10/03/2025

Իգդիր-Նախիջևան գազատարը կապահովի էներգետիկ անվտանգություն. Էրդողան

Մարտի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկու երկրի առաջնորդները նաև առցանց հետևել են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը:

Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Էրդողանը հայտնել է, որ Ադրբեջանի հետ սերտ և «եղբայրական» կապեր ունեն, իսկ համագործակցությունը բոլոր ոլորտներում հաջող է ընթանում:

«Մեր երկրների հարաբերությունները շարունակաբար զարգանում են լայն ընդգրկումով՝ պաշտպանությունից մինչև առևտուր»,- հավելել է նա:

Թուրքիայի նախագահը երկկողմ համագործակցության մեջ առանձնահատուկ է համարել էներգետիկայի ոլորտը, որտեղ մի շարք նախագծեր արդեն իսկ իրականացվել են: Նա նաև գոհունակություն է հայտնել Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա նշանակալի ծավալով գազի մատակարարում ապահովելու մասով:

«Այս ոլորտում ռազմավարական և բեկումնային նախագծեր իրագործելու հարցում Ադրբեջանի հետ լիովին ներդաշնակ ենք»,- ասել է նա:

Էրդողանը, անդրադառնալով Իգդիր-Նախիջևան գազատարի գործարկմանը, ընդգծել է, որ այդպիսով ամբողջովին կապահովվի Նախիջևանի բնական գազի պահանջարկը և էներգետիկ անվտանգությունը: Բացի այդ, Թուրքիայի առաջնորդն անդրադարձել է տարածաշրջանային քաղաքականությանը և հավելել, որ «երկու երկրներն էլ միտված են խաղաղության»:

«Վճռական ենք տարածաշրջանային խաղաղությանը, բարօրությանը և հանգստությանն ուղղված ամեն տեսակ նախագիծ կյանքի կոչել»,- ասել է նա:

Էրդողանը վերջում նշել է, որ նմանատիպ գործընթացներն էլ ավելի են ամրապնդելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա հարաբերությունները՝ դրանք որակելով «եղբայրական»: