22/02/2025

3 + 3 ձևաչափից առավել արդյունավետ է 1 + 1-ը՝ Հայաստանի ու Վրաստանի միջև

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ կա 3+3 ձևաչափը կազմակերպության վերածելու որոշում, որ կայացրել են այդ նախաձեռնության նախորդ հավաքի շրջանակում:

3+3 նախաձեռնության վերջին հավաքը՝ ԱԳ նախարարների մակարդակով, տեղի ունեցավ նախորդ տարի հոկտեմբերին՝ Թուրքիայում: Այդ հավաքից հետո չի եղել որևէ հայտարարություն այն կապակցությամբ, որ կայացվել է խորհրդակցական հարթակը կազմակերպության վերածելու որոշում:

Եթե այդպիսի որոշում կայացվել է, ապա այսպես ասած՝ ոչ պաշտոնական մակարդակով: Ինչպես է Երևանը վերաբերում այդ հարթակը կազմակերպության վերածելու որոշմանը: Այս հարցը, անշուշտ, պետք է քննարկել էմոցիոնալ տիրույթից դուրս: Եթե հարցը ռեգիոնալ օրակարգում գա այսպես ասած գործնական պլան և կարիք լինի ձևավորել դիրքորոշումներ, ապա Երևանի դիրքորոշումը, թերևս, պետք է կառուցվի ըստ պայմանների:

Այսինքն՝ եթե խոսք կլինի կազմակերպության մասին, որտեղ հարաբերությունները, որոշումների կայացման մեխանիզմները ենթադրելու են լիարժեք հավասարություն, բալանսավորվածություն և այսպես ասած կոնսենսուսային տրամաբանություն, ապա հարցը կարող է լինել քննարկելի, հատկապես, երբ պաշտոնական Երևանը հայտարարել է, որ իր արտաքին քաղաքականությունը կառուցում է «ռեգիոնից բխելու» տրամաբանությամբ: Միևնույն ժամանակ, Երևանի դիրքորոշման հարցում թերեւս էական պետք է լինի նաև Վրաստանի դերը:

3+3-ը կարող է կազմակերպություն լինել, եթե այդ պրոցեսին լիարժեք կներգրավվի Վրաստանը: Լավրովը հայտարարել է, որ հասկանում են Վրաստանի դիրքորոշման նրբերանգները և միշտ ազատ է Վրաստանի աթոռը, որը Թբիլիսին կարող է զբաղեցնել ցանկացած պահի: Երբ Հայաստանը մասնակցում է խորհրդակցական բնույթի հավաքներին, որոնք անցնում են հնգյակի մասնակցությամբ՝ առանց Վրաստանի, դա մի բան է:

Բայց երբ խոսքը կազմակերպության մասին է, ապա այս պարագայում Հայաստանի համար Վրաստանի ներգրավումը պետք է լինի թերևս սկզբունքային հարց՝ հաշվի առնելով նաև երկրների միջև ռազմավարական գործընկերության հռչակագրի առկայության հանգամանքը: Իհարկե, տվյալ պարագայում հարցը լոկ փաստաթուղթը չէ, այլ դրանից բխող քաղաքական բովանդակությունը, որ պետք է գոյություն ունենա Երևանի ու Թբիլիսիի միջև՝ պայմանավորված ընդհանուր շահերով ու մարտահրավերներով: