21/03/2025

Հայաստանի ժողովրդի առաջ արդարանալու, այլ ոչ թե այդ իրադարձությունները կառավարելու միջոց

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանին առաջարկվել է երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ լուծում, որն ինքը չի պատկերացնում՝ թե ինչպես է հնարավոր մերժել:

Նիկոլ Փաշինյանը նշել է, թե անհամբեր է այդ լուծումը հանրայնացնելու հարցում, քանի որ վստահ է, որ դա ընդունելի կլինի թե Հայաստանի, թե Ադրբեջանի ժողովուրդների համար, բայց չի հանրայնացնում, քանի դեռ բանակցային փուլում է, որ չստեղծի լարվածություն:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը կվերլուծի Ադրբեջանից ստացած խաղաղության պայմանագրի տեքստի նոր խմբագրմամբ տարբերակն ու կներկայացնի իր առաջարկները և մոտեցումները: Փաշինյանը հայտարարել է, որ հենց այդ տեքստը ստանալու հանգամանքը վկայում է, որ գործընթացը փակուղում չէ:

Ֆիզիկական իմաստով, գուցե, բայց բովանդակային իմաստով, կարծես թե, պատկերը հենց փակուղային է, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի գնահատականները: Եթե Ադրբեջանը Հայաստանին է փոխանցում ինչ-որ առաջարկներ, ապա ինքնին այդ փոխանցումը դեռ փակուղի չլինելու վկայություն չէ, որովհետև դա գնահատելու համար պետք է տիրապետել բովանդակությանը:

Իսկ գուցե Բաքվի փոխանցածը ընդամենը նոր պայման կամ պահանջ է: Առավել ևս, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն օրերս արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հոդվածին, նրա առաջարկները բնորոշել էր «գործնական նշանակություն չունեցող», կոչ անելով դրանց փոխարեն գնալ կոնկրետ քայլերի:

Հազիվ թե Բաքուն արտահայտելով այդ գնահատականները ԱԳՆ մակարդակով, որևէ այլ տրամաբանությամբ դիրքորոշում հայտնի Երևանի առաջարկների վերաբերյալ: Հետևաբար, սա նշանակում է, որ պատկերը ավելի շուտ փակուղային է, հակառակ դեպքում Երևանն ինչու՞ պետք է իր առաջարկած լուծման կոնկրետ արձագանք չլիներ ստացած այս երեք ամիսների ընթացքում:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ համոզված է՝ առաջարկվող լուծումը ընդունելի է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Բայց, այստեղ հարցն այն է, որ Ադրբեջանի ժողովուրդ գործոն՝ որպես այդպիսին, ըստ էության գոյություն չունի, և Նիկոլ Փաշինյանը, թերևս, պետք է դա պատկերացնի բոլորից լավ:

Հետևաբար, որևէ նշանակություն չունի՝ Երևանի առաջարկած լուծումը Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի է, թե ոչ, եթե ընդունելի չլինի պաշտոնական Բաքվի համար:

Թե ինչն է ընդունելի Բաքվի, նաև Անկարայի համար, նրանք արտահայտել են բազմիցս, և շարունակում են արտահայտել: Ըստ այդմ` արդիական է հարցը, թե ինչ քայլ ունի Երևանը, երբ Բաքուն պաշտոնապես մերժի առաջարկվող լուծումը:

Եթե Երևանի քայլը լինելու է մերժված առաջարկը հանրայնացնելը, ապա դա ավելի շուտ կարող է թողնել ընդամենը հետագա իրադարձությունների համար Հայաստանի ժողովրդի առաջ արդարանալու, այլ ոչ թե այդ իրադարձությունները կառավարելու միջոց: