20/03/2025

Զադնի չենք դնելու, ՀՖՖ նախագահը պիտի հեռանա․ ՖԱՖ ակումբ

«Առաջին հայկական ճակատ» շարժումը (ՖԱՖ) վերջերս տարածել էր հայտարարություն, որով կրկին պահանջում էր ՀՖՖ ղեկավարության հրաժարականը՝ հիմնավորելով նրանց ձախողումները հայկական ֆուտբոլի զարգացման հարցում։

Հրապարակ թերթը գրել է․ Հայտարարության մեջ նաեւ նշվում էր, որ ֆան շարժումները վերսկսելու են ակցիաները Հայաստանի Պրեմիեր լիգայի, Հայաստանի գավաթի եւ այլ խաղերի ընթացքում, ընդհուպ մինչեւ հանդիպումների չեղարկում, մինչեւ որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հրաժարական տա։

Մարտի 1-ին՝ «Փյունիկ»-«Արարատ Արմենիա» խաղի ժամանակ, ՖԱՖ-ի անդամները բոյկոտեցին հանդիպումը՝ խաղի մեկնարկից 4 րոպե անց ներխուժելով դաշտ, պատ կազմելով եւ խափանելով խաղի շարունակությունը։ Նրանք պահանջում էին ՀՖՖ ղեկավարության հրաժարականը։ Քաշքշուկներից հետո կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ՖԱՖ 9 անդամների։

Մինչ այդ, նույն օրն առավոտյան ՖԱՖ-ի մի քանի անդամներ էլ էին բերման ենթարկվել ոստիկանություն։ Մեր տեղեկություններով, նրանց սպառնում էին խուլիգանության հոդված դնել:

Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին՝ այս պահին մեղադրյալներ չկան․ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ  (խուլիգանություն) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Կա 9 ձերբակալված անձ»։ Ուշ երեկոյան հայտնի դարձավ՝ 9 ձերբակալված տղաներն ազատ են արձակվել, բայց քրեական հետապնդումը շարունակվում  է

Առաջին հայկական ճակատի՝ FAF-ի երկրպագուների միավորման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով միջադեպին եւ այն հարցին, թե ֆուտբոլային հանդիպմանը խոչընդոտելն ինչ բացասական հետեւանք է ունենում ակումբների համար, պատասխանեց․ «Առհասարակ, ներքին առաջնության խաղերի ժամանակ, եթե X պատճառով միջադեպ է լինում, այդ պատճառը քննվում է ֆեդերացիայում, հետո որոշում է կայացվում, ֆեդերացիայի կողմից ստեղծվում է հանձնաժողով, կարող են լինել տարբեր որոշումներ․․․ Տղաները խուլիգաններ չեն, մենք 18 տարի լինելով շարժման՝ Հայաստանում ֆան մշակույթի զարգացնողները, միշտ հայտարարել ենք, որ չունենք խուլիգանական բարքեր, մենք երկրպագուներ ենք։ Մենք ունեցել ենք հանդիպում ֆեդերացիայի ներկայացուցչի հետ, բոլորին ասել ենք՝ հաջորդ պահին դուրս ենք գալու, ասել ենք՝ պետք է քննարկենք օրակարգ՝ ֆեդերացիայի նախագահի հրաժարականի վերաբերյալ»։

– Ֆեդերացիայի ներկայացուցչի հետ այդ օրակարգով հանդիպում չի՞ կազմակերպվել։

– Ոչ, չի կազմակերպվել, տղաներին բռնի կերպով հեռացրել են։

– Ձեզ նախապես զգուշացվե՞լ է, որ բողոքի ակցիայի դեպքում բերման են ենթարկելու։

– Երրորդ անընդմեջ ակցիան տեղի ունեցավ, առաջինի դեպքում, երբ իրավապահ մարմինները չխոչընդոտեցին, երկրորդ դեպքում անմիջապես դաշտ մտնելուց հետո՝ առանց որեւէ բանի, բերման ենթարկեցին՝ Չարենցավանում, եւ այս դեպքում եղել է պահանջ՝ դուրս եկեք դաշտից, մենք ասել ենք՝  հանդիպում, նոր դուրս կգանք, բայց հանդիպումը տեղի չունեցավ։

– Քրեական հետապնդումներով փորձում են ձեզ վախեցնե՞լ, դա կնպաստի՞, որ դուք «զադնի դնեք» Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջից։

– «Զադնի դնել» չենք պատրաստվում, ՀՖՖ նախագահը պետք է հեռանա, երկրորդ՝ այս պահին առաջնահերթը տղաներն են, երբ նրանց հանդիպենք ազատության մեջ, ամենայն հավանականությամբ, ասուլիսով կամ հայտարարությամբ հանդես կգանք իրավիճակի, հետագայի հետ կապված։