Վերջին առնվազն երկու շաբաթների ընթացքում, ինչպես հայտնի է, նախկին՝ երկրորդ և երրորդ նախագահների թիմերը փորձում ու այդպես էլ չեն կարողանում բացահայտել «դարի հանցագործությունը», «առեղծվածն» ու «գլուխկոտրուկը» միաժամանակ՝ «ո՞վ 2018-ին իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին»։
Կեղծիքի ու կոռուպցիայի տաճարում 20 տարի «քրմություն» արած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, մինչդեռ, եթե գեթ մեկ ունցիա անկեղծություն, դա ունենալու պարագայում էլ՝ պարկեշտություն ու բարոյականություն ունենային, այս պրոզայիկ բանավեճը հրահրելու փոխարեն՝ նույնքան ջերմեռանդորեն, որքան իրար են խարազանում, կվերլուծեին ու կարձանագրեին «հետևանքին» նախորդած պատճառները։ Այն է՝ ինչը հանգեցրեց, որ իշխանության գա կամ բերվի Նիկոլ Փաշինյանը: Նախկին նախագահները եթե հենց այս հարցադրումը դարձնեին բանավեճի առանցքը, ապա անխուսափելիորեն կհանգեին միակ պատասխանին՝ հեղափոխությունը հնարավոր չէր լինի, իշխանությունը որևէ մեկին հանձնելու կարիք՝ առավել ևս, եթե իրենց «ունեցած» իշխանությունը ստացված և փոխանցված լիներ օրինական ճանապարհով։ Նրանց բանավեճի առանցքում, մինչդեռ, ոչ թե այն կարևոր հարցադրումն է, թե ինչպես, ինչ հանգամանքներում և ով զավթեց իշխանությունը 1998-ին, ինչն էլ հանգեցրեց հետագա՝ իրենց համար ճակատագրական ավարտին՝ 2018-ին, այլ, թե ով անուշադիր ու անփույթ գտնվեց 1998-ին զավթված ու կեղծված ընտրություններով վերարտադրվելու միջոցով անառիկ պահված «գողոնի» նկատմամբ, ինչի հետևանքով այն անդարձ-անվերադարձ կորսվեց։ 2018-ին տեղի ունեցածը հենց այդ՝ մեկ անգամ ապօրինաբար խլված իշխանությունը օրինական ճանապարհով ժողովրդին վերադարձնելու և այն վերաիրացնելու մասին էր, պարզունակ, անպաճույճ ճշմարտություն, որն այդպես էլ ի վիճակի չեն ընկալել երկրորդ և երրորդ նախագահները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ ստիպված է եղել, ընդ որում՝ ոչ առաջին անգամ, արձագանքել 2018-ին տեղի ունեցած համաժողովրդական պրոցեսի, այսպես ասած, «շառը» իրար վրա գցելու՝ նախկին նախագահների թիմերի լեզվակռվին՝ արձանագրելով. «Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել, միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը։ Դուք ասեք՝ ձե՞զ ով է ժամանակին իշխանության բերել, Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար-ուզուրպատորներ»։ Ի հավելումն՝ Փաշինյանը հաջորդիվ արված գրառման մեջ նկատել է. «Ընտրակեղծարար-ուզուրպատորնե՛ր, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողներն ինչի՞ համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում: Դուք դա չեք ասի, ես ասեմ. որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես: Որ հանգիստ սպասի, նույնիսկ որպես ֆորմալ պետություն, իր գոյությունը դադարեցնելու, լուծարվելու իրեն ուղղված հրահանգին և հնազանդ կատարի այդ հրահանգը: Էն, ինչ դուք անվանում եք դավաճանություն, այս պլանը չեղարկելու դժվար ու դաժան, բայց գնալով իրագործման ավելի մեծ հավանականություն ունեցող մեր փորձն է»։ Նիկոլ Փաշինյանը, որպես ամփոփում վերն ասվածի, հերթական անգամ լուսավորել է անգիտության խավարում խարխափող նախկին նախագահների թիմերին ու նրանց հետևորդներին՝ «ինձ իշխանության ոչ ոք չի բերել: 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին: Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ, և Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա»:
Ի դեպ, թավշյա հեղափոխության ծագումնաբանության հետ կապված բանավեճը նոր չէ և ծավալվում է արդեն 7 տարի, տեղի ունեցած պրոցեսի հետ կապված էլ անցած 7 տարիների ընթացքում բերվել են տարատեսակ վարկածներ, վկայակոչվել առողջ բանականությունը բռնաբարող, ընդհուպ՝ կոնսպիրոլոգիական տեսություններ՝ մասնավորապես հեղափոխության գույնի, կազմակերպիչների և շահառուների մասով։ Ընթերցողը կհիշի, թե ինչպես էր ձայն հանելու ընդունակ ցանկացած առարկա ամենօրյա ռեժիմով աղաղակում, թե «նարնջագույն» հեղափոխությունն արվել է հռչակավոր Ջորջ Սորոսի ծրագրով։ Փչացած երևակայություն ունեցող մի ստվար զանգված էլ, այդ թվում Սերժ Սարգսյանի օրոք դեսպան աշխատած, ՄԻՊ նախկին մի թեկնածու, հեղափոխությունը համարում էր «թուրք-ադրբեջանական»։
Հարկ է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախորդիվ, նախկին նախագահների բացահայտ առճակատումից շատ առաջ՝ 2019-ին, առիթ ունեցել է պատասխանելու «ով արեց հեղափոխությունը» հարցադրմանը։ Մասնավորապես ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Փաշինյանը, անդրադառնալով Սորոսի՝ հեղափոխության հետևում կանգնած լինելուն, նկատեց. կա երկու վարկած. առաջին վարկածն այն է, որ դավադրությունների տեսության հեղինակներն ասում են՝ հեղափոխությունն ինչ-որ տեղ պլանավորվել է, այնտեղ, որտեղ պլանավորվում են ձեզ հայտնի հեղափոխությունները։ Իսկ այնտեղ, որտեղ պլանավորվում են հեղափոխությունները, ըստ Փաշինյանի, պակաս կասկածանքների և տառապանքների մեջ չեն, քանի որ նրանք էլ ասում են՝ չհասկացան, եթե հեղափոխությունն իրենք չեն արել, ապա այդ ով է համարձակվել առանց իրենց թույլտվության որևէ տեղ հեղափոխություն անելու։ «Այնպես որ, բոլոր կողմերին խնդրում և կոչ եմ անում հանդարտվել, որովհետև նրանք, ովքեր եղել են ՀՀ-ում և ոչ թե իրենց կաբինետներում, իրենց աշխատանքային սեղանների տակ մտած, գիտեն՝ ով արեց հեղափոխությունը, և ինչպես դա արվեց։ Հեղափոխությունը եղել է ուղիղ եթերով, և այս պատմությունը մարդկանց աչքի առաջ է տեղի ունեցել»,- ասել էր ՀՀ վարչապետը։ Նա նաև ընդգծել էր՝ հեղափոխությունն արել է հայ ժողովուրդը, «և նրանք, ովքեր ուզում են Սորոս կամ ինչ-որ բան խառնել, նրանք ընդամենն ուզում են վիրավորած լինել հայ ժողովրդի արժանապատվությունը»։ Այդ մարդկանց, ըստ նրա, հայ ժողովուրդն արդեն նետել է պատմության աղբանոցը, որտեղից նրանք դուրս չեն գալու։ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության «կազմակերպիչների» թեմային ստիպված էր անդրադառնալ նաև ՄԱԿ-ի բարձր ամբիոնից՝ 2019-ի սեպտեմբերին։
«Կասկածներ էին արտահայտվում մեր հեղափոխության բնույթի և նպատակների վերաբերյալ: Ոմանք կարծում էին, որ այս հեղափոխությունը հրահրվել է մեր տարածաշրջանում իրենց դիմակայող գլոբալ ախոյանների կողմից: Մյուսները հարց էին տալիս. եթե նրանք չեն այս հեղափոխության հետևում, ապա ուրիշ էլ ով կարող էր դա անել»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. «Այս բարձր ամբիոնից ևս մեկ անգամ ցանկանում եմ հայտարարել, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը կատարվել է իր հպարտ քաղաքացիների կողմից՝ որպես կոռուպցիան, իշխանության չարաշահումը, տնտեսական և քաղաքական ուժի մենաշնորհը, մշտական ընտրակեղծիքներն ու քաղաքական մանիպուլյացիաները մերժելու նրանց կամքի դրսևորում: Պետք չէ գլոբալ տերությունների մրցակցության տեսանկյունից դիտարկել հայ ժողովրդի կամքի արտահայտությունը, որը գերագույն ինքնիշխանության կրողն է մեր երկրում»:
Ինչն է ուշագրավ. Սորոսի անունը հեղափոխությունը «գունավոր» համարողների շուրթերին էր մինչև 44-օրյա պատերազմը, որի ավարտից հետո, սակայն, բոլոր խոսող գլուխներն ու ձայն հանող առարկաները մոռացան Սորոսին։ Նույնիսկ այսօր, նախկին նախագահների թիմերի փոխհրաձգությունների ժամանակ, չեք լսի պոստսովետական երկրներում իբրև թե «հեղափոխություններ ֆինանսավորած» «խորհրդավոր բիձուկի» անունը։ Նախկին ռեժիմի քաղաքա-քարոզչական կոնյունկտուրային այժմ հարմար է հեղափոխությունը համարել թուրք-ադրբեջանական ֆինանսավորմամբ տեղի ունեցած «քայքայիչ միջոցառում», քանի որ ժողովրդի աջակցությունը երբևէ չվայելած, ժողովրդից օրինակարգ եղանակով երբևէ իշխանություն չստացած խմբակը ի վիճակի չէ ընկալել այնպիսի տարրական հասկացություններ, ինչպիսիք են քաղաքացիական գիտակցությունը, կամքը, ազատությունների ու օրինականության, արդարության և սոցիալական հավասարության համար 20 տարի տևած, «դուբինկաներով» ու արյամբ, բանտերով ու քաղաքական իզգոյացմամբ լռեցված պայքարն ու դրա ուշացած, բայց անխուսափելի հաղթանակը։ Նախկին նախագահներն ու նրանց սպասարկող քաղաքական կոնգլոմերատը, որը անողոք պայքար է մղում իշխանությունը նորից զավթելու համար, փաստորեն անցած 7 տարիների ընթացքում այդպես էլ չզբաղվեց ինքնահայեցմամբ, ապաշխարությամբ ու ինքնամաքրմամբ, չգիտակցեց, որ այդքանից հետո է, որ կարող է հավակնել ժողովրդին պատկանող իշխանությունն ստանալուն։
Ի դեպ, այս հարցադրումը՝ ով բերեց Նիկոլին իշխանության 2018-ին, նույնքան ագրեսիվ ու ահարկու տոնով հնչում էր նաև ՀՀՇ-ի իշխանության ֆիասկոյից հետո. այդ ժամանակ էլ հարցադրման հասցեատերը նախկին իշխող էլիտան և դրա ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն էին։ Տեր-Պետրոսյանն, ի դեպ, միայն մոտ 10 տարի անց՝ 2007-ի նոյեմբերին, ստիպված եղավ խոստովանել (https://www.azatutyun.am/a/1591593.html) իր կադրային քաղաքականության մեծագույն սխալի մասին ու, փաստորեն, ավանսով պատասխանել Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արված հարցադրմանը՝ ով իշխանության բերեց Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ «Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վերջին քայլերը տեսնելով, քանի գնում, ես ավելի ու ավելի համոզվում եմ, որ իսկապես ապաշխարության և մեղքերի թողության խնդիր ունեմ: Ուստի, թեև ուշացած, ամենայն անկեղծությամբ ձեզանից ներողություն եմ խնդրում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու և ձեր վզին փաթաթելու համար:
Եթե կադրային քաղաքականության հարցում ես սխալներ գործել եմ, և իսկապես գործել եմ, ապա խոստովանում եմ՝ սա իմ ամենամեծ սխալն է: Ավելին՝ սա սխալ էլ չէ, այլ փորձանք, որ բերել եմ մեր ժողովրդի գլխին: Ուրեմն թույլ տվեք, օգնեք ինձ ձեզ ազատելու այդ փորձանքից»։
Փորձանքից, իհարկե, առաջին նախագահը հայ ժողովրդին ի վիճակի չեղավ ազատագրել ոչ 2008-ի նախագահական ընտրությունների, ոչ 2015-ի «բուրժուադեմոկրատական հեղափոխության» և այդ երկուսի արանքում տեղի ունեցած՝ իշխանափոխության օրակարգով հանրահավաքների միջոցով։ 2018-ի հեղափոխությունը ողջունած և դրան, այսպես ասած, «փայ մտած» ՀԱԿ-ն ու Տեր-Պետրոսյանը, նկատենք, 2021-ին հավակնում էին Սերժ Սարգսյանի և Քոչարյանի՝ «կադրային խոտանի» հետ համատեղ դաշինք կազմել և արդեն միասնական ճակատով իշխանությունից հեռացնել ժողովրդի կողմից իշխանության բերված Նիկոլ Փաշինյանին։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Մոսկվան «մտահոգված է». հրադադարի առաջարկը նման է «ծուղակի». ռուսական աղբյուրներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան․ Բայրամով
Էրդողանը Ալիևի հետ ի՞նչ են քննարկել Հայաստանի հետ խաղաղության գործընթացի առնչությամբ