«Հրապարակ»-ի զրուցակիցն իրանագետ, Կովկասի հարցերով փորձագետ Մաջիդ Քարիմին է:
– Հայաստանի վարչապետն օրեր առաջ ծավալուն հոդվածով իր տեսակետներն էր ներկայացրել, այսպես կոչված, կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ եւ նույն օրը իրանական հեռուստաընկերությանը հարցազրույց տվեց` հավաստիացնելով, որ երրորդ երկրների ներգրավվածության վերաբերյալ գրավոր ու բանավոր պարտավորություն չի ստանձնել։ Իրանի համար վստահելի՞ են այդ հավաստիացումները, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ Փաշինյանի ստորագրությունը կա։
– Նախ՝ մենք գիտենք, որ Հայաստանը՝ որպես հազարամյա պատմություն ունեցող երկիր, բոլորից լավ գիտի, թե ինչն է իր շահերի համար օգտակար: Ես հույս ունեմ, որ Հայաստանի հարաբերությունները Բաքվի եւ Թուրքիայի հետ կլինեն բարեկամական եւ կայուն: Իմ կարծիքով՝ Հայաստանի բարեկամությունը Բաքվի եւ Թուրքիայի հետ որեւէ կերպ չպետք է անհանգստացնի Իրանին։ Երկրորդ․ ես ավելի շատ կենտրոնանում եմ Թուրքիայի քաղաքականության վրա Կովկասում, քան Բաքվի, քանի որ այն ավելի որոշիչ դեր ունի: «Զանգեզուրի միջանցքի» կամ անցման հարցը համարում եմ Բաքվի եւ Անկարայի համատեղ խաղ, քանզի Բաքվում հիմնական որոշում ընդունողը Թուրքիան է, եւ ես միշտ այս հարցը դիտարկում եմ Թուրքիայի տեսանկյունից, թեեւ Բաքուն նույնպես դեր ունի։
Այս երկու կետերը նախաբան են՝ Ձեր հարցին պատասխանելու համար։ Հաղորդակցության միջանցքի անվտանգության մեխանիզմներն ու կազմակերպումը շատ կարեւոր են եւ միեւնույն ժամանակ՝ անհանգստացնող։ Կազմավորվել է սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողով՝ Բաքվի եւ Երեւանի միջեւ համաձայնագրի պայմանները հաստատելու համար։ Այս հանձնաժողովի աշխատանքը ծայրաստիճան զգայուն եւ որոշիչ է միջազգային իրավունքի տեսանկյունից։ Որովհետեւ Թուրքիան եւ Բաքուն հետագայում կարող են մեկնաբանել այս համաձայնագրի դրույթներն այնպես, ինչպես հրադադարի հայտարարությունը եւ կեղծ պատրվակներով ներքաշել Հայաստանը նոր հակամարտությունների մեջ։ Բաքուն միշտ ցանկացել է, որ որեւէ երրորդ երկիր չմիջամտի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին։
Մենք գիտենք, որ Հայաստանի վարչապետն ասել է, որ որեւէ գրավոր կամ բանավոր պարտավորություն չի ստանձնել Մեղրիի ճանապարհների բացման հարցում այլ երկրների միջամտության վերաբերյալ։
Այս հայտարարությունը հստակ չէ, այսինքն՝ պարզ չէ, թե ինչ նկատի ունի նա։ Այստեղ կա չորս հնարավոր տարբերակ, որոնք վարչապետը թերեւս ակնարկում է. Ռուսաստան եւ Ամերիկա, եվրոպական երկրներ, Թուրքիա, Իրան: Հաջորդ հարցն այն է, թե ինչպիսի միջամտության մասին է խոսքը՝ ամբողջ երթուղո՞ւ անվտանգության ապահովում, սահմանի երկու կողմերում սահմանապահների ու մաքսային հսկողության ապահովո՞ւմ, ներսում գտնվող տրանսպորտային միջոցների անվտանգության հսկողությո՞ւն։
Այս երթուղու պայմանների իրավական մեխանիզմները մշակող հանձնաժողովը պետք է զգոն լինի եւ խորհրդակցի միջազգային իրավաբանների հետ։ Բոլոր մանրամասները պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն։ Մեղրիի ներսում գտնվող երթուղու անվտանգության հարցը նույնպես շատ կարեւոր է։ Իրանն ունի որոշ մտահոգություններ։ Նախ՝ այս ճանապարհի անվտանգությունը չպետք է հանձնվի Իրանի թշնամական առանցքի երկրներին, նույնիսկ եթե Բաքուն երբեւէ դառնա այդ առանցքի մաս։ Երկրորդ․ քանի որ Մեղրիով ճանապարհը 46 կմ երկարությամբ անցնում է Իրանի սահմանին շատ մոտ, Իրանն իրավունք չունի անտարբեր մնալ։ Երրորդ․ Իրանը պաշտոնապես դեմ է Զանգեզուրի միջանցքին եւ, բացի այդ, հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պետք է մտահոգված լինի այս երթուղում Թուրքիայի ազդեցության եւ ներթափանցման աճով։
– Ադրբեջանն անխոչընդոտ ճանապարհ է ուզում, ՀՀ վարչապետը խոսում է պարզեցված ընթացակարգերի մասին։ Ինչպիսի՞ն է Թեհրանի մոտեցումը, արդյո՞ք ռիսկ չկա, որ այդ պարզեցումների անվան տակ Ադրբեջանն անվերահսկելի ճանապարհ կստանա։
– Անկասկած, այո։ Բայց որպես Կովկասի պատմության եւ աշխարհաքաղաքականության փորձագետ՝ իմ հիմնական մտահոգությունն այն է, որ Թուրքիան եւ Ադրբեջանն ունեն լայնածավալ ծրագրեր՝ շրջանցելու եւ շրջափակելու Հայաստանը, ինչն անմիջական սպառնալիք է Իրանի համար։ Նայեք Սյունիք-Զանգեզուրի պատմությանը 1916-1921 թվականներին. Բաքուն, օսմանյան եւ Կարմիր բանակի ուժերը բազմիցս հարձակվել են Սյունիքի վրա, բայց Գարեգին Նժդեհը կարողացել է պաշտպանել այն։ 1918 թվականին «Ադրբեջանի Հանրապետություն» կոչվող կեղծ պետության ստեղծումը հակաիրանական եւ հակահայկական սեպարատիստական նախագիծ էր եւ մեծ վնաս հասցրեց նաեւ Արցախի ու Նախիջեւանի հայությանը։ Մենք տեսանք, թե ինչպես հարյուր հազար անմեղ հայեր մեկ գիշերում ստիպված եղան լքել իրենց հայրենիքը եւ ապաստան գտնել Գորիսում ու, առհասարակ, Հայաստանում։ Ես չեմ խոսում 1914-1918 թթ․ հայերի կոտորածների մասին, այլ նախընթաց երեք տարիների հանցագործությունների։ Վաղ թե ուշ՝ պետք է հաստատվեն բարեկամություն եւ խաղաղություն, բայց ի՞նչ պայմաններով եւ ինչպիսի՞ երաշխիքներով։ Թուրքիան այնպիսի խաղացող չէ, որ դադարի տարածքներ զավթելը։
– Շատ է խոսվել Իրանի կարմիր գծերի մասին, դրանք շարունակո՞ւմ են պահպանվել։
– Միանշանակ՝ այո։ Սյունիքում եւ Նախիջեւանում միջազգային սահմանների ցանկացած փոփոխություն պետք է լինի կարմիր գիծ Իրանի համար։ Եվ կարծում եմ, որ Իրանի դիրքորոշումը չի փոխվի։ Ավելին՝ Իրանն այլեւս չպետք է բավարարվի Բաքվին եւ Թուրքիային ուղղված նախազգուշացումներով, այլ պետք է շտապ Հայաստանի հետ ստորագրի համատեղ պաշտպանական համաձայնագիր։ Իրանը պետք է ավելի լուրջ քայլեր ձեռնարկի՝ կայունացնելու Իրան-Հայաստան բարեկամական սահմանները, եւ ուժեղացնի իր ռազմական ներկայությունը Սյունիքի սահմանամերձ շրջանում եւ Նորդուզի սահմանային անցակետում։ Այս տարածքը հազարավոր տարիներ եղել է Իրանի պատմական սահմանը։ Հիմա պետք է թո՞ւյլ տանք, որ Թուրքիան խաթարի Իրանի միակ պատմական ճանապարհը դեպի Կովկաս կամ աննկատ, աստիճանաբար խլի տարածքներ։ Եվ տասնամյակներ անց Թուրքիան եւ Բաքուն կհայտարարեն, թե «սա մեր պատմական ճանապարհն է, մենք իրավունք ունենք այն վերահսկելու»։ Կամ՝ Նախիջեւանից մի խումբ կգա, կփակի ճանապարհը եւ սաբոտաժ կիրականացնի։ Կամ՝ դանդաղ, ահաբեկչության տեսությամբ կստիպեն Սյունիքի բնակչությանը հեռանալ, ինչը կստեղծի խոցելի աշխարհագրություն թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար։
– Հաշվի առնելով գլոբալ տրանսֆորմացիաները, ինչպե՞ս եք գնահատում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, այսպես կոչված, միջանցքն ուժով բացելու հնարավորությունը։
– Թրամփի գալուստով մենք ականատես ենք լինում Թրամփի տիպի նոր աշխարհակարգի ձեւավորմանը։ Թրամփը հայտարարել է հակագլոբալիզացիոն քաղաքականության մասին եւ այլեւս պատրաստ չէ որեւէ բան անել միջազգային անվտանգության համար, եթե դա ուղղակիորեն կապված չէ ԱՄՆ անվտանգության եւ շահերի հետ։ Այս կարգը մի քանի ցուցանիշ ունի. նախ՝ Թրամփը ցանկանում է նոր կարգեր հաստատել Ռուսաստանի հետ համագործակցությամբ՝ գլոբալ խնդիրների լուծման համար։ Երկրորդ․ Թրամփը ցանկանում է նոր կարգեր հաստատել Մերձավոր Արեւելքում՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի եռակի առանցքով: Երրորդ․ նա ցանկանում է զսպել միջուկային Իրանը եւ մեծացնել տնտեսական ճնշումն ու պատժամիջոցները։ Եթե նա հաջողի այս երեք հարցերում էլ, ապա մենք պետք է անհանգստանանք Կովկասի համար։ Որովհետեւ Թրամփը լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, եւ Թուրքիայի ձեռքն ավելի բաց կլինի Կովկասում, եւ գուցե Ռամազանից հետո` գարնանը, իրադարձություններ տեղի ունենան Կովկասում։ Ուստի կարծում եմ, որ Իլհամ Ալիեւն ավելի շահագրգռված է, քան Հայաստանը, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չստորագրվի։ Որպեսզի նա ավելի լավ զիջումներ ստանա Զանգեզուրի տարածքում։ Սա նախազգուշացում է ե՛ւ Իրանի, ե՛ւ Հայաստանի համար։
– Այդ ծրագրի (միջանցքի) շահառուն/շահառուներն ովքե՞ր են եւ ի՞նչ խնդիր են լուծում։
– Նախ՝ Թուրքիան: Երկրորդը Բաքուն է։ Ինչո՞ւ։ Ես նկատի ունեմ ծայրահեղ ռազմավարական փաստը. Բաքուն շրջապատված է Ռուսաստանով, Վրաստանով, Հայաստանով եւ Իրանով։ Սահման չունի Սեւ ծովի եւ Թուրքիայի հետ։ Եթե այն կապված լինի Նախիջեւանի հետ, ապա այս երկրի աշխարհաքաղաքական իրավիճակն ավելի կուժեղանա, եւ Բաքվի ռազմավարական խորությունը կհասնի Թուրքիա՝ Իգդիրում։ Կարծում եմ, որ դրանից կշահեն նաեւ Չինաստանն ու Եվրոպան։
– Իրանի դեմ հնարավոր ագրեսիայի հավանականությունն ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով ԱՄՆ-ից ստացվող ուղերձները եւ իրավիճակը Մերձավոր Արեւելքում:
– Դժվար է կանխատեսել, որովհետեւ մենք՝ փորձագետներս, չունենք կուլիսային բոլոր տվյալներն ու տեղեկատվությունը։ Ուստի, մեր գնահատականը շատ ճշգրիտ լինել չի կարող։ Բայց ես կարծում եմ, որ բանակցությունները կշարունակվեն այլ կերպ։ Համաձայն եմ, որ ճնշումները կմեծանան, եւ այլ պատժամիջոցները ճանապարհին կլինեն։ Իմ կարծիքով, իրանական միջուկային խնդիրը դեռ պետք է քննարկել ու բանակցել, եւ դեռ բոլոր ճանապարհները փակված չեն։ Իրանը կարող է աշխատել եվրոպացիների եւ այլ կողմերի, այդ թվում՝ ռուսական կամ արաբական կողմերի հետ։ Հարձակումը կարող է ունենալ լայնածավալ հետեւանքներ, որոնք անկանխատեսելի են:
– Եվ վերջում՝ Սիրիայի մասին․ ի՞նչ ուժեր են կանգնած այնտեղ բախումների հետեւում, ինչպե՞ս կազդեն այդ զարգացումները տարածաշրջանի վրա:
– Սիրիան առաջիկա 5 տարիներին կունենա երերուն կառավարություն եւ լարվածություն. Թուրքիան դոմինանտ է մնալու առաջիկա 5 տարիներին, սակայն Սիրիայի միասնությունն արագ չի ապահովվի, եւ քրդերը, ալավիներն ու դրուզները կհետապնդեն իրենց իրավունքները։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ Սիրիայի միասնությունը չի բխում Թուրքիայի շահերից, որովհետեւ Սիրիայում հզոր արաբական պետությունը, ինչպես Հաֆեզ ալ-Ասադը, տասնամյակներ շարունակ խնդիր է եղել Թուրքիայի համար: Ուստի, ուժեղ եւ անկախ սիրիական պետությունը ձեռնտու չէ Թուրքիային։ Երկարաժամկետ հեռանկարում (գուցե մոտակա 10-20 տարում) արաբական շարժումը եւ արաբական ազգայնականությունը կբարձրանան Թուրքիայի դեմ եւ կմիանան քրդերին, իսկ Դիարբեքիրում Քրդստանի շարժումը կհասնի կրիտիկական փուլի։ Սա իմ կանխատեսումն է։ Սիրիան մեծ եւ զգայուն անցք է արաբական Մերձավոր Արեւելքում՝ ով այս փոսն ընկնի, լուրջ փորձանքի մեջ է լինելու։
Բաց մի թողեք
Սրբազանն ում կփոխանցի շարժումն առաջնորդելու ջահը
Գյումրու ՔՊ թիմը պառակտվում է. Կարեն Սարուխանյանը լուրջ «դեբոշ» է սարքել
Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը