Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է աշխարհում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը գնահատող «Ազատությունն աշխարհում 2025» զեկույցը:
Այն վերնագրված է «Դժվարին պայքար իրավունքների ապահովման համար»:
Զեկույցը ներկայացնում է իրավիճակը 195 երկրում և 13 տարածքում։
Ազատ է համարվել 85 երկիր և 1 տարածք, մասամբ ազատ՝ 51 երկիր և 4 տարածք, ոչ ազատ՝ 59 երկիր և 8 տարածք:
Հայաստանը դասվել է մասամբ ազատ երկրների շարքին` հնարավոր 100-ից հավաքելով 54 միավոր (նախորդ տարվա զեկույցում մեր երկիրը նույն միավորն ուներ):
Քաղաքացիական ազատությունների մասով Հայաստանը հնարավոր 40 միավորից հավաքել է 23, քաղաքացիական ազատությունների մասով՝ հնարավոր 60-ից 31 միավոր: Տարածաշրջանային հարևաններից միայն Վրաստանն է դասվել մասամբ ազատ երկրների շարքին. Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը համարվել են ոչ ազատ:
Վարկանիշում երկրի ազատության մակարդակը գնահատվել է 25 ցուցանիշի հիման վրա (յուրաքանչյուրի համար երկիրը կարող է առավելագույնը 4 միավոր ստանալ): Freedom House-ի տվյալներով՝ աշխարհում ազատությունն անկում է ապրում արդեն 19-րդ տարին անընդմեջ։
2024 թվականին իրավիճակը վատացել է 60 և բարելավվել 34 երկրում։ Վերլուծաբանները նշում են, որ մարդկության 80 տոկոսն ապրում է անազատ և միայն մասամբ ազատ երկրներում։
Ըստ փորձագետների՝ ժողովրդավարության, իրավունքների և ազատությունների հետ կապված հետընթացը հիմնականում պայմանավորված է բռնությամբ, ընտրությունների ժամանակ քաղաքական հակառակորդների հանդեպ ճնշումներով, զինված հակամարտություններով ու բռնապետական ռեժիմի պահպանմամբ:
Ընդհանուր առմամբ, լավագույն ցուցանիշն արձանագրվել է Ֆինլանդիայում, որը, ըստ Freedom House-ի, ամենաազատն է՝ 100 միավորով։ Նորվեգիան, Շվեդիան և Նոր Զելանդիան մեկական միավորով են զիջում առաջատարին:
Բաց մի թողեք
Փետրվարի 28-ի աստղագուշակ․ Հաջողությունը ձեր կողմն է, շատ բան տրվում է սովորականից ավելի հեշտ
«Պետք է ապրենք, որ Գարեգինս էլ մեզ հետ ապրի». ենթասպա Գարեգին Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին. Լուսանկարներ
Փետրվարի 27-ի աստղագուշակ․ Ձեր կայացրած որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ