20/02/2025

ՄԻԵԴ վճիռը․ Հովհաննես Իշխանյանը Էլեկտրի Երևանի ժամանակ զանգվածային ձերբակալության զոհ է դարձել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է 2015 թվականի ամռանը «Էլեկտրիկ Երևան» շարժման բողոքի ակցիայի ցրումը և հասարակական գործիչ, ակտիվիստ Հովհաննես Իշխանյանի կալանավորումը անօրինական ճանաչելու որոշումը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանը գտել է, որ խախտվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասը, այն է․ «Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք»։

Հայաստանը, ըստ որոշման, Հովհաննես Իշխանյանին պետք է վճարի 4600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և ևս 1500 եվրո էլ որպես դատական ծախսերի փոխհատուցում:

Նշենք, որ 2015 թվականի մայիսի 8-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ–ն դիմում էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` խնդրելով թուլատրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով 1կՎտ/ժ–ի համար։ Հունիսի 17-ին ՀԾԿՀ-ն որոշում էր ընդունել օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու մասին:

2015 թվականի հունիսի 19-ից Երևանի Ազատության հրապարակում «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր բողոքի ակցիաներ։ Ցուցարարներն այդ օրն իշխանություններին 72 ժամ էր տվել ՀԾԿՀ որոշման գործողությունները կասեցնելու համար։

«Իշխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի որոշման մեջ ընդգծվում է, որ հասարակական գործչին ոստիկանությունում թաց հագուստով և առանց հանգստի 7 ժամ պահելը հավասարազոր է ազատությունից զրկելուն։ Դատարանը նաև որոշել է, որ կալանավորման հիմքեր չեն հայտնաբերվել․

«․․․2015թ. հունիսի 23-ին նստացույցի ցրումից հետո՝ առավոտյան ժամը 5:00-5:30-ի միջակայքում, դիմումատուն ձերբակալվել է նստացույցի վայրի մոտակայքում և տեղափոխվել Շենգավիթ ոստիկանության բաժին՝ խուլիգանության կասկածանքով: Ոստիկանության բաժնում նա հարցաքննվել է որպես վկա և ենթարկվել է երկու տեսակի՝ ալկոհոլի և թմրանյութերի թեստավորման: Դիմումատուն նշել է, որ ազատ է արձակվել միայն ժամը 13:30-ին, և ոստիկանությունում գտնվելու ողջ ընթացքում եղել է թաց հագուստով և մնացել է առանց սննդի կամ հանգստի հնարավորության: Նա խնդրել է ՀՔԾ-ին պատասխանատվության ենթարկել մեղավորներին և քննել ցույցը ցրելիս ոստիկանության գործողությունների օրինականությունն ու համաչափությունը, ներառյալ «հատուկ միջոցների» կիրառման անհրաժեշտությունը»:

ՄԻԵԴ վճռում ընդգծվում է, որ «Էլեկտրիկ Երևանի» բողոքի ցույցի ժամանակ ձերբակալությունները կատարվել են զանգվածային` առանց գործողությունների հանցավորության անհատական գնահատման և առանց հանցագործության կատարման հիմնավոր կասկածի։

Դատարանը եզրակացրել է, որ դիմումատուն եղել է զանգվածային ձերբակալության զոհ՝ առանց իր գործողություններում որևէ հանցավորության անհատական գնահատման: Նրա ազատազրկման վերաբերյալ միակ առկա պաշտոնական փաստաթղթերը ցույց են տալիս տարբեր իրավական հիմքեր և չեն պարունակում որևէ մանրամասն տեղեկություն դիմումատուին վերագրվող փաստացի գործողությունների վերաբերյալ:

«․․․Հետևաբար, չի կարելի ասել, որ դիմումատուի ձերբակալությունը հիմնված էր հանցագործություն կատարած լինելու ողջամիտ կասկածի վրա: Ավելին, նրա տեղավորումը ոստիկանական պահախմբի տակ չի հետևել օրենքով սահմանված ընթացակարգին, քանի որ, մինչդեռ նա de facto կասկածյալ էր հանցագործության մեջ (և հետևաբար ձերբակալված անձ ըստ ներպետական օրենքի), նրա ազատազրկման վերաբերյալ ձերբակալման արձանագրություն չի կազմվել»,-նշվում է ՄԻԵԴ որոշման մեջ։