10/03/2025

Գերեվարված տարեց տղամարդու դուստրն ասում է` հույսը չի կորցնում, որ հայրը տուն է վերադառնալու

Հայ ռազմագերիները Բաքվում խոշտանգվում են` Ռուբեն Վարդանյանի եւ Բակո Սահակյանի լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ նրանք դաժան կտտանքների են ենթարկվում, եւ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունից բացի ոչ ոք չի կարող դրանում հավաստիանալ, որովհետեւ անկախ փաստաբաններ, լրագրողներ, միջազգային հանրության ներկայացուցիչներ չեն կարող այցելել նրանց եւ անաչառ տեղեկատվություն հաղորդել մեզ:

Իսկ Կարմիր խաչն էլ այցելում է, սակայն հրաժարվում է տեղեկություններ տրամադրել, այդ տեղեկությունների հետ կապված հաղորդակցություն իրականացվում է միայն գերիներին պահող իշխանությունների, այսինքն՝ Ալիեւի վարչակազմի հետ, ինչն անիմաստ է դարձնում այդ տեղեկատվության հայթայթումը։

Բակո Սահակյանի ատամնաբույժը «Հրապարակի» հետ զրույցում նշել էր, որ վերջինիս ատամները, նախքան գերությունը, կոտրված չեն եղել, առջեւի բոլոր ատամներն առկա են եղել: Իսկ Ռուբեն Վարդանյանի ճակատային հատվածում եւ դեմքի այլ մասերում կապտուկները խոսում են այն խոշտանգումների մասին, որոնք կիրառվում են նրա նկատմամբ, օրերս միջազգային փորձագետները նշել էին, որ դրանք երկաթե աքցանների հետքեր են, որոնցով լլկել են Ռուբեն Վարդանյանին:

Ազատության հրապարակում արդեն չորրորդ օրը հացադուլ անող «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը երեկ վատացել էր։ Թանդիլյանի կուսակից ընկեր Վարդան Ավագյանը հայտարարեց, որ շտապօգնություն է եկել, Թանդիլյանի մոտ ճնշման տատանում է արձանագրվել, եւ նրան առաջարկել են դադարեցնել հացադուլը։ Թանդիլյանը մարտի 1-ին հացադուլ է սկսել՝ որպես խնդրանք-հորդոր՝ ուղղված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որ նա «դադարեցնի իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող հացադուլը»։

Երեկ կրկին ակցիա արեցին գերիների հարցերով մտահոգ մարդիկ՝ նրանք եղան արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, ապա ուղեւորվեցին Շվեյցարիայի դեսպանություն՝ նամակներ փոխանցելու։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նամակներ փոխանցեց։ Վերջին օրերին քաղաքական գրեթե բոլոր շրջանակներն ինչ-որ քայլեր են ձեռնարկում` գերիների վերադարձին միտված, բացի իշխող ՔՊ-ից, որը գերիների թիվ մեկ պատասխանատուն է, նրանց գերության մեջ հայտնվելու առաջին մեղավորը:

2023 թվականի նոյեմբերի 7-ին Բաքվի դատարանը հրապարակեց արցախցի գերիներից առաջինի՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դատավճիռը։ Նրան 1992 թվականին Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերի մեջ մեղադրեցին, ինչ-որ կեղծ վկաներ բերեցին դատարան եւ դատապարտեցին 15 տարվա ազատազրկման։ Այս մասին մենք իմացանք ադրբեջանական լրատվամիջոցներից, որոնք պարբերաբար հեռարձակում էին դատավարության ընթացքը։ Ազատազրկման առաջին 5 տարին, ըստ ադրբեջանական դահիճ դատարանի կայացրած դատավճռի, Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Հիշեցնենք, որ անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվել փորձող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը Հակարի կամրջի մոտից առեւանգել էր 2023-ի հուլիսի 29-ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի՝ Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծած եղել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ իրականացված «հանցագործություններին»։ Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որեւէ հանցագործություն չի կատարել։ Եվ այն լուսանկարը, որը բերվել է դատարան` ենթադրյալ հանցագործի, իր երիտասարդ տարիների լուսանկարը չէ` այլ անձի լուսանկար է:

Մենք կապվեցինք Վագիֆ Խաչատրյանի դստեր` Վերա Խաչատրյանի հետ։ Նա «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ հայրն ամիսը մեկ անգամ զանգահարում է բանտից, ասում է, որ լավ է: Գերեվարված տարեց տղամարդու դուստրն ասում է` հույսը չի կորցնում, որ հայրը տուն է վերադառնալու։ «Վերջին անգամ խոսել ենք փետրվարի մեջ: Ասում է` լավ եմ, ոչինչ, լա վ եմ: Ընտանիքի բոլոր անդամների հետ խոսում է, ամեն մեկիս հետ` երկու-երեք րոպե, ոչ ավել: Ամսվա մեջ զանգահարում է մեկ անգամ»,- նշեց նա: Հարցին, թե ինչու որեւիցե ակտիվություն չեն ցուցաբերում, օրինակ, Մանե Թանդիլյանն իր բողոքի ձայնը բարձրացնում է հացադուլի միջոցով, Խաչատրյանն ասաց. «Ես լիահույս եմ, որ հայրս անպայման վերադառնալու է, չեմ էլ կասկածում անգամ, գիտեմ, որ անպայման վերադառնալու է, ես այլ տարբերակի շուրջ ուղղակի ի վիճակի չեմ մտածել, իշխանությունների հետ չեմ հանդիպել, ինձ ոչ մեկը ոչինչ չի ասել, սա իմ կարծիքն է: Եկեք չընդարձակվենք, ես շատ վատ եմ զգում ինձ: Ուղղակի չեմ ուզում վատ բան մտածել: Մենք դեռեւս ոչ մի ակցիա չենք նախաձեռնում՝ միայն հորս առողջական վիճակի մասին եմ մտածում: Նա դեղեր է խմում, առողջական խնդիրներ ունի»:

«Հրապարակ». Ամսվա մեջ մեկ անգամ զանգում է, ընտանիքի բոլոր անդամների հետ 2-3 րոպե խոսում է