10/03/2025

Գյումրիում շատ քաղաքացիներ, ովքեր նրան մոտենալու եւ հարցեր տալու ցանկություն ունեին, անգամ 500 մետրից չկարողացան տեսնել

Երեկ Գյումրիում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին ընդառաջ գալա- միջոցառում էր կազմակերպել:

Նիկոլ Փաշինյանն իր ողջ ՔՊ-ական թիմով Գյումրիում էր եւ անձամբ էր միջոցառումը վարում: Նրա երկրաշունչ ճառին հաջորդել է դրամահավաքը, որը ՔՊ-ն նախաձեռնել է Գյումրու և Փարաքարի ավագանիների ընտրությունների քարոզարշավների կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով:

Իշխող կուսակցությունը գործարարներից յուրաքանչյուրից ակնկալում էր մինչև 2 500 000 ՀՀ դրամի նվիրատվություն: Քանի որ ԶԼՄ-ների համար միջոցառումը փակ էր, դրամահավաքի վերաբերյալ տեղեկություններ գրեթե չկան:

Hraparak.am-ի տեղեկություններով՝ դրամահավաքը իրականացվել է օնլայն, որին շատ քիչ թվով գործարարներ են մասնակցել: Միջոցառմանը ներկա մեր աղբյուրի փոխանցմամբ, հատկացված գումարների չափը խիստ հիասթափեցրել է «Քաղաքացիական պայմանագրին», իշխանության ակնկալիքներն ու սպասումները մեծ են եղել, սակայն արդյունքը մտահոգել է նրանց: Մենք գրել էինք նաև, որ հնարավոր է՝ միջոցառմանը մասնակցեն նաև «Մանթաշյանց» գործարարների միության անդամները: Սակայն, պարզվում է, որ չեն մասնակցել։ Այսօր միությունից մեզ տեղեկացրին, որ իրենց կառույցն ապաքաղաքական է եւ նման միջոցառումների իրենք չեն մասնակցում:

Դրամահավաքի մասնակիցների վերաբերյալ հraparak.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռ, Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի խորհրդական, ՔՊ-ական Վահագն Մկրտչյանից: Վերջինս խորհուրդ տվեց սպասել կուսակցության պաշտոնական հայտարարությանը: Նրանից հետաքրքրվեցինք՝ դրամահավաքի արդյունքից գո՞հ են: «Ես իսկապես, ոչինչ չեմ կարող ասել, սպասեք՝  կուսակցությունն այդ մասով էլ հայտարարություն կանի»,-ասաց նա:

Նկատենք, որ ՔՊ կուսակցության պաշտոնական էջում գալա- միջոցառումից միայն լուսանկարներ են տեղադրված եւ Փաշինյանի երկարաշունչ ճառն է հրապարակվել, որը նվիրված է նախկինների թալանին եւ դա հետ բերելուն:

Ինքը՝ Փաշինյանն էլ մի տեսանյութ էր իր էջում տեղադրել, որտեղ արևոտ Գյումրիում իր թիմի հետ զբոսնում է: Մինչ տեսանյութում նրա հետ լուսանկարվում եւ ողջունում են որոշ քաղաքացիներ, նշենք, որ այդ ընթացքում քաղաքը գրեթե պարալիզացված էր ոստիկանական ուժեղ հսկողության պատճառով, եւ շատ քաղաքացիներ, որոնք նրան մոտենալու եւ հարցեր տալու ցանկություն ունեին, անգամ 500 մետրից չկարողացան տեսնել: