«Առնետներին պետք է ուղարկել իրենց առնետային նկուղները»․ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ուզում եմ, որ մենք հասկանանք՝ ինչում է այս ընտրությունների քաղաքական ենթատեքստը: Եվ ես ուզում եմ, որ այն մարդիկ, որոնք մեզ քննադատում էին բավարար չափով արագ չգործելու համար, գնան ընտրական տեղամասեր եւ ապացուցեն, որ անկեղծ էին քննադատում: Որովհետեւ այդ անկեղծ քննադատությունը կնշանակի ընդունել, որ «հատիկ առ հատիկ»-ի տրամաբանությունը գործում է, թափանիվն արագացել է, դրա համար էլ ոմանք, հազար ներողություն այս բառիս համար, առնետների նման նկուղներից դուրս են եկել, փողոցներում քայլում են, քաղաքական արշավ են իրականացնում հանուն թալանի, հանուն կոռուպցիայի, հանուն գողացածը ժողովրդին չվերադարձնելու: Եվ մենք նրան պետք է հետ ուղարկենք իրենց առնետային նկուղները, որտեղ իրենք սպասեն եւ սպասեն Հայաստանի ժողովրդի արդարությանն ու արդարադատությանը»,- հայտարարել է Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների առիթով Գյումրիում ունեցած ելույթում։
Երեկ Նիկոլ Փաշինյանը նաեւ արձագանքեց ընդդիմության ներսում ծավալված վեճին, թե «ով է բերել Նիկոլին», եւ հայտարարեց, թե ժողովուրդն է իրեն իշխանության բերել: Մանիպուլյացիաների մեծ սիրահար Փաշինյանը նաեւ խոսել է նախկինների թալանից` խոստացել «յաշիկ առ յաշիկ» նախկիններից հետ բերել գողոնը:
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարություններին, նկատում է. «Նիկոլ Փաշինյանը, իր բանուգործը թողած, այսօր առավոտից 4-5 ստատուս է գրել: Դրա պատճառը երեկ Գյումրիում տապալված այցն է: Իշխանությունն ինչքան էլ որ ցանկացավ «մասսովկա» ապահովել, նույնիսկ հրապարակը մաքրել էին շարքային գյումրեցիներից, որ իրենց «մասսովկա» աշխատող անձինք լինեին այնտեղ, սակայն անգամ այդ մեծ ճիգերից հետո այցը տապալվեց: Ես միշտ ասում եմ` Նիկոլը «իդիոտ» չէ, նա շատ լավ հասկանում է ամեն ինչ: Գյումրին Փաշինյանի բաստիոններից մեկն էր համարվում` Արմավիրի, Մարտունու եւ Վարդենիսի հետ միասին, սակայն այդ ամենը ջախջախված է: Նա էլի ընկավ անադեկվատ հոգեվիճակի մեջ, նորից իր տհաճ բառապաշարը գործի դրեց, քաղաքական հակառակորդներին անվանեց «առնետներ», ի դեպ, սա «շինելու», մուրճով լռեցնելու շարքից է:
Երբեմն Նիկոլի թիմից ինչ-որ մարդիկ խոսում են ընդդիմության բառապաշարից, սակայն նախ պետք է Նիկոլի բառապաշարին ուշադրություն դարձնեն, ի վերջո, այդ քաղաքական բառապաշարը մեր իրականություն ներմուծեց Նիկոլ Փաշինյանը: Հիմա էլ խոսում է ժողովրդի մասին, ասում է, թե ժողովրդի պահանջով կհեռանա: Ես չգիտեմ, թե նա ինչ ժողովուրդ է ման գալիս, որպեսզի հրաժարական տա: Դժվար է հասկանալը, թե նա ժողովուրդ ասելով ում նկատի ունի: Ես մի անգամ դիմել եմ այս հարցով իրեն, նշել, որ հստակեցնի, թե իր համար ժողովուրդն ով է, քանի որ այլեւս բոլոր սեգմենտները պահանջում են իր հրաժարականը, միայն իշխանական կերակրատաշտից օգտվող ինչ-որ մարդիկ են աջակցում իրեն:
Բայց անգամ կերակրատաշտից օգտվողները զզվում են իրենից, մի կերպ են հանդուրժում իրեն: Ես սկսել եմ հետեւել Հովիկ Աղազարյանի հրապարակային խոսքին, թեպետ չեմ հարգում նրան: Նա այնպիսի բաներ է պատմում ՔՊ-ի ներքին խոհանոցից, որ ուղղակի զարհուրում եմ: Նույնիսկ ասում է` Աստծուց ավելի շատ են խոնարհվում Նիկոլի առաջ, ուղղակի աբսուրդ է: Բառեր չես գտնում՝ այդ տոտալիտար աղանդի մասին խոսելու համար: Այդ ամենը կազմաքանդում է Հայաստանի Հանրապետությունը: Գալու է մի պահ, որ ՔՊ-ականները մեզ են դիմելու՝ իրենց նիկոլաթրաֆիքինգից փրկելու համար: Այնպես որ, ես չգիտեմ, թե որն է Նիկոլի պատկերացրած ժողովուրդը: Նրա վարկանիշը պատմական մինիմումի վրա է գտնվում, եւ նա շատ լավ հասկանում է, որ իր վիճակը շատ վատ է: Խոսում է նորից թալանից ու յաշիկներից: Ես դիմում եմ իրեն` յաշիկները վերադարձնել կարող են շատերը, դու կարո՞ղ ես վերադարձնել թուրքին հանձնածդ Արցախը, 12 քաղաք, 243 գյուղ, 385 եկեղեցի, 5 հազարից ավելի մշակութային կոթողներ, դպրոցներ: Կարո՞ղ ես վերադարձնել Տավուշի բնակավայրերը, որոնք հանձնեցիր ամիսներ առաջ:
Միլի մեջլիսի հայտարարություններին թող պատասխանի, ի վերջո, եթե այդքան դուխ ունի: Հաջիեւը` Ալիեւի օգնականը, 2 օր առաջ հայտարարեց, որ եթե Հայաստանն ազնիվ է խաղաղություն հաստատելու հարցում, ապա պետք է իրենց հանձնի բոլոր պատերազմների մասնակիցներին: Այսինքն` հայրենիքի համար պայքարած զինվորներին, հերոսներին է անգամ Բաքուն պահանջում Նիկոլից: Եթե այդքան դուխ ունի, թող պատասխանի դրանց, հակառակ դեպքում «նախկին» բառից անգամ նավթալինի հոտ չի գալիս արդեն: Անգամ նիկոլականներն արդեն այդ լոլոներին չեն հավատում: 2018-ից առաջ գարեջրատներում «պիվա» խմողներն այսօր դղյակներ ունեն, հսկայական ունեցվածք ունեն, այնպես որ, եթե Նիկոլը որոշել է թալանը հետ բերել, թող նայի իր մերձավոր շրջապատին եւ կտեսնի, թե որտեղ է իրական թալանը»:
Բաց մի թողեք
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնի համար ամենաբարձր միավորները ստացել է Արգիշտի Քյարամյանի սանիկը․ Լուսանկար
754 հազար 839 քաղաքացուց հայտարարագիր է լրացրել 69.000-ը
«Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով