21/02/2025

ԱՄՆ դիրքորոշումը համընկնում է Ռուսաստանի «մեծ ցանկության» հետ. Զելենսկի. ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինայից միգրանտների ներգաղթի դիմումների քննարկումը

Ռուսաստանի «մեծ ցանկությունը», որ Ուկրաինան չդառնա ՆԱՏՕ-ի անդամ, համընկնում է ԱՄՆ-ի և որոշ եվրոպական երկրների տեսլականի հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայում կայացած մամուլի ասուլիսում։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Ուկրաինան պետք է իմանա, թե իրականում ումից սպասել անվտանգության երաշխիքներ, ով կարող է դրանք տալ և ով իրականում կտրամադրի դրանք։ «Խոսքը ոչ միայն բարի կամքի, այլ նաև երկրի հզորության մասին է: Այս երաշխիքներն անհրաժեշտ են, որպեսզի այս սարսափելի պատերազմի կրկնության հնարավորություն չլինի։ Եվ ոչ թե այն պատճառով, որ մենք վախենում ենք ռուսական բանակից, որ նա մեզ օկուպացիայի կենթարկի, այլ որովհետև ցանկացած պատերազմում կրկին կլինեն զոհեր, մեծ քանակությամբ զոհեր։ Եվ մենք դա չենք ուզում»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ այսօր Եվրոպան, ՆԱՏՕ-ի երկրները և ԱՄՆ-ը կարող էին Ուկրաինային տալ հավատ անվտանգության ուժեղ երաշխիքների նկատմամբ, հավատ, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. «Բայց այսօր մենք նման աջակցություն չենք լսում ԱՄՆ-ից։ Գիտենք, որ նրանք և մի քանի այլ եվրոպացի գործընկերներ չեն աջակցում ՆԱՏՕ-ին մեր անդամակցությանը։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի մեծ ցանկությունը համընկնում է այս արդյունքի հետ»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «իրոք զայրացել է» Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը VKontakte սոցիալական ցանցի իր էջում։

«Թրամփը կտրուկ է խոսում պատերազմ սկսելու պատասխանատվության մասին <…>, պահանջում է հափշտակված փողերի հաշվետվություն, ընտրություններում ժամկետանց արարածի նոր լեգիտիմացում և հողի վրա ստեղծված իրողությունների ճանաչում»,- ասել է նա։

Մեդվեդևի խոսքով՝ Ուկրաինայի առաջնորդին «անկյուն են քշել»։ Նա ընդգծել է, որ Զելենսկիից պետք է սպասել «ցանկացած սադրանք»՝ կարգավորումը խաթարելու նպատակով և շարունակելու համար մարտական գործողությունները մինչև վերջին զինվորը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է դադարեցնել էմիգրացիոն դիմումների քննարկումը, որոնք տրվել էին Լատինական Ամերիկայի և Ուկրաինայի միգրանտների կողմից, և որոնց ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք թույլ է տրվել մուտք գործել երկիր։ Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով պաշտոնյաներին և ներքին փաստաթղթին։

«Թրամփի վարչակազմը դադարեցրել է Լատինական Ամերիկայի և Ուկրաինայի միգրանտների կողմից տրված էմիգրացիոն բոլոր դիմումների քննարկումը, որոնց թույլատրվել է մուտք գործել Միացյալ Նահանգներ Բայդենի օրոք որոշ ծրագրերի շրջանակներում»,- ասվում է նյութում։

Նշվում է, որ դադարեցման հիմնավորումը «խարդախության կասկածներն են և անվտանգության խնդիրները»։

Հունվարի վերջին ԱՄՆ քաղաքացիության և էմիգրացիայի ծառայությունները հայտարարել էին, որ ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինայից փախստականների համար ծրագիրը։