16/07/2025

Մի՞թե քաղաքականությունը պարտադիր պետք է հիմնված լինի մարդատյացության եւ ատելության վրա

Քաղաքականությունն, իհարկե, դաժան բան է: Քաղաքական պայքարի ժամանակ, ինչպես ասում են, փլավ չեն բաժանում: Բայց ինձ համար էական է, որ մարդիկ, որոնք այս կամ այն չափով ու ձեւով ներգրավված են քաղաքականության մեջ (որպես գործող անձինք կամ որպես սրա կամ նրա համակիրներ), չկորցնեն մարդկային դեմքը:

Ես չեմ ընդունում, որ կարելի է լինել մարդատյաց, դաժան, անգութ՝ ելնելով ինչ-ինչ քաղաքական հաշվարկներից: Երբ Ալեն Սիմոնյանը մարզվելիս ձեռքը վնասել էր, դա ինձ ցավ պատճառեց: Եթե ԱՄՆ-ում բնակվող Վարդան Ղուկասյանին ինչ-որ բան է պատահել, դա ինձ բացարձակապես չի ուրախացնի:

Քաղաքական եւ անձնական համակրանք-հակակրանքները պետք է մի կողմ դնել, երբ խոսքը մարդկային հարթության մեջ է: Փաշինյանի, նրա թիմի եւ նրա երկրպագուների դեպքում ճիշտ հակառակն է: Ոչ մեկի համար, կարծում եմ, գաղտնիք չէ, որ Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտում խոշտանգում են:

Դրա արձագանքը պետք է լինի նախեւառաջ մարդկային. ահազանգել, որ հայ մարդուն, Հայաստանի քաղաքացուն թշնամական գերության մեջ տանջում են:

Բայց նիկոլականների արձագանքը պարզապես ապշեցուցիչ է՝ նրանք շարունակում են ատելություն եւ թույն սփռել Վարդանյանի եւ մնացած պատանդների հանդեպ: Հիմնական լեյտմոտիվը հետեւյալն է՝ նրանք Պուտինի մարդիկ են, Կրեմլի գործակալներ են, նրանց առեւանգել են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց: Եկեք մի պահ ենթադրենք, որ այդ ամենը ճիշտ է: Ի՞նչ է դրանից բխում:

Քանի որ դուք այդպիսի կասկածներ ունեք, այդ մարդիկ պետք է մահանա՞ն: Այս վերաբերմունքից կարելի է անել միայն մեկ հետեւություն. նման սցենարը ձեռնտու է իրենց շեֆին եւ կուռքին, քանի որ վերջինիս փաստացի դաշնակցի՝ Ալիեւի ձեռքերով ֆիզիկապես վերացվում են պոտենցիալ քաղաքական մրցակիցները:

Ռուբեն Վարդանյանն՝ առաջին հերթին: Մի՞թե քաղաքականությունը պարտադիր պետք է հիմնված լինի մարդատյացության եւ ատելության վրա: Նիկոլականների պարագայում դա թերեւս այդպես է, որովհետեւ որեւէ դրական գաղափար նրանց միջավայրում չի կարող ծնվել:

Իսկ «ներքին թշնամիներ» եւ «5-րդ շարասյուններ» միշտ էլ կգտնվեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am