Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի ուզում հրաժարվել իր արատավոր լեքսիկոնից, օրենքը բացահայտորեն եւ ամենօրյա ռեժիմով խախտելուց` ինչպես 2018-19 թվականներին էր շարունակաբար անմեղության կանխավարկածը խախտում եւ քրեական չավարտված, անգամ չհարուցված գործերով հայտարարություններ անում, այնպես էլ հիմա:
Ի՞նչ եղան ապօրինի որդեգրումների, դասալիքների, Սաշիկի 50/50-ի, արագաչափերի եւ շատ ուրիշ «հանցագործությունների» մասին հայտարարությունները: Ոչինչ չապացուցվեց, եւ պարզվեց, որ երկրի ղեկին նստած մարդը պարզապես անպատասխանատու, սեփական խոսքի արժեքը եւ իր լիազորությունների սահմանները չգիտակցող անձնավորություն է, որի ամեն հայտարարությունը մեծ վնասներ է պատճառում երկրին:
Ոչ միայն զուտ հեղինակության վնասներ, այլեւ հսկայական համակարգեր գործի են լծվում, ահռելի ռեսուրսներ ծախսում նրա ասածն ապացուցելու, ռեալիզացնելու վրա, բայց ոչինչ չի ստացվում, որովհետեւ տակը բան չկա: Սակայն այս հայտարարությունների վնասը միայն այդքանը չէ` հանրությունն ամեն մի նման հայտարարությունից ընկնում է ցնցումների մեջ, հեռուն գնացող հետեւություններ անում, իսկ երբ պարզվում է` տակը բան չկա, ոչ բոլորն են այդ մասին իմանում:
Եվ այսպես` 7 տարի շարունակ հանրության նյարդերի, զգացմունքների, մտքի, կողմնորոշման հետ խաղ են խաղում: Ստիպում ատել կոնկրետ մարդկանց, խոստումներով կերակրում, աշխատանքի ու արդարադատության իմիտացիա ստեղծում:
Իսկ այդ կեղծիքի, ստի, մանիպուլյացիաների իրական պատկերը հասարակությունը շատ ուշ է գիտակցում: Հիմա, իհարկե, հիմնականում արդեն հասկացել են, որ պետք չէ Փաշինյանի ասածներին, գոնե մեծ մասին, լուրջ վերաբերվել եւ հավատալ: Բայց ինչքա՜ն կորուստներ ունեցանք այս ճշմարտությունը բացահայտելու ճանապարհին:
Արմինե Օհանյան; Հրապարակ
Բաց մի թողեք
Հայաստանը՝ փոփոխվող աշխարհում․ Ավետ Ադոնց
Բաքվում պահվող հայերի համար կարող ենք ընտրել գործողությունների երկու սցենար
Հայրաքաղաք Գյումրին արժանի պատասխան կտա․ Մոր խոսքը մեղմ է, մոր ապտակը ծանր չի լինում, հոր ապտակն է ծանր