23/03/2025

ՀՀ կառավարման համակարգը Հայաստանում միապետական է եղել առաջ եւ այդպիսին է հիմա

Մի քանի տարի առաջ հարց էի տվել՝ ինչո՞վ է Բայդենին երկրպագելն ավելի լավ, քան Պուտինին: Երիտասարդ գործընկերներիցս մեկը դրան պատասխանել էր՝ տարբերությունն այն է, որ Պուտինը տանում է դեպի բռնապետություն եւ գաղութացում, իսկ Բայդենը՝ դեպի ազատություն եւ զարգացում:

Այդ տեսակետի մեջ ոչ մի արտառոց բան չկա՝ ես էլ էի 10 տարի առաջ այդպես մտածում: Իսկ վերջին տարիներին համոզվեցի, որ ոչ ոք ոչ մեկին ոչ մի տեղ «չի տանում»: Բոլորը գնում են իրենց ճանապարհով՝ իհարկե, այս կամ այն ժամանակահատվածում ունենալով ժամանակավոր դաշնակիցներ:

Թե որքան ժամանակավոր են այդ դաշնակիցները, համոզվեցինք մենք՝ 2020-2023 թվականներին, իսկ հիմա համոզվում են ուկրաինացիները: Արդյոք կարելի՞ է ասել, որ ռուսները՝ մեզ, իսկ ԱՄՆ-ը՝ ուկրաինացիներին «ինչ-որ տեղ էին տանում»: Ոչ, մենք էինք գնում:

Պե՞տք են արդյոք ուղենիշներ՝ որեւէ տեղ գնալու համար: Արժեքային առումով, անշուշտ, պետք են: Օրինակ, ես ուզում եմ, որ Հայաստանը լինի հանրապետություն: Մինչդեռ կառավարման համակարգը Հայաստանում միապետական է եղել առաջ եւ այդպիսին է հիմա:

Երբեմն թյուրիմացաբար կարծում են, որ միապետության ժամանակ իշխանությունը կարող է ձեւավորվել միայն ժառանգական կարգով: Ոչ, պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ միապետերն ընտրվել են: Միապետությունը մեկ մարդու իշխանություն է, ինչի հետ գործ ունենք այսօրվա Հայաստանում: Բայց ուղենիշներ՝ որպես կոնկրետ երկրների կամ տարածաշրջանների օրինակներ, գոյություն չունեն: ՌԴ Պետդումայի 1999 թվականի ընտրություններին մասնակցում էր «Աջ ուժերի դաշինքը», որի կարգախոսն էր՝ «Ուզո՞ւմ ես ապրել՝ ինչպես Եվրոպայում: Ուրեմն ձայն տուր մեզ»:

Մնում էր պարզել, թե ինչ է նշանակում «ինչպես Եվրոպայում»՝ բնութագրիչները չափազանց տարբեր են: Շատերը Հայաստանում նույնպես մտքի մեջ ունեն ինչ-որ մի «օրինակելի» երկիր: Հասկանալի է, որ այդ նախընտրելի երկրների ցանկում հիմնականում Արեւմտյան Եվրոպայի երկրներն են կամ ԱՄՆ-ը:

Չեմ լսել, որ որեւէ մեկն ասի՝ «ուզում եմ ապրել, ինչպես Սինգապուրում, Քաթարում, Էմիրություններում կամ Բրունեյում», որքան էլ դրանք հարուստ երկրներ լինեն: Իսկ ի՞նչ է նշանակում՝ ուզում եմ ապրել, ինչպես ԱՄՆ-ում: Թրամփի նման նախագա՞հ ունենալ:

Կամ՝ գուցե սպասվող համաշխարհային նոր կատակլիզմներից հեռու մնալու համար ուզենանք ապրել «ինչպես Նոր Զելանդիայո՞ւմ»: Չգիտեմ, ում համար ինչպես, բայց ինձ դա բացարձակապես հետաքրքիր չի:

Հայաստանում հնարավոր է ապրել միայն… ինչպես Հայաստանում՝ մեր թերություններով, մեր առավելություններով: Եթե ուզում եք՝ մեր խաչով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am

Translate »