհ գնացին դժբախտ պատահարին։

Թե որտեղ էին այդ ժամանակ ԼՂՀ պատկան մարմինները Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ և ինչ ավելի կարևոր գործով էին զբաղված, քան ԼՂՀ քաղաքացիների անվտանգ տարհանումը կազմակերպելը, նրանց վառելիքով ու այլ՝ առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելը, նրանց՝ տեղի ունեցած աղետից ապահովագրելը, հայտնի չէ։ Այդ ողբերգության թիվ մեկ պատասխանատուն, ահա, որը մինչև այժմ ներողություն չի խնդրել արցախցիներից իր անգործության համար (ուշացումով՝ միայն ՀՀ տեղափոխվելուց հետո, ցավակցել է), ոչ էլ պատասխանատվության է կանչվել, շատ է ազդվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ արցախցի լրագրողին տրված պատասխանից՝ «պետք էր կռվել»։

Եվ ֆեյսբուքյան նույն էջով, որով 2023-ին ազդարարել էր ԼՂՀ լուծարման հրամանագիր ստորագրելու մասին, «լուծարիչը» հրապարակել է ՀՀ ԱԺ նախագահին ուղղված մի «դատապարտագիր-պարտադրագիր»՝ պահանջելով ներողություն խնդրել արցախահայությունից։ «Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը խիստ դատապարտում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից երեկ խորհրդարանի բարձր ամբիոնից և լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցված գնահատականները՝ կապված արցախցիների պայքարի, հայրենիքի պաշտպանության և Արցախի իշխանությունների գործողությունների հետ, որով փոթորկել է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի՝ առանց այն էլ չխաղաղվող հոգիները:

Այս հայտարարությամբ Ալեն Սիմոնյանը փորձել է նվաստացնել Արցախի ժողովրդի հերոսական պայքարն ավելի քան 9-ամսյա պաշարման և դրանից հետո վրա հասած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ։ ․․․Արցախի իշխանությունները ոչինչ չեն խնայել, որ հայրենիքը պաշտպանած զինծառայողներն իրենց միայնակ չզգան և ռազմական գործողությունների դադարից հետո կարողանան անվնաս դուրս գալ զբաղեցրած դիրքից կամ շրջափակումից:

Արցախի Հանրապետության նախագահը պահանջում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից՝ հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից և զերծ մնալ արցախցիների պայքարն ու հայրենիքի պաշտպանությունը սակարկման ենթարկող որևէ գնահատականից․․․»,-ցինիզմի «մաստեր կլասս» է ցույց տվել Շահրամանյանը, որը, հիշեցնենք, Արցախը լուծարելուց, «բանալիները» Ադրբեջանին հանձնելուց հետո միայն առոք-փառոք, իր «ախռաննիկների» հետ ուղղաթիռով եկավ Հայաստան։

Արցախահայության հերոսական պայքարն, անխոս, ոչ ոք չի կարող նսեմացնել, ԱԺ նախագահի խոսքերում էլ նման միտում փնտրողներն ընդամենը մեկ նպատակ ունեն՝ «չխաղաղված հոգիների» էմոցիաները անամոթաբար շահարկելով իրենց և այլ սուբյեկտների վրայից գցել ԼՂՀ-ին 2023-ին պատուհասած աղետի, տեղահանության փնթի կազմակերպման, զոհերի ու պետության լուծարման պատասխանատվությունը։

«Պետք էր կռվել» կապակցությունը «նսեմացման ակտ» համարող և «Արցախի իշխանությունները ոչինչ չեն խնայել, որ հայրենիքը պաշտպանած զինծառայողներն իրենց միայնակ չզգան» ճամարտակող Սամվել Շահրամանյանի հիշողությունը, թերևս, պետք է թարմացնել․ հիշեցնենք, որ սեպտեմնբերի 19-ի ագրեսիայի կամ «մեկօրյա պատերազմի» հաջորդ օրը նույն վերոհիշյալ կայքը գուժեց՝ «ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ամբողջական լուծարման ու զինաթափման մասին։ Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկան և սպառազինությունը անհապաղ պետք է դուրս բերվի ոչնչացման նպատակով»։

Երբ Սամվել Շահրամանյանը ճամարտակում է հայրենյաց պաշտպան զինծառայողների համար «ամեն ինչ անելու» մասին, հավանաբար նկատի ունի կապիտուլյացիայի այս թուղթը ստորագրելը՝ ՊԲ-ի լուծարումն ու զինտեխնիկայի ոչնչացումը՝ զրկելով զինվորին հանուն հայրենիքի կռվելու հնարավորությունից։

Շահրամանյանի որդին, հընթացս նշենք, այդ օրերին ծառայում էր պաշտպանության բանակում։ Հարկ է նշել, որ «ԼՂՀ լուծարիչը» ՀՀ վերադառնալուց շաբաթներ անց տված իր հարցազրույցում հայտարարել է, որ տեղյակ էին ադրբեջանական հարձակման մասին (ինչը նշանակում է, որ պետք է պլանավորած լինեին նաև քաղպաշտպանությունն ու բնակչության ապահով ու անվտանգ տարհանումը), զինված ուժերը բերվել էին պատրաստվածության, «իսկ երբ սկսվեցին ռազմական գործողությունները, ես հասկացա, որ մենք մենակ ենք այդ ագրեսիայի դեմ, ռուսական կողմը գտնվում էր կարելի է ասել դիտորդի կարգավիճակում, և մենք պետք է մեր հարցերը ինքնուրույն ունակ լինեինք կարգավորելու։

ՊԲ-ի, այլ ուժային կառույցների և նաև մեր բնակչության հետ միասին սկսվել է ռազմական գործողությունների պատասխան գործողությունները։ և հենց այդ գործողությույների շնորհիվ էր, որ հնարավոր եղավ ադրբեջանական կողմի հետ սկսել բանակցություններ, որը տևել է 12 ժամ: Մեր համար պարզ էր, որ անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները, քանի որ ուժերը անհամեմատ էին։ և ինչքան մենք երկար շարունակեինք, էնքան կունենայինք ավելի շատ զոհեր ու կորուստներ։ և իմ նպատակը որպես Արցախի նախագահ կայանում էր նրանում, որ մենք հնարավորինս արագ կանգնեցնեինք ռազմական գործողություններն և խուսափեինք ավելի շատ զոհերից։

Ես ստիպված էի ուղիղ կապ հաստատեի ադրբեջանական կողմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և․․․․սկսեցինք բանակցություններ ռազմական գործողությունները կանգնեցնելու համար։ Ինձ հայնեցին, որ այդ ռազմական գործողություններն ունեն իրենց նպատակը, և եթե չհասնեն իրենց նպատակին, չեն դադարելու։ Նպատակը մեկն էր՝ լրիվությամբ տիրապետել Արցախին։ Հաշվի առնելով այն, որ ադրբեջանական ուժերը շատ մոտ էին գտնվուիմ Ստեփանակերտին՝ Կրկժան կոչվող թաղամասին շատ մոտ, այդ իրավիճակում այլ բան, քան գնալ որոշակի զիջումների, մեզ չէր մնում։ և ես առաջարկել եմ [ադրբեջանցիները] գրավոր ուղարկեն իրենց պահանջները՝ ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու համար»։

ԼՂՀ՝ 9-օր կառավարած նախագահն իր այդ հարցազրույցում խոստովանում է, որ Ադրբեջանը կապիտուլյացիայի փաստաթուղթ էր առաջարկում ստորագրել, որը, սակայն, մերժել են՝ քննարկելով ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ և արդյունքում ընդունել են մի փաստաթուղթ, որով հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, դադարեցվել են ռազմական գործողությունները, հետո էլ տեղի են ունեցել այն բոլոր գործողությունները, որոնց մասին քիչ վերը նշեցինք՝ ՊԲ-ի լուծարում և այլն։ Շահրամանյանի այս պերճախոս ցուցմունքներին ավելացնելու բան չունենք, պարզապես մի դիտարկում՝ երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Շահրամանյանին նախագահի պաշտոնում կարգած օպոզիցիոն կուսակցության ներկայացուցիչները, դրանց տերերն ու հայաստանյան հովանավորներն հրահանգիչները՝ Վիտալի Բալասանյանա-Սերժ Սարգսյանական «կռուժոկը», ՀՀ վարչապետին պիտակեցին «հողատու», «դավաճան», «կապիտուլյանտ»։

Թե ով է կապիտուլյանտը, ով հանձնեց կամ ծախեց Ղարաբաղն ու ինչ հանգամանքներում՝ թող դատի ընթերցողը։ Իսկ նախքան այդ ԼՂՀ տխրահռչակ նախագահի՝ ԱԺ նախագահին ուղված հայտարարության «վերջին ակորդին» անդրադառնանք․ «Սամվել Շահրամանյանը հորդորում է պառակտիչ և վտանգավոր հայտարարությունների փոխարեն ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնն օգտագործել արցախահայության գոյաբանական խնդիրների լուծման համար, ամբողջ էներգիան ու ջանքերն ուղղել արցախցի քույրերին և եղբայրներին առաջարկվող բնակարանային ապահովման տապալված ծրագրի վերանայմանը և բավարար պայմաններ ստեղծել, որ արցախցիները մնան Մայր Հայաստանում»: Սա, ինչպես ասում են, ցինիզմի, երախտամոռության լպիրշագույն դրսևորում է այն սոցիալական ծրագրերի ֆոնին, որոնք իրականացվում են ՀՀ-ի կողմից։

Արցախցիների «չխաղաղվող հոգիների» դարդը քաշող անձը, տպավորություն է, որ սպառնում է ՀՀ իշխանությանը՝ նյութապես ապահովեք մեզ, տնավորեք, թե չէ․․․․կվերցնենք ու Մայր Հայաստանից էլ կգաղթենք։ Պատկերացնում ենք, թե ինչ տիտանական ջանքեր է գործադրել սպորտսմեն Շահրամանյանը, որ ՀՀ առաջնային մանդատով օժտված մարմնի ղեկավարին ուղղված ասելիքը չեզրափակի «կյամ գանգդ կոտրիմ հատե տըղ»-ով։

Translate »