23/02/2025

«Այսօր ոչ թե Սահմանադրությունը պետք է փոխվի, այլ ինքը»․ Բագրատ սրբազան

«Մեզ համար զարմանալի չպետք է լինի, թե ինչ է տեղի ունենում այսօր մեր երկրում»,- լրագրողներին ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը։

Նա նշեց, որ Էդգար Ղազարյանի վերաբերմունքը նաեւ ժողովրդի մեծամասնության վերաբերմունքն է իշխանության նկատմամբ։ «Հետեւաբար, սա ոչ միայն ուղղված է Էդգար Ղազարյանի դեմ՝ կոնկրետ մի անձի, այլ ընդհանրապես ազատ խոսքի իրավունքի սահմանափակում է բոլոր առումներով։ Փորձում են վախեցնել բոլոր նրանց, ովքեր որեւէ կերպ կփորձեն որեւէ խոսք ասել տիրող բարքերի կամ մեր իրականության մասին։ Ես լիովին զորակցում, աջակցում եմ, նրա բոլոր ասածները ճշմարտություն են, մի բան էլ մեղմ են»,- ասաց Բագրատ սրբազանը։

Նա նշեց, որ հալածում ու հետապնդում են ընդդիմադիրներին։ «Մեր նկատմամբ էլ, երբ պարզ շարժվում ենք տեղից տեղ գնալու իմաստով, նվազագույնը 4 մեքենայի վերահսկողություն կա։ Սա իր վերջին խռխռոցներն են, ես այդպես եմ տեսնում։ Խռխռոցներ են՝ փորձելու մարդկանց վախեցնել, սա դեռ տեսանելի մասն է, բայց շատ հաճախ լուրերը ձեզ կամ մեզ չեն հասնում, թե ինչպես են մարդկանց անհատապես հալածում, հրավիրում ոստիկանական տարբեր տեղամասեր, գործարարներին հալածում, մարդկանց անիմաստ տեղը հարկային տեռորի ենթարկում։

Ամեն ինչ տեղի է ունենում աթոռից կառչած մնալու համար, բայց վերջին խռխռոցներն են, այս հալածանքները վերջ են ունենալու մի օր։ Իրենք փորձում են ներկայացնել, թե իրենց աթոռը հաստատուն է, բայց այդպես չէ, տեսնում ենք մենք»,- հավելեց Բագրատ սրբազանը։