Օրեր առաջ հայկական ֆուտբոլում տեղի ունեցավ հերթական սկանդալը․ մարտի 1-ին՝ «Փյունիկ»-«Արարատ Արմենիա» խաղի ժամանակ, ՖԱՖ-ի անդամները բոյկոտեցին հանդիպումը՝ խաղի մեկնարկից 4 րոպե անց ներխուժելով դաշտ, պատ կազմելով եւ խափանելով խաղի շարունակությունը։ Դրա նախորդ օրերին էլ նրանք այս մեթոդով իրենց բողոքն արտահայտել էին՝ մի շարք խաղեր տապալելով։
Նրանք պահանջում են ՀՖՖ ղեկավարության՝ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի ու Արմեն Նիկողոսյանի հրաժարականները։ Նախորդ նման միջադեպից հետո նրանց ակտիվիստներին բերման էին ենթարկել ոստիկանություն, մի քանի ժամ պահել ու բաց թողել՝ սպառնալով, որ կրկնվելու դեպքում խուլիգանության հոդվածով գործ կհարուցեն։ Բայց նրանք չէին նահանջել, եւ մարտի 1-ի խաղից հետո էլ քաշքշուկ առաջացավ, կարմիր բերետավորները մտան դաշտ եւ բերման ենթարկեցին ՖԱՖ 9 անդամների, որոնց 72 ժամ պահելուց հետո միայն բաց թողեցին։ 9 անձի նկատմամբ էլ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանության համար: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:
Միջադեպը ստացավ «Հայկական ֆուտբոլի մարտի 1» անվանումը՝ թե՛ ուղղակի, թե՛ փոխաբերական իմաստով։ ՀՖՖ նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանը, անդրադառնալով միջադեպին ու դրան հաջորդած գործողություններին, նկատում է․ «Նախ ասեմ՝ միջադեպը կամ իրավիճակի այն հանգուցալուծումը, որ տվեցին ֆեդերացիայի ղեկավարները, այսինքն՝ սեփական հոգսը, խնդիրները փորձեցին լուծել ոստիկանության միջոցով, դա իրենց առնվազն պատիվ չի բերում։ Ավելին՝ դա իրենց թուլությունն է ու իրավիճակին ոչ ճիշտ գնահատական տալը։ Վերջին հաշվով, ֆուտբոլը ո՛չ ֆեդերացիայի նախագահի համար է, ո՛չ էլ ֆուտբոլիստների համար, ֆուտբոլը ֆուտբոլասերի համար է, իրենք պետք է կարողանան այդ ամեն ինչը գնահատել այդպես։ Հետո՝ բացի դրանից, վերջին ժամանակներում Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն անընդհատ իր մեղքով կոնֆլիկտային իրավիճակներ է ստեղծում ակումբների, առանձին ֆուտբոլիստների, մրցավարների հետ եւ այլն։ Ես մի անգամ չէ, որ ասել եմ ու նորից ուզում եմ կրկնել՝ ինչ կարգի զորեղ ֆեդերացիա էլ լինի, պիտի ակումբի ղեկավարների դերը կարեւորի, քանի որ ֆուտբոլի պատասխանատվությունը ֆեդերացիայի հետ կրում են նաեւ ակումբները՝ որոշակի իրավասություններով։ Այսինքն, նրանց հետ հաշվի պիտի նստեն՝ հարգանքով ու պատկառանքով, ոչ թե Արմեն Նիկողոսյանի հայտնի լոզունգով մոտենան, որ «մեկ ա, մենք դրանց կկզացնենք․․․․։ Ես էլ ասում եմ՝ մեկ ա, վերջում իրենք են կզելու․․․․ ես հիմա իրենց տերմինոլոգիայով իրենց հակադարձեցի»։
Ս․ Աբրահամյանը շատ է կարեւորում ֆուտբոլասերների, երկրպագուների գործոնը հայկական ֆուտբոլում, հատկապես որ․ «Ֆուտբոլասերների միջոցով իրենք շատ հարցեր են կարողացել լուծել, երբ ֆուտբոլասերն իրենց պետք էր․․․․, դա արդեն երկար պատմություն է, երկար խնդիրներ են, ուղղակի իրենք բացարձակ պատասխանատվություն չեն զգում․․․, ո՞նց կարելի է այդ կարգին մասսային, որոնց օգնությամբ իրենք նաեւ եկել են իշխանության, այդ մասսայի նկատմամբ այդ կարգի անպատկառ ու սրիկա լինել։ Ես, ցավոք, այդքան մոտ չեմ եղել ֆուտբոլասերների հետ, բայց նրանց նիստուկացից, խոսելու ձեւից տեսնում եմ, որ նրանցից շատերն ավելի շատ են ցավում հայկական ֆուտբոլի համար, նրանք նկատում են հայկական ֆուտբոլի ողբալի վիճակը, որը պայմանավորված է անփառունակ ղեկավարությամբ, որը մե՛կ ճապոնացի մարզիչ է բերում, մե՛կ չգիտեմ ինչ է անում, այնքան որ մի խնդիր կարողանան լուծել, բայց այդպես չի լինում, նրանք ի զորու չեն անգամ իրավիճակին ռեալ գնահատական տալ եւ հասկանալ, թե ինչ է պետք՝ հայկական ֆուտբոլը քիչ թե շատ նորմալացնելու համար»։
Այն դիտարկմանը, որ ֆեդերացիայի ղեկավարությունը չի հանդիպում երկրպագուների հետ եւ երկխոսելու ցանկություն էլ կարծես չունի, Ս․ Աբրահամյանը պատասխանում է, որ դա թուլության նշան է․ «Բա գնացեք խոսեք, չէ՞ որ դուք էլ եք նրանցից մեկը եղել, մի ֆուտբոլասեր էլ դուք էիք՝ լրագրողի մակարդակով, ի՞նչ տարբերություն, գնացեք լսեք, տեսեք, գնահատեք․․․ իրենք չեն ուզում հասկանալ, որ հայկական ֆուտբոլի վիճակը շատ վատ է, ապագան չի երեւում, թե ինչ պիտի անեն ու ոնց։ Հո մենակ անգլերեն վարժ խոսելով չի՞, ու մեկ էլ՝ ճապոնացի, իտալացի, իսպանացի մասնագետներ բերելով սեփական կշիռը չես բարձրացնի։ Հայկական ֆուտբոլին իրավիճակի ճիշտ գնահատական պետք է տրվի, հարգանքի արժանի են թե՛ մեր մարզիչները, թե՛ մեր ֆուտբոլիստները, թե՛ մեր մրցավարական դպրոցը, որոնք պետք է կատարելագործվեն, ոչ թե «ուստա-ուչենիկ» հարաբերությամբ «ա»-ն փոխի «բ»-ին» «բ»-ն փոխի «գ»-ին, ու այդպես շարունակ, այդպես չի կարելի։ Ոչ մի գիտական միտք չկա, մեր ֆիզկուլտինստիտուտի պոտենցիալը չի օգտագործվում գիտական ուղղություններով, դրա համար էլ ֆուտբոլասերներին իմ զորակցությունն եմ հայտնում, պետք է նրանց լսել, այնտեղ շատ խելոք մարդիկ կան՝ կարգին հարցեր են բարձրացնում, ու եթե ձեր ամեն ինչը ճիշտ է, գնացեք այդ մարդկանց հետ խոսեք, վիճեք, բացատրություն տվեք, վերջին հաշվով, ձեր ժողովուրդը նրանք են, եւ ձեզ վերեւից չեն բերել նշանակել պաշտոնի։ Օրվա խնդրի պատասխանատուն միշտ էլ իշխանություններն են, իսկ այս պարագայում՝ ֆեդերացիան։ Այս վիճակի համար էլ իրենք են պատասխան տալու»։
Աբրահամյանն ասում է՝ փորձում է մեղմ գնահատականներ տալ, որպեսզի «խոսքիս մեջ չարություն, հայհոյանք չլինի, բայց չի կարելի այդպես․․․ մի օրինակ բերեմ՝ Միլանի ֆուտբոլասերներն ակցիա են արել Միլանի ղեկավարության նկատմամբ եւ հայտարարել, որ առաջին 15 րոպեն չեն մտնելու ստադիոն եւ թույլ չեն տալու ստադիոնում խաղն ընթանա 15 րոպե․․․ բայց մեկին այդ ընթացքում ձերբակալեցի՞ն, խելոք սպասեցին, մինչեւ իրենց ակցիան վերջացավ, ու 15 րոպե հետո ֆուտբոլասերն ու ժողովուրդը մտան ստադիոն։ Բա ակցիա է, ի՞նչ եք ուզում։ Հետո՝ ֆուտբոլի տերն իրենք են՝ ֆուտբոլասերը, եւ ուրիշ ոչ մեկը, բայց ո՞նց կարելի էր այդպես վայրենու նման ծեծելով տապալել տղաներին գետնին»,- ասում է ՀՖՖ նախկին նախագահն ու նկատում, որ նախկինում չի եղել այս կարգի որեւէ միջադեպ․ «Այնքան խնդիրներ են եղել նաեւ մեր ժամանակ, բայց մենք ո՞ւմ ենք եկել ու ասել, մենք ինքներս այդ խնդիրները հարթել ենք, ամենա«արյունարբուն» ես էի, բայց անգամ լինում էր, որ ես ժամերով խոսում էի, խնդրում էի ակումբի նախագահին, կամ ինքն էր ինձ ժամերով մի բան բացատրում։ Այսինքն՝ պետք է գործընկերային հարաբերությունները պահել։ Ու հիմա շատ մեծ ցավ ու ափսոսանք եմ ապրում այս ամեն ինչի համար»։
Չնայած շատերը հաշտ չեն ՀՖՖ ղեկավարության հետ, բայց քչերը դատապարտեցին այդ պահվածքը՝ աջակցություն հայտնելով ձերբակալված երկրպագուներին․ ինչո՞վ է բացատրում այս հանգամանքը։ «Դա բացատրում եմ միայն ձերբակալված տղաներին նեցուկ, աջակցություն հայտնած տղաների տղամարդ լինելով, ապրեն «Փյունիկը», «Շիրակը», «Ուրարտուն»․․․, իսկ մնացած բոլորը, որոնք մուծիկուլիի նման սուս են մնում, նշանակում է՝ ինչ-որ անհասկանալի խաղեր են տալիս կամ բավականին արտոնություններից են օգտվում։ Սակայն ֆուտբոլասերն ակումբ-ֆեդերացիա հարաբերությունների մեջ չի մտնում, դա լրիվ ուրիշ կոնտեքստ է, իրենք միահամուռ պետք է դա անեն։ Փառք ու պատիվ Կարեն Շաբոյանին, որ ձայնը բարձրացրեց ու գնաց։ Այսպես պետք է լինի, թե չէ այդ վախկոտ կեցվածքով իրենք էլ են նպաստում այս վիճակին ու դրա համար իրենց անպատիժ են զգում»։
Ս․ Աբրահամյանը վերջում իր խոսքն ուղղում է ֆեդերացիայի ղեկավարությանը․ «Ուզում եմ ասել՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, հանդիպեք այդ տղաների հետ, գնացեք փոխզիջման, որովհետեւ այս սրացումը ոչ մի լավ բանի չի բերելու։ Խնդիրը ո՛չ ֆուտբոլասերինն է, ո՛չ ակումբի ղեկավարությանը, տուժելու է հայկական ֆուտբոլը, առանց այն էլ շատ վատ վիճակում է մեր ֆուտբոլը, բոլոր նվիրյալները թողնում հեռանում են։ Չի կարելի այսպես, պետք է դողալ մեր ակումբների վրա, հակառակ դեպքում դա կբերի այլ վատ հետեւանքների»։
Բաց մի թողեք
Վարդանյանը գիտակցում է վրեժխնդրության ռիսկերը եւ կրում դրանց փաստացի հետեւանքները․ Սիրանուշ Սահակյան
Ինչ են ասել կալանավորները Սրբուհի Գալյանին. Լուսանկար
Հիմա էլ բոլոլան Մեղրի է տեղափոխվել