Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ Միացյալ Նահանգներից ստացվել է 1600 հատ 908 կիլոգրամանոց ռումբ, որ հատկացվել են ռազմա-օդային ուժերին և պահեստավորվել:
Ավելի վաղ ամերիկյան մամուլը տեղեկություն է հայտնել, որ Վաշինգտոնն Իսրայելին «կմատակարարի հակաբունկերային ռումբեր»: Փորձագետները համարում են, որ այդ ռումբերը «կարող են խոցել Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտները»:
Իսրայելական մամուլը գրում է, որ այդ ռումբերի համար Նաթանյահուի կառավարությունը վճարել է վաղուց, բայց առաքումը տեղի չի ունեցել, որովհետև Բայդենի վարչակազմն արգելք է սահմանել այն հիմնավորմամբ, որ «ծանր ռումբերի կարող են Գազայի խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի պատճառ դառնալ»:
Ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության՝ ԱՄՆ-ից ստացվում է նաև ծանր բուլդոզերների խմբաքանակ, որի համար նույնպես վճարում կատարված էր, բայց դեմոկրատական վարչակազմը թույլ չէր տալիս առաքում իրականացնել, քանի որ մտավախություն կար, որ դրանք կօգտագործվեն «պաղեստինյան բնակավայրերն ավերելու նպատակով»:
Թրամփի կարգադրությամբ, ինչպես հայտնի է դարձել, երկու արգելքն էլ միաժամանակ վերացվել է: Եվ հարցը ոչ այնքան ծանր ռումբերի առաջին խմբաքանակի և բուլդոզերների առաքումն է, այլ գործարքի քաղաքական նշանակությունը, եթե զինանոցում առկա է սպառազինություն, բանակի ինժեներական ծառայություն ստանում է պատվիրված տեխնիկան, ապա պետք է սպասել, որ գործի են դրվելու թե ռումբերը, թե բուլդոզերները:
Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտների ռմբակոծումն, իհարկե, չափազանց ռիսկային է: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կգերադասեր Թեհրանի հետ խոսել «փաստաթղթերի լեզվով»: Իսկ ահա Գազայի «վերակառուցման» հարցում նա խիստ առավելապաշտ է և համարում է, որ պաղեստինյան անկլավը պետք է հիմնովին հողին հավասարեցվի, ապա վերածվի շինհրապարակի:
Չափազանց ուշագրավ է, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը ծանր ռումբերի և բուլդոզերների առաքման մասին հայտարարություն է տարածել նույն օրը, երբ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն Մյունխենի անվտանգության խորհրդաժողովից հետո ուղևորվում է Մերձավոր Արևելք:
Նրա առաջին կանգառը կլինի Երուսաղեմում: Նախօրեին ՀԱՄԱՍ-ը մերժել է ԱՄՆ նախագահի վերջնագիրը և ազատ է արձակել միայն երեք պատանդի: Ընդսմին, նրանցից մեկը նաև Ռուսաստանի, մյուսն ԱՄՆ քաղաքացի է: Դոնալդ Թրամփը պահանջել էր, որ ազատ արձակվեն բոլոր պատանդները: ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ներկայացուցիչները հայտարարել են, որ դա «կնշանակեր բոլոր խաղաքարտերը հանձնել Իսրայելին»:
ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ի՞նչ ուղերձ է փոխանցելու Իսրայելի վարչապետին, որ մեկ վերջերս է հյուրընկալվել Սպիտակ տանը: Իսրայելի կառավարությունը համաձա՞յն է, որ ԱՄՆ-ը տիրապետի Գազային: Ծանր բուլդոզերների առաքումն ակնարկ է, որ Իսրայելի բանակը պետք է սկսի Գազայի տոփանու՞մը, պաղեստինյան բնակավայրերը հողի՞ն հավասարեցնի:
Տարածաշրջանի արաբական երկրները հրաժարվել են Գազայի բնակիչներին ապաստան տալու առաջարկից: ԱՄՆ-ից վերադառնալու հաջորդ օրը Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնի հետ և պաղեստինցիների տարհանման Թրամփի գաղափարն անվանել «անընդունելի»: Ըստ նախնական տեղեկությունների, եկող շաբաթ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պետք է տեղի ունենա ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների ներկայացուցիչների առաջին հանդիպումը:
Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու, տեւական խաղաղություն հաստատելու ուղղությամբ ԱՄՆ նախագահ Թրամփի գործադրած ջանքերի ֆոնին Գազան «մինչև հիմքերը քանդելու և վերակառուցելու» նրա ծրագիրը, մեղմ ասած, ամենևին էլ պացիֆիստական չէ: Հնարավո՞ր է մի դեպքում լինել խաղաղարար, մյուսում՝ նոր պատերազմի հրձիգ:
Իսկ որ Գազայի ապաարաբականացման նախաձեռնությունը հղի է մերձավորարևելյան լայնածավալ պատերազմի սպառնալիքով, կարծես թե վիճելի չէ: Եթե, իհարկե, չկա Իսրայելը տարածաշրջանային «ժանդարմի» վերածելու համաձայնեցված ծրագիր: Բայց այդ դեպքում Ֆրանսիան ինչո՞ւ է մտադրվել Սիրիայում ռազմական ներկայություն ունենալ, եթե Թրամփը որոշի հեռացնել ամերիկյան զորախումբը:
Բաց մի թողեք
Ումի՞ց է «թաքցվում» տեղեկատվությունը, ով է եղել Հայաստանի դեսպանի զրուցակիցը
Փաշինյանի վարկանիշային կորուստն ու մրցակիցներինը ինչ դրսևորում կունենան նոր Սահմանադրության հանրաքվեի հետ
ԵՄ առաքելությունը հավատարիմ կմնա տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը. նոր մանդատը ուժի մեջ է մտել