23/03/2025

Եվրամիությունը Ուկրաինան «փրկելու» նպատակ ունի, որովհետև դա նաև իր անվտանգության հարցն է

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սանձազերծման երրորդ տարելիցի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտ Մետսոլան համատեղ հայտարարություն են տարածել։

«Ռուսաստանի դաժան պատերազմը միտումնավոր ուղղված է քաղաքացիական և կրիտիկական ենթակառուցվածքների դեմ։ Ուկրաինական ժողովուրդը խիզախություն ցուցաբերեց՝ պաշտպանելով իր երկիրը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները»,- ասված է փաստաթղթում, որի հեղինակների գնահատմամբ՝ «Ռուսաստանը և նրա ղեկավարությունն այդ պատերազմի և ուկրաինական ժողովրդի դեմ գործած գազանությունների համար բացառիկ պատասխանատվություն են կրում»։

Տեքստի քաղաքական և քարոզչական բնութագրումներից եթե վերացարկվենք, ապա հայտարարության հիմնական ասելիքը, թերևս այն է, որ ուկրաինական ժողովուրդն ընտրել է եվրաինտեգրացիայի ճանապարհ, ԵՄ-ն այդ որոշումը հարգում է և արդեն իսկ Ուկրաինային շնորհել է անդամության թեկնածուի կարգավիճակ և բանակցություններ սկսել, ինչպես նաև «Ուկրաինային ինտեգրում է Եվրամիության ներքին շուկայում», ուստի ուկրաինական ժողովրդի և Ուկրաինայի «ապագան Եվրամիությունում է»։

Այդ հայտարարությունը հետևում է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի կողմից նոր պատժամիջոցների սահմանմանը։ Զուգահեռաբար, սակայն, Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է փետրվարի 25-ին ռուս-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլի և մոտ ապագայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին։ Փորձագիտական գլխավոր տպավորությունն այն է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են համաձայնության հասնել՝ անտեսելով Եվրամիության տեսակետները:

Դիտարժան է, որ, ինչպես արևմտյան աղբյուրներն են հայտնում, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը պատրաստվում են մեկնել Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու ուկրաինական կարգավորումը։

Եվրամիության առաջնորդների միասնական ուղերձը փաստացի Ուկրաինան ԵՄ «հովանու ներքո առնելու» մասին է։ Բայց որքանո՞վ է այդ հարցում միասնական ինքը՝ Եվրամիությունը, որտեղ անդամ երկրներից մեկը կարող է «վետո» կիրառել։ Ռուսաստանյան փորձագիտական հանրությունը «երանության» մեջ է և համարում է, որ Վլադիմիր Պուտինն արդեն իսկ մի նպատակի հասել է՝ Արևմուտքը դադարել է աշխարհա-քաղաքական և քաղաքակրթական ամբողջություն լինել: Ոչ պակաս կարևոր է նաև դրված նպատակին հասնելու իրական ռեսուրսների հարցը։

Եվրամիության առաջնորդներն ասում են, որ սկսել են սեփական ռազմաարդյունաբերական ներուժի արդիականացում։ Որքա՞ն ժամանակ և միջոցներ կպահանջվեն, որպեսզի Եվրամիությունը հասնի դրված խնդիրների լուծմանը։

Այս հարցը չափազանց կարևոր է նաև Հայաստանի համար։ Ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկը հայաստանյան քաղաքական որոշակի ուժերի և փորձագիտական շրջանակների կողմից արդեն իսկ ներկայացվում են որպես Ռուսաստանի հզորության միջազգային ճանաչման կայացած փաստ և, բնականաբար, մերժում են եվրաինտեգրացիայի ձգտումները։

Պահանջվում է իրավիճակի բազմակողմանի և անաչառ վերլուծություն։ Եվրամիությունը, կարելի է չկասկածել, Ուկրաինան «փրկելու» նպատակ ունի, որովհետև դա նաև իր անվտանգության հարցն է։ Իսկ ռեսուրսներ և բավարար կամք կդրսևորի՞։

Translate »