Իսկ հայ հասարակությունն այսօր հիշո՞ւմ է Լևոն Հայրապետյանին, նրա նվիրվածությունը հայրենիքին, նրա պայքարը, նրա սերը՝ հանդեպ հայ ժողովրդի, չեմ կարծում…
MediaHub Այսօր հայ մեծանուն բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի ծնունդն է։ Նա կդառնար 76 տարեկան։
Լևոն Հայրապետյանը ծնվել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, գիտակցական ողջ կյանքը, սակայն, անցել է Ռուսաստանի Դաշնությունում։ Հայրապետյանը հեռվից ավելին է արել, քան հայրենիքում ապրողները։ Նա բազմիցս իր հարցազրույցներում ասել է, որ դա այն մինիմումն է, որ նա կարող էր անել Արցախի ու Հայաստանի համար։
«Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտից Երևան, Մարտակերտից Սյունիք։ Գործարարի միջոցներով 2000-ականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը՝ համապատասխան ենթակառուցվածքներով։ Կառուցվել է փայտամշակման գործարան, տասնյակ ընտանիքներ ապահովվել են աշխատանքով, Վանքում բացվել է չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, հանրակրթական ժամանակակից դպրոց, երաժշտական դպրոց ու մանկապարտեզ, հիվանդանոց։ Լևոն Հայրապետյանը իր վրա է վերցրել նաև «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության, ջրամբարների կառուցման ծախսերը։ Չեմ կարող դրանք բոլորը թվարկել հիմա, բայց եզակի հայ էր»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Հայրապետյանի բարեկամ, արմատներով վանքեցի երևանաբնակ Արմեն Չիլինգարյանը։
Մեր զրուցակիցը երանությամբ է հիշում Հայրապետյանի ակտիվ գործունեության տարիները։ 2000-ականներին տարբեր երկրներից պատվիրակություններ էին այցելում Հայաստան, հետո տեղափոխվում Արցախ։ Ամեն անգամ Հայաստան այցելելիս, նրա մոտ նոր հայրենաշեն գաղափարներ էին ծնվում, որոնք կարճ ժամանակահատվածում վերածվում էին գործի։
«Հաշվի առնելով իմ ու իր մտերմությունը, եթե չասենք բարեկամական, այլ ավելի շատ ընկերական, ինձ հետ կիսվում էր իր մտահղացումներով։ «Մեծ հարսանիք»-ի գաղափարը միայն մեծ մարդկանց մտքում կարող էր ծագել։ Ասեց ու արեց»,- ասում է Չիլինգարյանը։
2008 թվականի հոկտեմբերի 16-ին, Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում և Գանձասարի վանական համալիրում բարերարը կազմակերպել է նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։
«Մեծ անհատականություն էր։ Այսօր մեր շատ ու շատ գործարարներ ծառայում են անձերի, որպեսզի պինդ պահեն իրենց եկամուտները։ Լևոնն այդպիսին չէր։ Նա անում էր ամեն հնարավորը, որ փոխի հայ ժողովրդի կյանքի որակը»։
2014 թվականի հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Լևոն Հայրապետյանին ձերբակալել են։ Մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին՝ անազատության մեջ։
«Ես հետևում եմ Բաքվում տեղի ունեցող մեր հայրենակիցների դատավարություններին։ Ռուբեն Վարդանյանին հաճախ նույնացնում եմ Լևոն Հայրապետյանի հետ։ Մենք կարող ենք դրա համար անընդհատ մեղադրել Ռուսաստանին, Վլադիմիր Պուտինին, Ադրբեջանին ու մյուս երկրների առաջնորդներին, բայց մեր առաջին թշնամին մեր ժողովրդի անտարբերությունն է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան; Mediahub.am
Բաց մի թողեք
Ընտրությունը փակ է լինելու, սակայն կան շատ լավ թեկնածուներ․ Բաբայան
Համախմբվածությունը ոչ թե իշխանությանը հեռացնելու հարցում պետք է լինի, այլ, թե ինչ ենք ուզում. Մանուկյան
Եթե Թրամփը հաջողի երեք հարցերում, ապա մենք պետք է անհանգստանանք Կովկասի համար․ Մաջիդ Քարիմի