Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը փետրվարի 25-ին կմեկնի Թեհրան, որտեղ հանդիպում կունենա Իրանի քաղաքական ղեկավարության հետ:
Ըստ տեղեկության՝ Լավրովը կքննարկի Սիրիայի հարցը, սակայն կասկածից վեր է, որ նրա այցը Թեհրան ունենալու է շատ ավելի լայն օրակարգ՝ ըստ էության ածանցվելով Էր Ռիյադում կայացած ամերիկա-ռուսական բանակցությանը:
Սաուդյան Արաբիայում ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի գլխավորած պատվիրակության հետ բանակցությունից հետո Լավրովը մեկնել էր Հարավաֆրիկյան հանրապետություն, որտեղ կայացել է G20-ի ԱԳ նախարարների հավաքը:
Այնտեղ ՌԴ արտգործնախարարը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ: Թեհրան այցը, ըստ էության, պայմանավորված է նաև այդ իրողությունը հավասարակշռելու հանգամանքով:
Այդուհանդերձ, գլխավոր օրակարգը, թերևս, կապված է ամերիկա-ռուսական բանակցության հետ՝ հատկապես հաշվի առնելով և այն, որ Իրանն ու Ռուսաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համապարփակ պայմանագիրը, որը դեռևս վավերացված չէ և, հետևաբար լիարժեք ուժի մեջ չէ, սակայն քաղաքական իմաստով ստեղծել է առանցքային նոր իրողություն, հետևաբար հիմնարար նշանակության պրոցեսների հարցում Ռուսաստանի և Իրանի միջև ենթադրվում է այլ որակի և բնույթի կոմունիկացիա:
Նաև անկասկած է, որ ՌԴ-ԱՄՆ սաուդական բանակցության 4,5 ժամերի ընթացքում շոշափված հարցերի շարքում Իրանի խնդիրը եղել է ուշադրության առարկա՝ հատկապես հաշվի առնելով այն հայտարարությունները, որով աչքի է ընկել Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնամուտից հետո:
Ավելին, ըստ էության ռուս-ամերիկյան սաուդական բանակցությանը զուգահեռ, Կրեմլի խոսնակ Պեսկովը Մոսկվայում հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված լուծումների գործընթացին:
Հավանական է, որ Լավրովը այդ իմաստով իր հետ Թեհհրան է տանելու Էր Ռիյադում շոշափված որեւէ գաղափար: Հատկանշական է, որ նախօրեին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանն էր արել հայտարարություն, որ Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ հետ, սակայն ոչ «ամեն գնով»:
Բացառված չէ, որ այդ հայտարարությունը կարող էր պայմանավորված լինել նաև այն հանգամանքով, որ Թեհրանում սպասում են Լավրովի այցին և Էր Ռիյադի քննարկումների վերաբերյալ մանրամասների: Իհարկե, միամիտ կլինի պատկերացնել, որ թեմայի առնչությամբ լինելու են արագ հանգուցալուծումներ:
Սակայն, բավականին բարձր է Իրանի հարցի շուրջ նոր օրակարգային միջավայրի ձևավորումը, որը, անշուշտ, ներառելու է նաև կովկասյան ռեգիոնը, այստեղ «եղանակային փոփոխություններով» հանդերձ:
Ի դեպ, գուցե ավելորդ չէ նաև այդ հեռանկարի և հավանական զարգացումների համատեքստում դիտարկել, որ Բաքվից բարձրաձայնում են, թե այսպես կոչված «միջանցքի բացումը» խաղաղության համաձայնագրի պայման է:
Բաց մի թողեք
Դասախոսը եւ թամադան ունեն տարբեր լեզվամտածողություն, տարբեր է նաեւ թամադայի ու լրագրողի լեզվամտածողությունը
Ինչու Թրամփը բռնեց ռուսական գիծը՝ ակնհայտ լարվելով Զելենսկիի հետ
ՔՊ-ական Էմմա Պալյանի եղբայրը փոշմանել է. Լուսանկար