«Հրապարակի» զրուցակիցը Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն Արթուր Գեւորգյանն է:
– Գյումրին մոտ մեկ ամսից քաղաքապետ է ընտրելու: Ի՞նչ տրամադրություններ են այժմ տիրում հանրապետության երկրորդ քաղաքում: Գյումրեցիներն ի՞նչ են կարծում` ո՞վ է դառնալու Գյումրու նոր քաղաքապետը: Ըստ հարցումների, «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն առաջատարը չէ:
– Եթե հիմա շրջենք Գյումրիում, զրուցենք մարդկանց հետ, տպավորություն չենք ստանա, որ այստեղ նախընտրական շրջան է: Մարդիկ նախընտրական տրամադրությունների մեջ չեն, ասել, որ Գյումրին խոսում է ընտրություններից, սուտ կլինի: Քաղաքապետի հարցն ավելի շատ սոցիալական հարթակներում է քննարկվում, մասնավորապես Ֆեյսբուքում այնպիսի գրառումներ են արվում, որ տպավորություն ենք ստանում, թե արդեն իսկ ընտրությունները մեզ մոտ սկսվել են: Ինչպես գիտենք` արդեն իսկ իշխանություններն ու որոշ ընդդիմադիրներ համացանցում սկսել են իրար մեղադրանքներ ներկայացնել, բայց անգամ այդ ամենը ռեալ չէ, միայն վիրտուալ տիրույթում է: Առայժմ թեկնածուներն ինչ-որ աշխատանքներ են տանում, հանդիպումներ ունենում, ծրագրեր են մշակում: Այս ընթացքում միայն տեսանելի դարձան հիմնական խաղացողները, նրանց ծրագրերը, այն իմաստով, որ ամենատարբեր կողմնորոշում ունեցող` ռուսական, արեւմտյան եւ հայկական ուժերը, կարծես, հստակ ներկայացրին իրենց հայտերը, իսկ հիմա զուտ առաջադրման պրոցես է:
– Ըստ Ձեզ` ովքե՞ր են հիմնական խաղացողները, ի՞նչ ծրագրեր են ներկայացրել նրանք:
– Հայտ են ներկայացրել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Սարիկ Մինասյանը, Ռուբեն Մխիթարյանը, «Ապրելու երկիր»-ն է հայտ ներկայացրել, օրերս էլ տեղեկացանք, որ Եվրադաշինքն է հայտ ներկայացրել` երեք կուսակցություն միավորվել ու առաջադրել են Լեւոն Բարսեղյանին: «Մայր Հայաստան»-ի թեկնածուն էլ Կարեն Սիմոնյանն է: Հիմնական խաղացողները նրանք են: Փաստացի ստացվեց, որ աշխարհաքաղաքական «խճանկարը» Գյումրիում պատրաստ է: Գյումրին բոլորի համար խիստ կարեւոր է, քանի որ նախ ՀՀ երկրորդ քաղաքն է, եւ հետո՝ ողջ պատմության ընթացքում ընդդիմադիր է եղել, եւ եթե անգամ ինչ-որ մի շրջանում հավատացել, աջակցել են ինչ-որ մեկին, հետագայում սթափվել են եւ հասկացել, որ թացը չորից պետք է տարբերել:
– Սարիկ Մինասյանն օրեր առաջ հարցազրույց է տվել եւ կրկնել ՔՊ-ականների այն աղմկահարույց թեզը, որ պատերազմում պարտվել ենք, քանի որ չենք կռվել:
– ՔՊ-ական թեզեր արտահայտելով հանդերձ, լավ է, որ ընդունեց գոնե Արցախի՝ պատմական Հայաստան լինելու փաստը: Նա ՔՊ-ի «իրական Հայաստան»-ի կուրսին դեմ գնաց իր այդ հայտարարությամբ: Այն, որ Սարիկն ասաց՝ «Արցախը պատմական Հայաստան է», սա խոսում է այն մասին, որ նա Արցախի մասին այլ պատկերացումներ ունի: Մնացածը քաղաքական պինգ-պոնգ խաղալու ժանրից են: Ինձ համար հետաքրքրական է այն հանգամանքը, որ նա կարողացավ իշխանության հետ այդ հարցում հակադրվել:
– Մի շրջան կար, որ Նիկոլ Փաշինյանն էլ էր Արցախը Հայաստան համարում, սակայն նրանց հայացքները կայծակնային արագությամբ փոխվում են, Սարիկ Մինասյանը կարող է վաղն էլ դրա ճիշտ հակառակը պնդել:
– Գյումրու համատեքստում խոշոր քաղաքական խնդիրների տեղայնացումը թեպետ կարեւոր է, սակայն դա միակ հարցը չէ, որ հետաքրքրում է գյումրեցիներին: Գյումրեցիների համար էական են որոշ խնդիրների լուծումներ, որոնք, ի դեպ, միայն սոցիալական բնույթի չեն: Մարդիկ իրենց բողոքն ու դժգոհությունը հայտնում են իշխանությունների դեմ, սակայն Գյումրին սահմանամերձ քաղաք է, ունի, օրինակ` ապաստարանների խնդիր: Գյումրիում հեռանկարային հայեցակարգերի խնդիր կա, այդ ամենը թողնել եւ քաղաքական համատեքստում խոսել միայն քաղաքական ուժերի հարաբերությունների մասին, կարծում եմ՝ ժամանակի անիմաստ կորուստ է:
– Ասում են` նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է առաջատարը:
– Նա ունի իր բավականին պինդ ընտրազանգվածը: Նրանք մարդիկ են, ովքեր գնահատում են այն աշխատանքը, որ նա է արել իր կառավարման շրջանում: Կան նաեւ մարդիկ, ովքեր, մյուսների հետ համախոհ չլինելով հանդերձ, գտնում են, որ պետք է ուժեղ անհատականություն կառավարի Գյումրին: Ամեն բան կարող է քաղաքական կոնյունկտուրայից ելնելով փոխվել եւ զարգանալ ամենատարբեր հեռանկարներով: Վարդան Ղուկասյանին կոշտ ձեւով բերման ենթարկեցին, իսկ դա իր ազդեցությունն է թողնելու ընտրությունների վրա: Ես կարծում եմ, որ գյումրեցիներին սիրել պետք չէ, գյումրեցիներին պետք է նվիրվել: Գյումրեցին չի սիրում, որ «վերեւից» միջամտում են իր կյանքին: Մենք ինքնուրույն ժողովուրդ ենք: Ունենք իմունիտետ՝ մեր ասածն առաջ տանելու:
– ՔՊ-ի շանսերի մասին ի՞նչ կասեք:
– 9-22 տոկոս ձայն ունեն հազիվ, բայց կարող են այլ ուժեր միանալ ՔՊ-ին: Ներքին քաղաքական հարցեր կան, ամեն բան կարող է անկանխատեսելի լինել: Ամեն դեպքում, չի կարելի միայն դեբատներ անել Ֆեյսբուքում, իրական կյանքում էլ պետք է ակտիվանալ: Ես վստահ եմ, որ գյումրեցին այս իրավիճակին, թանկացումներին ու ամեն ինչին տալու է իր հստակ գնահատականը: ՔՊ կուսակցությունը չի կարողանալու միահեծան հաղթանակ արձանագրել: Ես ավելի քան վստահ եմ, որ նրանք չեն հաղթելու: Մարդիկ խիստ դժգոհ են Նիկոլ Փաշինյանից:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում