Չեմ պատրաստվում մեկ առ մեկ մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի ասածներն իր վերջին ասուլիսի ժամանակ: Ինչ-որ բան ճիշտ էր, որոշ բաներ՝ սխալ: Ինչ-որ դրվագներ լավ չէր հիշում կամ գուցե հատուկ էր խեղաթյուրում՝ լավ լույսի տակ երեւալու համար:
Այդ հիշողությունների մի մասը, եթե ինձ հարցնեք, զավեշտի ոլորտից է. 70 տարեկան մարդուն, կարծում եմ, չպիտի մտահոգի, թե 25 տարի առաջ ով ում էր «շեֆ» ասում:
Ինչ խոսք, ճիշտն ու սուտը իրար խառնելը հատուկ է քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությանը, եւ այստեղ որեւէ արտառոց բան չկա: Սակայն մեր օրերում կարեւոր է ոչ թե այն, թե ինչ է ասվում, այլ այն, թե ինչ էֆեկտ է դա թողնում: Եվ այդ առումով կարելի է հստակ արձանագրել, որ նման ասուլիսները նվեր են Փաշինյանին:
Տրանսպորտի թանկացումը, հարկերի բարձրացումը, «համընդհանուր հայտարարագրումը» մեծ դժգոհություն է առաջացրել իշխանություններից: Եվ այս պահին ասպարեզ է դուրս գալիս մեկը, որը կամա թե ակամա իր վրա է քաշում այդ դժգոհության մի մասը: Եթե դավադրության տեսության կողմնակից լինեի, կմտածեի, որ դա հատուկ է արվում:
Պարզ չէ՞ր, որ ՔՊ-ականներն ու նրանց հ/կ-ական քարոզիչները մի կողմից եւ առաջին նախագահի կողմնակիցները՝ մյուս կողմից, կսկսեն անողոք քննադատել Քոչարյանի ամեն մի ասածը՝ այդպիսով շեղելով հասարակական օրակարգը խորացող սոցիալական խնդիրներից: (Ինչպես հայտնի է, ազգային խնդիրները՝ Արցախի կորուստը, պետության հարաճուն թուլացումը, քչերին են հուզում):
Ո՞ւմ է ձեռնտու. քաղաքականության մեջ, կարծում եմ, դա պետք է լինի առանցքային հարցը: Եվ այդ հարցի պատասխանը տվյալ դեպքում հայտնի է: Ընդդիմությունը չպիտի «միավորվի»՝ դա անիմաստ է եւ միայն կթուլացնի դրա մեջ մտնող միավորները՝ այս հարցում Քոչարյանն իրավացի է:
Բայց վստահ եմ, որ ընդդիմադիր կուսակցություններն ու խմբերը պետք է համագործակցեն, ներդաշնակեն իրենց քայլերն ու հայտարարությունները, ոչ թե փորձեն մեկը մյուսի հաշվին միավորներ հավաքել: Երբ բոլորը կռվում են բոլորի դեմ, դա նիկոլականության ծաղկման առաջին նախապայմաններից է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am

Բաց մի թողեք
Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում
Նիկոլ Փաշինյանի արձակուրդային ուշագրավ ընտրությունը
Երբ հայ նախարարը գրում է. «Այլևս հնարավորություն ունենք», նույնն է, թե Դոստոևսկին գրեր. «Я русскую школу скончался»