18/03/2025

Ինչու է Թրամփն անընդմեջ զիջում Պուտինին ու հոխորտում Ուկրաինայի հասցեին

«Վաշինգտոն փոստի» տեղեկությունը, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրում, որպեսզի Ուկրաինան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը ներկայացրած և Ռուսաստանի ագրեսիան դատապարտող բանաձևի նախագիծը ետ կանչի, ռուսաստանյան մամուլում բավականության ալիք է բարձրացրել:

Մանավանդ որ նույն աղբյուրի տեղեկացվածությամբ՝ Սպիտակ տունը պետդեպարտամենտին հանձնարարել է ներկայացնել ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ բանաձևի իր նախագիծը, որտեղ Ռուսաստանը չի անվանվի «ագրեսոր» և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին ձևակերպում չի լինի:

Որքանո՞վ է հավաստի «Վաշինգտոն փոստի» տեղեկությունը կամ ի՞նչ ընթացք կունենան Վաշինգտոն-Կիև հետագա շփումները՝ ոչ ոք չի կարող կանխատեսել: Ակնառու է, որ ռուսաստանյան պաշտոնական քարոզչությունը գեներացնում է սպասելիքներ, որ ԱՄՆ-ն «վերջնականապես կհանձնի Ուկրաինան»:

Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Մոսկվան մի քանի անգամ, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակով, հայտարարել է, որ խնդիրը ոչ թե ռուս-ուկրաինական, այլ՝ Արևմուտքի հետ Ռուսաստանի էքզիստենցիալ դիմակայության մեջ է, և «հատուկ ռազմական գործողությունը հետապնդում է ՌԴ ինքնիշխանությունը պահպանելու, ռազմավարական պարտություն չկրելու նպատակ»:

Ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկից հետո նույն աղբյուրները և շրջանակներն այն տպավորությունն են թողնում, որ Ուկրաինան «պետք է նախապատրաստվի կապիտուլյացիայի, որովհետև հայտնվել է Միացյալ Նահանգների աննախադեպ ճնշման տակ»: Ըստ էության, այստեղից հետևում է, որ Ռուսաստանը չի կարող Կիևին կապիտուլյացիա պարտադրել, եթե նույնը չպահանջի Միացյալ Նահանգները:

Բացառված չէ, որ ԱՄՆ նախագահը Վլադիմիր Պուտինին ընդառաջում է, որպեսզի խուսափի գլոբալ-միջուկային առճակատման սպառնալիքից: Այդ դեպքում ստացվում է, որ Ռուսաստանն Արեւմուտքի հետ էքզիստենցիալ դիմակայության մեջ ոչ թե հաղթող, այլ պարզապես «ահաբեկիչ է», որի սպառնալիքների հանդեպ Դոնալդ Թրամփն ստիպված է, զոհաբերել Ուկրաինան»:

Բայց կա նաև երկրորդ տարբերակը, ըստ որի՝ Միացյալ Նահանգներն է հաղթում Արևմուտքին՝ իրեն դուրս դնելով եվրաատլանտյան անվտանգային և քաղաքակրթական համակարգից: Ի՞նչ նպատակ է փորձում իրացնել Դոնալդ Թրամփը՝ կռահելի կարող է լինել առաջիկա մի քանի ամիսների համաշխարհային զարգացումներից:

Ֆրանսիական լրատվամիջոցներից մեկը գրել է, որ Դոնալդ Թրամփը ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը ներկա կգտնվի, Վլադիմիր Պուտինի հետ կկանգնի Կարմիր հրապարակի կառավարական տրիբունայում: Պաշտոնն ստանձնելու կապակցության հակիրճ ելույթում Թրամփը ֆաշիզմի դեմ հաղթանակը վերագրել է Միացյալ Նահանգներին, բայց գնահատել է նաև Ռուսաստանի (ԽՍՀՄ) ներդրումը:

Եթե նա մայիսի 9-ին իրոք ներկա գտնվի Վլադիմիր Պուտինի կազմակերպած «հաղթահանդեսին», ապա ընկալումն այն է լինելու, որ Միացյալ Նահանգներն է Ուկրաինան «նվիրում Ռուսաստանին»:

Բայց չէ՞ որ Պուտինը «հատուկ ռազմական գործողությունն» սկսել է, որպեսզի ընդարձակի Ռուսաստանի սահմանները, վերականգնի կայսրության և ԽՍՀՄ սասանված հեղինակությունը և պատմության մեջ մնա որպես «հողահավաք տիրակալ»: (աստեղ, թերևս, պետք է հիշել, որ ժամանակին Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում էր Ռուսաստանի սահմանադրությամբ հաստատել «Տիրակալ» տիտղոս):

Թրամփի ճնշման արդյունքում ստանալ Ուկրաինայի տարածքից «ինչ-որ մաս»՝ դա Պուտինի տրիումֆ չի լինի հաստատ: Հանրությունը չի ընդունի, որ Արևմուտքի դեմ էքզիստենցիալ պատերազմի արդյունքի առյուծի բաժինը պատկանում է «իմպերիալիստական Նահանգներին»:

Պուտինը Միացյալ Նահանգների հետ «գործարքը» Ռուսաստանի ռազմավարական հաղթանակ կներկայացնի, և դա ռուսաստանցիներին, երևի, կբավարարի, եթե ապահովի հետխորհրդային ողջ տարածքի «ինտեգրացիան» և ազդեցության վերահաստատումն Արևելյան Եվրոպային: Դա հնարավո՞ր է:

Ռուսաստանյան քարոզչության նոնսենսն այն է, ինչի մասին իրենք բնութագրում են որպես «И хочется, и колется». ցանկալի է, որ ԽՍՀՄ-ը և Վարշավայի պայմանագիրը վերականգնվի, բայց Թրամփը Պուտինին այդքան ազատություն կտա՞: Իսկ դա արդեն խոշոր հաշվով Պուտինի պարտությունն է, որովհետև բացահայտում է, որ նա «հարց լուծող չէ», կարող է նրա «կրտսեր բարեկամը» լինել: