Ադրբեջանը հայտնում է արտգործնախարար Բայրամովի ու ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության հանձնակատար Կայա Կալասի հեռախոսազրույցի մասին:
Ուշադրություն է գրավում այն, որ այդ հեռախոսազրույցի մասին Բաքվի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ չկա հայ-ադրբեջանական գործընթացի մասին հիշատակում:
Դժվար է պատկերացնել, որ Բայրամովի և Կալլասի հեռախոսազրույցում այդ թեման չլիներ շոշափված: Հետևաբար, դրա մատնանշման բացակայությունը վկայում է թերևս այն մասին, որ ԵՄ հետ հարաբերության օրակարգում Բաքուն չունի այդ հարցում որեւէ մոտիվացվածություն:
Դա էլ իր հերթին կարող է նշանակել, որ Ադրբեջանն այդ կերպ փորձելու է բարձրացնել «հարցի գինը»՝ Բաքու-ԵՄ հարաբերության համատեքստում: Ըստ ամենայնի, Բրյուսելն ունի որոշակի մտադրություններ, կապված հայ-ադրբեջանական գործընթացի հետ:
Սա չի լինի զարմանալի, քանի որ ներկայումս ԵՄ-ն կանգնած է իր աշխարհաքաղաքական սուբյեկտիվությունը ընդգծելու մարտահրավերի առաջ, որը կասկածի տակ է դրվում ուկրաինական պրոցեսի շուրջ ծավալվող զարգացումներում:
Հետևաբար` ԵՄ-ն սուբյեկտության զոնաներ կարող է փնտրել նաև այլ ուղղություններում, որտեղ, իհարկե, առաջնայիններից մեկը Կովկասն է, հատկապես հաշվի առնելով, որ այստեղ թարմ է այսպես կոչված բրյուսելյան ձևաչափի կամ գործընթացի պատմությունը:
Դեռևս տարեսկզբին, երբ ռեգիոն էր ժամանել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, իսկ նրա այցն էլ ուղեկցվեց Եվրոպական խորհրդի նոր նախագահ Աննտոնիո Կոսշտայի՝ Իլհամ Ալիևի, հետո Նիկոլ Փաշինյանի հեռ հեռախոսազրույցներով, դիտարկեցի այն, որ ԵՄ-ն գուցե մտորում է հայ-ադրբեջանական գոծընթացի այս փուլում էլ դեր ստանձնելու մասին: Այժմ իրավիճակն այնպիսին է, որ ԵՄ-ն առավել, քան մոտիվացված է այդ հարցում:
Ինչ կստացվի, սա հարցի մյուս կողմն է, բայց Կովկասը և, մասնավորապես հայ-ադրբեջանական գործընթացը Բրյուսելի համար այն դաշտն է, որտեղ կարող է փորձել «փոխհատուցել» ուկրաինական «դաշտում» իր կորուստները կամ ռիսկերը:
Ադրբեջանը կփորձի բարձրացնել իր գինը, հնարավոր Բրյուսել-2-ի պարագայում էլ առավելագույնը քաղելու ակնկալիքով, ինչպես արեց Բրյուսել 1-ի դեպքում:
Հայաստանի համար խնդիրը ոչ թե Բրյուսել 1-ի կրկնությունը, այլ հակառակը՝ կրկնության որևէ տարբերակ թույլ չտալն է: Դա պահանջում է, որ Երևանն էլ բարձրացնի իր արժեքը: Հնարավոր է, որ դրան է միտված խորհրդարանում ԵՄ անդամակցության մեկնարկ ազդարարող օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումը:
Բայց, հատկանշական է նաև, որ ԵՄ-ն բարձր մակարդակով առայժմ, կարծես թե, այդքան էլ չի ձգտում նկատել այդ քայլերը:
Բաց մի թողեք
Ոչ թե «քառասուն քանի», այլ՝ 209. ՀՅԴ-ական պատգամավորը ԵՄ դիտորդների կեղծ թիվ է նշել և «սիգնալ» ուղարկել Ալիևին
Պուտինը ցանկանում է ձգձգել բանակցությունները․ New York Times
Ահա այն, ինչի դեմ պայքարում են Պուտինն ու Ալիևը