10/03/2025

Էրդողանի հովանոցի բացվածքն ինչ «ստվեր» է գցելու Կովկասի վրա

Թուրքիայում Ուկրաինայի դեսպանատունն Իքսի իր էջում հրապարակել է գրեթե տասնօրյա վաղեմության լուսանկարը, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկու Անկարա կատարած այցից է՝ Զելենսկին Էրդողանի հովանոցի ներքո:

Այդ այցը այն օրն էր, երբ էր Ռիյադում էլ մեկնարկել էր Լավրովի և պետքարտուղար Ռուբիոյի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը, այլ կերպ ասած՝ ամերիկա-ռուսական երկխոսության գործընթացը:

Նախօրեին Սպիտակ տանը տեղի ունեցած աղմուկից հետո, Անկարայում Ուկրաինայի դեսպանատան Իքսի էջը որոշում է հրապարակել Զելենսկու լուսանկարը՝ Էրդողանի հովանոցի ներքո: Դիվանագիտական առաքելությունները անգամ սոցցանցերում չեն անում պատահական բաներ, առավել ևս չափազանց զգայուն պահերին, որոնք դարձել են համաշխարհային իրարանցման առարկա:

Հետևաբար, ի՞նչ է նշանակում Կիևի այդ ակնարկը՝ օգնության կոչ Թուրքիայի՞ն, թե հնարավոր միտումների ազդարարում: Այստեղ գուցե շատ կարևոր է ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ Սպիտակ տանը տեղի ունեցողի ֆոնին կայացել է Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցը:

Դժվար է ասել, հեռախոսազրույցը կայացել է Վաշինգտոնում աղմկոտ միջադեպից հետո՞, թե՞ դրանից առաջ: Հաղորդագրությունը Սթարմեր-Էրդողան հեռախոսազրույցի մասին տարածվել է Սպիտակ տան միջադեպից մոտ երեք ժամ անց: Սակայն, ժամանակագրական այդ նրբությունը չէ թերևս էականը, այլ իրադարձությունների ընթացքի տրամաբանությունը:

Էրդողանի հետ հեռախոսազրույցից ժամեր առաջ Կիր Սթարմերն ինքն էր Դոնալդ Թրամփի հյուրը: Այդ հանդիպումից ի դեպ հատկանշականն էր այն դրվագը, երբ ԱՄՆ նախագահը Բրիտանիայի վարչապետին հարցնում է, թե արդյո՞ք պատրաստ են իրենց վրա վերցնել Ռուսաստանին զսպելը:

Ակնարկը, թերևս, այն է, որ, եթե չեն ուզում համաձայնել հարաբերության իր պայմաններին, ապա պետք է այդ դեպքում պատասխանեն հարցին՝ ի վիճակի՞ են միայնակ զսպել ռուսներին, թե՞ ոչ: Սա իհարկե ԱՄՆ-Եվրոպա հարաբերության ֆունդամենտալ հարցերից մեկն է:

Բրիտանիայի վարչապետը, ըստ ամենայնի դրա պատասխան է փնտրել նաև Էրդողանի հետ հեռախոսազրույցում: Հաշվի առնելով այն փորձը, որ Մոսկվայի հետ հարաբերության առումով ունի Անկարա՞ն: Թուրքիան տևական ժամանակ եղել է Ռուսաստանի զսպման մեխանիզմ՝ ամերիկյան քաղաքականության համատեքստում:

Լոնդոնը Անկարային առաջարկում է այժմ էլ նույն գործառույթը իրականացնել Եվրոպայի՞ համար, այդպիսով թույլ տալով Եվրոպային առավել ինքնավստահ լինել իրենց Ռուսաստանով «ահաբեկող» Թրամփի հետ բանավեճում: Եթե Լոնդոնն ունի այդ պատկերացումը, հարց է, թե արդյո՞ք դրան ինչպես են վերաբերելու մյուս երկրները, հատկապես Ֆրանսիան ու Գերմանիան:

Ուկրաինայի հանդեպ Էրդողանի «հովանոցը» նրանց համար ընդունելի՞ գին է՝ Ռուսաստանին զսպելու Անկարայի գործառույթն ակտիվացնելու դիմաց: Մեզ համար, իհարկե, առավել էական է այն, թե այդ գործառույթը վերստին ակտիվացնելու պարագայում ինչ «գնագոյացումներով» կարող է հղի լինել իրավիճակը մեր ռեգիոնում, Էրդողանի հովանոցի բացվածքն ինչ «ստվեր» է գցելու Կովկասի վրա: