Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Վենսը քննադատության տարափ է հնչեցրել եվրոպական երկրների հասցեին և հին աշխարհին սպառնալիք ճանաչել ոչ թե Ռուսաստանը կամ Չինաստանը, այլ ժողովրդավարական արժեհամակարգից նահանջը, երկիր մոլորակի թեժ կետերից մեկում՝ Գազայում, որին տիրապետելու ցանկություն է հայտնել Միացյալ Նահանգները, պաղեստինյան «ինչ-որ մի խմբավորում» հրաժարվել է ենթարկվել Սպիտակ տան «տիրոջ» վերջնագրին և ազատ է արձակել միայն երեք պատանդի՝ ինչպես որ սահմանում է Իսրայելի հետ հունվարի 19-ին ձեռք բերված համաձայնագիրը:
«Թրամփի սպառնալիքները փուչիկ են»,- ավելի վաղ հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ներկայացուցիչը, իսկ իսրայելական մամուլը դառնացած խոստովանում է, ազատ արձակված երեք պատանդներից մեկը նաև ՌԴ, մյուսը՝ Միացյալ Նահանգների քաղաքացի է, իսկ Նաթանյահուն հարկադրված է նրանց դիմաց վերադարձնել ավելի քան երեք հարյուր «ահաբեկիչների», որ Իսրայելի դատարանների կողմից դատապարտված էին երկարաժամկետ ազատազրկման:
Ընդ որում՝ ՀԱՄԱՍ-ը պատանդներին հանձնում է Կարմիր խաչին, իսկ փետրվարի 15-ի արարողությունը պարզապես վերածվել է ԱՄՆ նախագահի հասցեին ծաղրի, տասնյակ հազարավոր պաղեստինցիներ պարել են բացի Երուսաղեմ վերադարձից Գազայի բնակչության այլ տեղափոխություն չկա և «Ալ-Աքսա մզկիթը սպասում է մեր աղոթքին» ցուցապաստառներ:
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ պաղեստինցիները ցուցադրել են 2023 թ. հոկտեմբերի 7-ի հարձակման հետևանքով ավերված հրեական բնակավայրերի լուսանկարները՝ պարզորոշ ակնարկելով, որ Գազան նվաճելու ԱՄՆ նախագահի մտադրության պատասխանը կարող է լինել Իսրայելի տարածք նոր ներխուժումը:
Բրիտանական Guardian-ը չափազանց երկիմաստ դիտարկում է արել, երբ ԱՄՆ փոխնախագահ Վենսկի մյունխենյան ելույթում առանձնացրել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության նկատմամբ համակրանքը: Հրապարակման հեղինակը գերմանական այդ կուսակցությանը վերագրում է «հին նացիստական դաշտում աճող» քաղաքական ուժի համբավ:
Այդպես է, թե բրիտանացի մեկնաբանը պարզապես սրված ընկալում ունի, դժվար է ասել: Բայց եվրոպական լիբերալիզմի և ընդհանուր արժեհամակարգի քննադատությունը, եթե այն տրանսֆորմացվի իրական քաղաքականության, Եվրոպայում կարող է «հանգած հրաբուխներ արթնացնել» և բորբոքել ծայրահեղ ազգայնականություն:
Մյուս կողմից Դոնալդ Թրամփի մերձավորարևելյան իդեա-ֆիքսը հղի է իսլամական աշխարհի ռադիկալացման եւ քաղաքակրթական դիմակայության սպառնալիքով: Արևմտյան աղբյուրները փոխանցում են, որ Վաշինգտոնը շուրջ յոթ միլիարդ դոլարի սպառազինություններ կմատակարարի Իսրայելին, այդ թվում՝ հակաբունկերային ռումբեր:
Փորձագետները ենթադրում են, որ Միացյալ Նահանգներն Իսրայելին տրամադրում է այնպիսի սպառազինություն, որ կարող է «խոցել Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտները»:
ԱՄՆ նախագահը, իհարկե, հրապարակային հայտարարել է, որ Իրանի հետ կգերադասեր խոսել «փաստաթղթի լեզվով», բայց ընդունված է ասել, և դա ճիշտ է, որ քաղաքականության մասին դատում են ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ գործերով. ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Իսրայելին յոթ միլիարդ դոլարի սպառազինությունների վաճառքը:
Այս համատեքստում Թուրքիայի նախագահ Էրդողանը կրկին իսլամական աշխարհին կոչ է արել համախմբված հակազդել Գազան յուրացնելու ամերիկյան ծրագրին, իսկ արտաքին գործերի նախարար Ֆիդանն ավելի է սրել իրավիճակը՝ հայտարարելով, որ Երուսաղեմը պետք է փրկել ամբողջական հուդայականացումից: Ֆիդանը, ընդսմին, ահազանգել է Երուսաղեմի ոչ միայն իսլամական, այլև քրիստոնեական ինքնությանը սպառնացող վտանգի մասին:
Դոնալդ Թրամփն, այո, ընտրություններում հաղթել է, բայց դրանից չի հետևում, թե նա ստացել է աշխարհի «վերաբաժանման մանդատ» կամ մարդկության և Երկիր մոլորակի ճակատագիրը Միացյալ Նահանգներն է որոշում:
Էյֆորիան՝ էյֆորիա, բայց եթե Թրամփը գովում է անապատը դրախտի վերածած հրեա վերաբնակիչներին, չպետք է մոռանա, որ Հյուսիսային Ամերիկան էլ քաղաքակրթել են եվրոպացի «գաղութարարները»:
Դոնալդ Թրամփը, գուցե, իրոք «մեծ նախագահ» է, դա պարզ կլինի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, բայց որ ԱՄՆ-ն եվրոպական դեմոկրատիայի զավակն է՝ պատմաքաղաքական անառարկելի իրողություն է:
Բաց մի թողեք
Ղրիմը և այդ տարածքները ժամանակին օսմանապատկան են եղել և Ռուսաստանին են կցվել …
Մեծ սակարկություն, խեղճ Ուկրաինա
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողովի. հանդիպումը Փարիզում կլինի