10/03/2025

Մինչեւ որ Հայաստանում քաղաքական գործընթացների արդյունքում տեղի չունենա օրինական իշխանափոխություն …

Օրեր առաջ Հայաստանում ապակառուցողական մի դրույթ էր շրջանառվում, որի իմաստը հետեւյալն էր. քանի որ մեզ չի հաջողվում ընտրություններով իշխանափոխության հասնել, ուրեմն այլ բան չի մնում, քան դա իրականացնել բացառապես փողոցային ընդվզումների միջոցով:

Այսինքն՝ այն եղանակով, որով վերջին առնվազն 4 տարվա ընթացքում քանիցս փորձել ենք եւ ձախողել: Իշխանությունը միշտ կարողացել է ոստիկանական ուժի ու բռնաճնշումների գործադրմամբ չեզոքացնել փողոցային պայքարի վտանգները՝ ընդհուպ մինչեւ 2024թ. հունիսի 12-ի հայտնի դեպքերը, երբ խաղաղ ցուցարարների դեմ կիրառվեցին բեկորային-լուսաձայնային նռնակներ, ինչն արգելված է:

Այդ օրը Բաղրամյան պողոտայում հանրահավաքի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով շուրջ 100 հոգի բեկորային վնասվածք էր ստացել, նռնակների պայթյունից մի քաղաքացու ձեռքն էր կտրվել, մյուսի՝ ոտնաթաթը, երրորդի՝ մատները…

Դրանից հետո էր, որ փողոցային դիմակայության ոգին կոտրվեց, եւ «Սրբազան պայքարը» գնալով մարեց: Մարդիկ տեսան, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունները, հանուն իրենց աթոռների, ընդունակ են ամեն ինչի, մինչեւիսկ՝ արյունահեղության:

Այժմ շրջանառվող դրույթի հետ կապակցված՝ եւ դրան զուգահեռ, տարածվում է եւս մեկ թեզ՝ ըստ որի փողոցային ակցիաների սկզբունքով իրականացվող իշխանափոխությանը կարող են մասնակցել միայն մահապարտները, որոնք համարում են, որ կորցնելու ոչինչ չունեն, այդ թվում՝ իրենց կյանքը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդպիսի մահապարտներ՝ հատկապես վերը բերված դրույթը տարածողների շրջանում, կարծես թե, չկան:

Մեծ հաշվով՝ չկա նաեւ իշխանափոխության նմանօրինակ մեթոդաբանություն: Անգամ ԶՈՒ Գլխավոր շտաբի խռովությունը՝ «հայկական պուտչը», չկարողացավ իրականացնել իշխանափոխություն, այն էլ՝ 44-օրյա պատերազմը դավադրորեն պարտության տարվելուց հետո:

Թե ովքեր եւ ինչու են տարածում ու առաջարկում փողոցային ընդվզումների դրույթը՝ որպես իշխանափոխության գործիքակազմ, քննարկման բոլորովին այլ թեմա է, սակայն բուն խոսույթի հիմնական պատճառներից մեկը ընտրությունների միջոցով իշխանության գալու անհնարինության խնդիրն է:

Ուղղակի ողջ հետանկախական շրջանում գրեթե չի եղել ընտրություններով իշխանություն փոխելու նախադեպ: Վերջին օրինակը 2021-ի հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին, որտեղ վարչական ռեսուրսների գործադրմամբ հաղթեց պատերազմը խայտառակաբար տանուլ տված կապիտուլյանտը:

Լավ, ենթադրենք մահապարտներն իրականացնում են իշխանափոխություն: Բնական է, որ այդ դեպքում իշխանության պիտի գան իրենք՝ մահապարտները, կամ իրենց ետեւում թաքնված ու համապատասխան «ռեսուրս» ունեցող դեմքեր: Կստացվի, որ ՀՀ-ում քաղաքական այդ կարեւոր գործընթացի՝ ընտրության իմաստն ընդամենը մեկ անծրագիր արկածախնդրի փոխարինումն է մեկ այլ անծրագիր մահապարտով:

Բերենք այսպիսի համեմատություն. ինչպես որ հնարավոր չէ ֆիդայիներից կազմավորել կանոնավոր եւ մարտունակ բանակ, այդպես էլ հնարավոր չէ փողոցային մահապարտներից կայուն կառավարման համակարգ ստեղծել:

Մինչեւ որ Հայաստանում քաղաքական գործընթացների արդյունքում տեղի չունենա օրինական իշխանափոխություն՝ հանրային լայն գիտակցված աջակցությամբ՝ լինի այն հերթական, թե արտահերթ ընտրություններում, մենք ապագա չենք ունենա:

Իսկ եթե պարզվի, որ հայ ժողովուրդն, ընդհանրապես, անկարող է օրինական ընտրությունների միջոցով իշխանություն փոխել, ուրեմն, անհրաժեշտություն է առաջանալու խնդրել վերջին արտագաղթողից՝ չմոռանալ անջատել «Զվարթնոց» օդանավակայանի լույսերը: